Քանի դեռ անձամբ չեմ հայտարարել սիրողական բռնցքամարտը թողնելու մասին, ուրեմն ես հավաքականում եմ: Աշխարհի առաջնությունից հետո վնասվածք ստացա ու կորցրի ամեն ինչ: Հիմա սկսել եմ զրոյից, երկար ճանապարհ եմ անցել ու դեռ անցնելու եմ: Գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Դուբայից ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:
Հայաստանի հավաքականի ավագը մարտի 15-ին հերթական մենամարտն է անցկացնելու պրոֆեսիոնալ ռինգում:
Հովհաննես Բաչկովը տեւական ժամանակ բացակայեց ռինգից, 2023 թվականի աշխարհի առաջնությունից հետո նա չմասնակցեց Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին, բաց թողեց Եվրոպայի առաջնությունը, Օլիմպիական խաղերը, բացակայեց նաեւ պրոֆեսիոնալ ռինգից: Պատճառը ձեռքերի վիրահատությունն էր եւ հետվիրահատական երկարատեւ բուժումը: 2024 թվականի դեկտեմբերի Հովհաննես Բաչկովը վերադարձի մենամարտ անցկացրեց պրոֆսեիոնալ ռինգում, բայց դրան հաջորդող Հայաստանի առաջնությունը կրկին բաց թողեց: Հայաստանի հավաքականի ավագը դեռ չի հայտարարել սիրողական բռնցքամարտը թողնելու եւ հավաքականից հեռանալու մասին:
Հովհաննես, ի՞նչ մենամարտ ես անցկացնելու, ո՞վ է լինելու մրցակիցդ:
Մարտի 15-ին Դուբայում Grassroots boxing-ի կազմակերպած «Paddy’s day boxing show» երեկոյում մենամարտ եմ անցկացնելու, մրցակիցս վենեսուելացի Ջոս Բաստարդոն է: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 10 մենամարտ եւ ունի նույնքան հաղթանակ: Առայժմ անպարտելի է: Այս մենամարտը շատ կարեւոր է ինձ համար, WBA Continental չեմպիոնի գոտու համար է:
Պրոֆեսիոնալ ռինգում նախորդ մենամարտիս պատրաստվել էի տանը, իմ դահլիճում: Այս մենամարտին պատրաստվեցի այստեղ՝ Դուբայում: Այստեղ մարզվում եմ հայերի կողմից հիմնած Golden ring boxing մարզադահլիճում: Ինձ օգնում է նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը, նա մեծ ճանաչում ունի այստեղ: Նրան օգնում է նաեւ Սամվել Պետրոսյանը որպես երկրորդ մարզիչ: Այստեղի հայերի աջակցությամբ ոչնչի կարիք չունեմ, միայն պատրաստվում եմ իմ մենամարտին: Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այստեղի հայերին:
Մրցակցիս չեմ ճանաչում, գիտեմ, որ դեռեւս անպարտելի է: Բռնցքամարտը վտանգավոր մարզաձեւ է, պետք է չթերագնահատել յուրաքանչյուր մրցակցի:
Հովհաննես, դու տեւական ժամանակ բացակայեցիր ռինգից, հավաքականի հետ մրցաշարերի չես մասնակցում, Օլիմպիական խաղերը բաց թողեցիր ու հիմա նորից պրոֆեսիոնալ ռինգում ես: Ինչո՞վ էր պայմանավորված այդ դադարը:
Վերջին աշխարհի առաջնությունից երկու օր առաջ, մարզման ժամանակ ձախ ձեռքս կոտրեցի, մկան կտրվեց, գայմորիտ ունեի, ջերմում էի 39-40 աստիճան: Այդպես մասնակցեցի աշխարհի առաջնության եւ բավարարվեցի բրոնզե մեդալով: Եթե այդ վիճակում չլինեի, գոնե ձեռքս կոտրած չլինեի, վստահեցնում եմ, որ չեմպիոն էի դառնալու: Դրանից հետո, քիչ ավելի ուշ գնացի վիրահատության: Հետվիրահատական շրջանը երկար տեւեց: Ռինգ դուրս չեկա 1 տարի 7 ամիս: Դեկտեմբերին վերադարձի մենամարտ անցկացրի: Լավ ստացվեց: Այժմ արդեն գոտու մենամարտ եմ անցկացնելու:
Տեւական դադարս պայմանավորված էր վնասվածքիս հետ: Կարելի է ասել՝ նաեւ այդ էր պատճառը, որ չմասնակցեցի Օլիմպիական խաղերին: Օլիմպիական խաղերն ու Եվրոպայի առաջնությունը բաց թողեցի այն պատճառով, որ ձեռքիս վնասվածքը շատ ուշ վիրահատեցի:
