Կարեն Ասմարյան․ Լավ զույգեր ենք ունենում, բայց բանակը խանգարում է նրանց մարզական կարիերային

10:06   4 հուլիսի, 2025

Հայկական վոլեյբոլում ամեն տարի տղաների լավ զույգեր ենք ունենում, բայց բանակը, երկրից հեռանալը խանգարում են նրանց մարզական կարիերային: Ամեն տարի սպասում ենք լավ արդյունքի, բայց ինչ-որ բան միշտ խանգարում է: Աղջիկների պարագայում էլ խաղային փորձն է պակասում. պատճառը ֆեդերացիայի փոքր բյուջեն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց եւ կանանց թիմերը ավարտեցին պայքարը լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի Մ20 եւ Մ18 ընտրական առաջնություններում: Երկու թիմերն էլ երկու առաջնություններում անհաջող են մասնակցել: 

Եվրոպայի առաջնություններից առաջ վոկեյբոլիստները Խաչիկ Ասմարյանի անվան վոլեյբոլի ակադեմիայում մեկ ամիս շարունակ պայքարել էին լողափնյա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում չեմպիոն էր դարձել «Երեւան» թիմը, կանանց պայքարում՝ Մ18 հավաքական կանանց թիմերը:

Առաջնության հաղթող թիմերը իրավունք են ձեռք բերել մասնակցել Եվրոպայի 2025 թ. լողափնյա վոլեյբոլի ակումբային առաջնությանը, որին Հայաստանն առաջին անգամ է մասնակցելու:

Պարոն Ասմարյան, լողափնյա վոլեյբոլի կանանց եւ տղամարդկանց թիմերն այս օրերին մասնակցում էին Եվրոպայի Մ18 եւ Մ20 առաջնություններին: Ի՞նչ արդյունքներ են գրանցել:

Մեր թիմերը հուլիսի 2-ին ավարտեցին պայքարը Եվրոպայի Մ20 եւ Մ18  ընտրական առաջնություններում: Մինչեւ 20 տարեկանների առաջնությունն անցկացվում էր  Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Աղջիկների թիմի կազմում էին Ելիզավետա Տոնոյանը եւ Ամալյա Կարապետյանը, որոնք զբաղեցրել են 9-րդ տեղը: Տղամարդկանց պայքարում մեր թիմում հանդես եկան Ալեն Ալեքսանյանը եւ Ֆիրդուս Կեսոյանը: Տղաները գրավել են 10-րդ տեղը: Հունիսի 30-ից հուլիսի 3-ը մեր թիմերը մասնակցեցին Մ18 առաջնությանը, որն անցկացվեց Լատվիայի Ցեսիս քաղաքում: Այստեղ էլ անհաջող խաղեր ունեցանք:  Երկու թիմերն էլ գրավեցին 13-րդ տեղը. ենթախմբերում բոլոր խաղերը պարտվեցին:

Արդյունքները սպասվածից վատ են: Ավելի մեծ ակնկալիք ունեինք, բայց թիմերի զբաղվածությունը, երեւի, թույլ չտվեց լիարժեք պատրաստվել այս մրցաշարերին:

Մեր վոլեյբոլիստները տարիքով փոքր են՝ 16 տարեկան: Մենք նրանց ուղարկել էինք փորձ ձեռք բերելու: Ափսոսում եմ, որ Մ18 առաջնությունում հաղթանակ չունեցանք:

Նշեցիք, որ հավաքական թիմերի անդամները տարիքով փոքր են: Ինչպիսի՞ն է նրանց մրցունակությունը, ի՞նչ հեռանկարներ ունեն:

Թիմերը նոր են: Տղաների շատ լավ զույգ ունենք. բարձրահասակ, լավ պատրաստված վոլեյբոլիստներ են:

Եվրոպայի Մ20 առաջնությունը ընտրական փուլ էր: Խաղում էինք առաջին մրցափուլում: Պարտվել ենք, բայց անցել ենք առաջին մրցափուլի եզրափակիչ: Այստեղ պետք է խաղանք արդեն որակավորման փուլ: Մեզ համար Լիտվայի մրցաշարը ավելի շատ նախապատրաստական շրջան էր, որպեսզի թիմերը տոնուսի մեջ լինեն: Եզրափակիչ փուլից սպասելիքներն ավելի բարձր են:

Ունենք լավ երիտասարդներ, ամեն տարի տղաների լավ զույգեր ունենում ենք, բայց բանակի խնդիրը, երկրից հեռանալը թույլ չեն տալիս հեռանկարների մասին մտածել: Ամեն տարի սպասում ենք լավ արդյունքի, բայց ինչ-որ բան միշտ խանգարում է:

Վերջին երկու տարիներում գործում է մեր ակադեմիան, որը նպաստում է մարզումներն ավելի հեշտ կազմակերպմանը: Մարզումներ կազմակերպելն այլեւս մեզանից այդքան էլ մեծ ֆինանսներ չի պահանջում: Հույս ունենք, որ մոտ ապագայում ավելի բարձր արդյունքներ կունենանք:

