12:15  ,  5 հունվարի, 2025

Կամո Հովհաննիսյան․ Ամանորի հրաշքին չեմ հավատում, բայց փորձում եմ այնպես անել, որ երեխաներս հավատան

Ամանորի հրաշքին չեմ հավատում, բայց փորձում եմ այնպես անել, որ երեխաներս հավատան: Ցանկանում եմ, որ մեր ազգը վերջապես սկսի վայելել կյանքը, հասնեն ու տեսնեն հաղթանակներ, ինչին կարոտ ենք, լինեն առոջղ ու երջանիկ, ուրախ եւ կամեցող, հասնող եւ հավատարիմ:

Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը:

Ազգային հավաքականի ֆուտբոլիստը  2024 թվականին 7 հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում: Տարեսկզբում Կամո Հովհաննիսյանը հեռացավ ղազախական «Աստանայից» եւ միացավ «Արարատ-Արմենիային»:

Կամո, սկզբում կցանկանայի՝ ամփոփեինք 2024 թվականը: Ինչպիսի՞ն այն ստացվեց Ձեզ համար:

Չեմ կարող ասել, թե 2024-ն առանձնացավ ինչ-որ յուրահատկությամբ: Եղան լավ եւ վատ շրջաններ թե ակումբում, թե, մասնավորապես, հավաքականում, թե նաեւ առօրյա կյանքում:

Ինչպե՞ս կգնահատեք տարին Հայաստանի հավաքականի համար:

Տարին շատ բարդ ստացվեց, վայրիվերումներով: Սփոփանքը եղավ այն, որ մենք դուրս եկանք պայքարելու հաջորդ դիվիզիոն բարձրանալու համար: Ընդհանուր առմամբ, հավաքականի համար ավելի շատ անհաջող տարի էր: Եթե մի հավաքականում մարզիչ են հեռացնում, դժվար թե հաջող տարի համարվի:

Այս տեսանկյունից տարվա ընթացքում ի՞նչն ուրախացրեց եւ ի՞նչը տխրեցրեց:

Ուրախացրեց այն, որ դեռ շարունակում ենք պայքարը, իսկ տխրեցրեց, թե ինչպես դրան հասանք:

Տեղափոխվեցիք «Արարատ-Արմենիա». ինչպիսի՞ն էր տարին ակումբային կարիերայում:

Կարելի է ասել, որ մեր սպասելիքներն այս տարվա համար լիարժեք չարդարացան: Տարվա առաջին հատվածում նվաճեցինք գավաթը եւ մինչեւ վերջ պայքարեցինք չեմպիոնության համար: Հետո Եվրագավաթներն էին, որտեղ ցավալի կերպով դուրս մնացինք պայքարից: Տարվա երկրորդ հատվածում այժմ այնքան էլ այնպես չի, ինչպես մենք կցանկանայինք, բայց դեռ ուղղելու ժամանակ ունենք: Ինչ վերաբերում է ինձ՝ 2024-ին ինձ համար մի փոքր բարդ եղավ երկրորդ հատվածը վնասվածքների հետ կապված:

Ո՞րն եք համարում տարվա Ձեր գլխավոր ձեռքբերումը:

Որպես այդպիսին, ինչ-որ ձեռքբերում չեմ կարող առանձնացնել, երեւի միայն այն, որ նվաճեցինք գավաթը:

Ունե՞ք կատարված երազանք 2024-ում:

Վաղուց արդեն երազանքներ չեմ պահում, իսկ այն, ինչ կերազեի, միեւնույն է իրականացող չի:

Ամենահիշարժան օրը...

Առաջինը, որ եկավ մտքիս, տղայիս մկրտության արարողության օրն է ամենահիշարժանը:

Ի՞նչ մտքերով եք ճանապարհում 2024-ը:

Այն մտքով ու հույսով, որ հաջորդ տարին կլինի ավելի լավը: Ամեն դեպքում այնպես չէր, որ այս տարին վատերից էր:  

Սիրո՞ւմ եք Նոր տարին, տոնական օրերը:

Անկեղծ կլինեմ՝ այդքան էլ չեմ սիրում Նոր տարին, մասնավորապես, տոնական եռուզեռը:

Ինչպե՞ս եք սիրում դիմավորել, անցկացնել տոները:

Սիրում եմ դիմավորել ընտանիքիս, հարազատներիս հետ: Սիրում եմ, երբ հավաքվում ենք բոլորով, շնորհավորում մեկս մյուսին, հետո սկսվում է պատմությունների պահը: Ինձ թվում է՝ բոլորի ընտանիքներում այդպես է անցնում: Չնայած կարող է մի քանի անգամ լսած լինես մի պատմություն, բայց, միեւնույն է, հաճույքով լսում ես նորից ու նորից:

Տոնածառ զարդարել սիրո՞ւմ եք:

Տոնածառ զարդարել չեմ սիրում, բայց երեխաներիցս հետո ուզում եմ զարդարել, անել դա, որովհետեւ երեխաներիս ուրախությունն ինձ համար ամեն ինչ է:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի ուտեստը տոնական սեղանից:

Խոզի բուդը, շատ եմ սիրում: Մինչեւ չի վերջանում, ուրիշ ուտեստի չեմ անցնում (ծիծաղում է):

Հավատո՞ւմ եք Ամանորի հրաշքին: 

Ես չեմ հավատում, բայց անում եմ այնպես, որ երեխաներս հավատան:

Եթե հանդիպեիք Ձմեռ պապին...

Կասեի՝ այսքան ժամանակ ուր էիր, չկայիր...

Ո՞րն է Նոր տարվա «հեքիաթը» Ձեզ համար:

Նոր տարվա «հեքիաթը» միասին անցկացնելիք ժամանակն է:

Ի՞նչ երազանքներով եւ նպատակներով եք դիմավորում 2025 թվականը:

Կցանկանամ, որ լինի առանց վնասվածքների, հաղթանակների եւ առողջ տարի: Ցանկանում եմ, որ մեր ազգը վերջապես սկսի վայելել կյանքը, հասնեն ու տեսնեն հաղթանակներ, ինչին կարոտ ենք, լինեն առողջ ու երջանիկ, ուրախ եւ կամեցող, հասնող եւ հավատարիմ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News