Նշեցիր, որ ուշ ես վիրահատվել, եթե չեմ սխալվում՝ Ֆրանսիայում: Ո՞ւմ ֆինանսավորմամբ ես վիրահատվել: Աջակցություն ունեցե՞լ ես այս հարցում:
Ինքս իմ ծախսերով եմ ամեն ինչ արել, այդ պատճառով էլ երկար տեւեց այս ամենը, վնասվածքս, հետվիրահատական շրջանը: Աշխարհի առաջնությունից մոտ 6 ամիս անց նոր վիրահատվել եմ: Եթե անմիջապես հետո վիրահատվեի, այդքան ժամանակ բաց չթողնեի, ես կհասցնեի մասնակցել վարկանիշային մրցաշարերին եւ Օլիմպիական խաղերին: Վստահեցնում եմ, որ այդտեղ էլ ես ունեի օլիմպիական չեմպիոն դառնալու բոլոր շանսերը: Քանի որ ամեն ինչ արել եմ իմ միջոցներով, այդ պատճառով էլ այդքան երկար տեւեց:
Կան հանգամանքներ, պատճառներ, որոնց մասին ներկա պահին հարկ չեմ համարում խոսել: Եթե հարկ լինի, բոլորն էլ կիմանան: Ով պետք է գիտի, ով էլ չգիտի, ուրեմն իրեն պետք չի, որ չի իմացել:
Քո երկարատեւ բացակայությունը բազմաթիվ խոսակցությունների առիթ է դարձել: Շատ է քննարկվում քո՝ հավաքականից հեռանալու մասին լուրը: Կարո՞ղ ես հստակ պատասխանել՝ դու Հայաստանի հավաքականու՞մ ես, թե՞ իսկապես հեռացել ես:
Քանի դեռ ինձանից որեւէ մեկը չի լսել, որ ես թողնում եմ սիրողական բռնցքամարտը, ուրեմն նման բան չկա: Ով ինչ ուզում է՝ խոսի: Ես ինքս կհայտարարեմ դրա մասին, երբ գա այդ ժամանակը: Ներկա պահին, քանի դեռ չեմ հայտարարել, ուրեմն ես հավաքականում եմ: Ուղղակի հավաքականի մարզիչի հետ պայմանավորվածություն կա համատեղել պրոֆեսիոնալ կարիերան:
Տարբեր երկրների դրոշի ներքո հանդես գալու շատ առաջարկներ եմ ունեցել, հիմա էլ ունեմ: Առաջարկները թե սիրողական, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտում են: Ստացվել է այնպես, որ միշտ ցանկացել եմ իմ երկիրը ներկայացնել: Չեք պատկերացնում, թե ինչ մեծ գումարներից եմ ինձ զրկել՝ մերժելով առաջարկները: Եղել է առաջարկ թողնել սիրողական ռինգը, պրոֆեսիոնալ ռինգում ներկայացնել մի երկիր, որի դիմաց ես կարող էի ստանալ ահռելի մեծ գումարներ, բայց մերժեցի՝ պատճառաբանելով, որ իմ երկրին աշխարհի չեմպիոն է պետք: Ասացի, որ կարող եմ ես դառնալ, ունեմ այդ հնարավորությունը: Ստացվեց այնպես, որ մասնակցեցի եւ վնասվածք ստացա ու կորցրեցի ամեն ինչ: Ինչպես ասում են՝ զրոյից եմ սկսել: Մեծ ճանապարհ եմ անցել ու դեռ անցնելու եմ: Գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու:
Հայկական բռնցքամարտում արդյունքներն աստիճանաբար նվազում են, Օլիմպիական խաղերին մեկ մասնակից ենք ունենում, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում արդյունքները գոհացնող չեն: Քո կարծիքով, ինչո՞ւ է այս վիճակը:
Հայկական բռնցքամարտն այս վիճակում է, որովհետեւ կան շատ վտանգավոր մարդիկ մեր բռնցքամարտում: Վտանգավոր են այն մարդիկ, որոնք չգիտեն՝ ինչ է բոքսը, չեն տեսել, բաց խոսում են բոքսից: Այդ մարդիկ ուզում են, որ միայն Ենգիբարյանը մնա օլիմպիական չեմպիոն, չեն ուզում ներկայումս աշխարհի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն ունենանք: Չեն ուզում այդ արդյունքները կրկվեն:
Միայն բռնցքամարտում չի, իմ հասկանալով՝ բոլոր ոլորտներում է այդպես. Ով ուզում է հանճար դառնալ, հերոս, բանաստեղծ, կամ ինչ-որ մի ոլորտում բարձր արդյունքներ գրանցել, մեր հասարակությունը, ժողովուրդը, մեծերը, ով արդեն ունի այդ արդյունքները, արմատից կտրում են, որ հանկարծ էլ արդյունք չունենաս: Մեր ժողովրդի բնավորությունն է այդպես:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի 
11:04 , 27 օգոստոսի