Հուլիսին Հայաստանում կանցկացվի Եվրոպայի Մ16 առաջնություն, որը լինելու է եզրափակիչ փուլ: Մեր թիմերն այժմ կպատրասվեն Երեւանի առաջնությանը, որից հետո հանդես կգան Մ20 եւ Մ18 առաջնությունների ընտրական փուլի եզրափակիչներին: Այստեղ արդեն ակնկալիքներ ունենք, փորձելու ենք որակավորման փուլն անցնենք:

Աղջիկների մասին ի՞նչ կասեք: 

Աղջիկների լավ զույգ ունենք, բայց նրանց պակասում է փորձը: Պետք է շատ խաղային փորձ ունենան: Շատ քիչ ենք խաղում: Մյուս երկրների համեմատ մեր փորձը  պակաս է: Այս ամենը կապված է ֆեդերացիայի ֆինանսավորման հետ, որը շատ քիչ է:

Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերին մասնակցելու համար ունեցանք առանձին ֆինանսավորում, որը մեզ հնարավորություն տվեց լողափնյա վոլեյբոլիստներին բոլոր մրցումներին ուղարկել: Սա շանս էր, որ կարողանանք դրսում ավելի շատ մասնակցենք:

Որքա՞ն է ֆեդերացիայի տարեկան բյուջեն:

Շատ քիչ է՝ 14 միլիոն դրամ երեք մարզաձեւի համար: Մեր, միջոցներով, միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ, ծրագրերով փորձում ենք հոգալ ծախսերը, բայց վոլեյբոլը շատ մեծ գումարներ է պահանջում:

Շնորհակալ ենք, որ Մ20 եւ Մ18 առաջնությունների համար առանձին ֆինանսավորում ստացանք:

Երեւանում անցկացվելիք Եվրոպայի Մ16 առաջնության համար ահռելի գործ ենք անում: Մեծ մասշտաբի մրցաշար է լինելու, ահռելի ծախսերով: Այդ գումարների կեսը մեր միջոցներով ենք հայթայթել, մի մասն էլ Կառավարությունն է ֆինանսավորել: Միայն ռետինե մարզահատակի մեկ հատը մինչեւ 70 հազար ԱՄՆ դոլար է: Կարողացել ենք դրսի ծրագրերի միջոցով բերել: Այդպիսի երկու դաշտ ենք ունենալու:

Աշխատում ենք, փորձում ենք, որ լավ լինի, մարզաձեւը զարգանա, արդյունքները բարելավել. չենք կանգնում մի տեղում: Կփորձենք շարունակաբար խոշոր մրցաշարեր բերել Հայաստան, հատկապես, որ ակադեմիան արդեն տալիս է այդ հնարավորությունը: Շուտով մեր ակադեմիան կունենա 4 կորտ եւ ավելի մեծ մրցաշարեր կարող ենք այնտեղ հյուրընկալել:

Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, հայ վոլեյբոլիստների արդյունքներում աճ գրանցու՞մ եք:

Փոփոխական է: Ունեցել ենք լավ թիմեր, բայց կայուն խաղացողներ չեն: Աղջիկների պարագայում ամուսնանում են, երեխաներ ունենում եւ հեռանում սպորտից: Տղաներն անընդհատ փոփոխվում են բանակային տարիքով պայմանավորված:

Տղաների մոտ աճ կա: Որակյալ խաղ են ցուցադրում: Օրինակ՝ նախորդ ամիս անցկացված լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչը շատ հետաքրքիր էր. կարելի է համեմատել բարձրակարգ լողափնյա վոլեյբոլի հետ: Աղջիկները մի քիչ ցածրահասակ են, այս դեպքում դժվար է նրանց արագ բերել լավ մարզավիճակի: Հավաքականի նոր գլխավոր մարզիչ ունենք, որը լավ մասնագետ է: Հույս ունենք, որ նրա աշխատանքի շնորհիվ տղաների թիմը 1-2 տարի հետո մեզ կուրախացնի լավ արդյունքներով, եթե, իհարկե, բանակ չտանեն:

Այդքան գումար ենք ծախսում, աշխատում նրանց հետ, գնում են բանակ, գալիս ու էլ սպորտ չեն վերադառնում: ԲԿՄԱ-ի համար այնպիսի պահանջներ ու չափանիշներ են դրված, որ ֆանտաստիկայի ժանրից է. առնվազն այս Եվրոպայի առաջնություններում պետք է չեմպիոն դառնանք, ինչը ֆիզիկապես հնարավոր չի: Անհնար է Լեհաստանին, Ուկրաինային հաղթել: Այսօր այս երկրներն աշխարհում ուժեղագույնն են վոլեյբոլում: Գուցե օրենքը փոփոխվի, պահանջներն ավելի մեղմացվեն, որ մեր տղաները «չկորեն»:                                                                 

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.