15:29  ,  8 դեկտեմբերի, 2012

Յուրա Մովսիսյան. Ես չեմ թաքցրել, որ երազում եմ խաղալ առաջատար ակումբում

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբն ընդմիշտ կմնա իմ սրտում, բայց ես չեմ թաքցրել, որ երազում եմ խաղալ առաջատար ակումբում, գրել է Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխված Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ «Կրասնոդարի» պաշտոնական կայքի միջոցով դիմելով թիմի երկրպագուներին։

«Ես եկա այս թիմ, երբ այն նոր էր պատրաստվում նորամուտը նշել Ռուսաստանի Պրեմյեր լիգայում։ Կարծում եմ՝ մենք կարողացանք մեր խաղով արժանանալ ֆուտբոլի սիրահարների համակրանքին եւ բոլորին երկրում ստիպեցինք հաշվի նստել մեզ հետ։ Շատ շնորհակալություն երկրպագուներին, որոնք ջերմ աջակցություն էին ցուցաբերում ինձ առաջին օրվանից։ Ես շնորհակալ եմ նրանց ամեն ինչի համար։ Իմ յուրաքանչյուր գոլը, մեր յուրաքանչյուր հաղթանակն առաջին հերթին նվիրված է երկրպագուներին։ 

Առանձին շնորհակալություն «Կրասնոդար» ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկուն։

Ինչ վերաբերում է իմ տեղափոխությանը «Սպարտակ», ապա ես չեմ թաքցրել, որ երազում եմ խաղալ առաջատար ակումբում։ «Սպարտակը» Ռուսաստանի ամենատիտղոսակիր ակումբն է։ Այն լավ հայտնի է ոչ միայն Ռուսաստանում։ Հույս ունեմ, որ իմ տեղափոխությունը «Սպարտակ» կարեւոր քայլ կլինի առաջ իմ ֆուտբոլային կարիերայում»,- գրել է Յուրա Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ «Սպարտակն» ու «Կրասնոդարը» համաձայնության են հասել Մովսիսյանի տեղափոխության հարցում։ Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվողը, որն այժմ վնասվածք ունի, «Սպարտակի» կազմում խաղադաշտ դուրս կգա գարնանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում