Մրցաշրջան-2024-ը հայկական սպորտում լի էր նշանակալի իրադարձություններով: Տարվա ընթացքում տարբեր մարզաձեւերում փայլեցին նաեւ հայկակակն սպորտի գեղեցկուհիները: Տարվա հայտությունը 19-ամյա գյումրեցի ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանն էր, որ մի քանի անգամ ստիպեց երկրպագուներին եւ սպորտային հանրության ցնծալ, ապրել հաղթանակի բերկրանքը, վերապրել կանանց ծանրամարտում նախկինում ունեցած մեծ հաղթանակների հիշողությունները:
2024-ում Ալեքսանդրա Գրիգորյանը փառահեղ հաղթանակով դարձավ մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնությունում՝ բրոնզե մեդալակիր: Նա նաեւ փայլեց երիտասարդների Եվրոպայի առաջնությունում:
Իր տպավորիչ հաղթանակներով Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվեց տարվա լավագույն կին մարզիկ՝ առաջին անգամ ընդգրկվելով լավագույն մարզիկների ցանկում:
NEWS.am Sport-ը ներկայացնում է «Նոր Տարվա հեքիաթ» հարցազրույցների շարք, որտեղ մրցաշրջան-2024-ում հայկական սպորտի մեծ նվաճումներ ունեցած աստղերը պատմում են ձեռքբերումների, մեծ հաղթանակների, ցավալի ձախողումների, Ամանորի եւ մանկական հիշողությունների մասին:
Ալեքսանդրա, 2024-ում դարձար Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր: Ինչպե՞ս ես գնահատում մրցումային տարին, ի՞նչը քեզ ավելի շատ ուրախացրեց:
2024 թվականն ինձ համար հաջողության տարի էր: Մրցումային տարին հրաշալի սկիզբ եւ ավարտ ունեցավ, բայց ինձ ավելի շատ Եվրոպայի չեմպիոնությունը ուրախացրեց:
Եվրոպայի առաջնությունում ի՞նչն է ամենաշատը տպավորվել:
Մեծահասակների Եվրոպայի առաջնության՝ իմ մրցելույթի օրը անձնական մարզչիս ծննդյան օրն էր, եւ հավաքականի մարզիչները ինձ անդադար հիշեցնում էին, որ կրկնակի կարեւոր է ոսկին նվաճելը, որովհետեւ դա նաեւ նվեր է: Ամենաշատը սա է տպավորվել իմ մեջ:
Ո՞րն է քեզ համար տարվա ամենամեծ հաղթանակը:
Ամենամեծ հաղթանակս մեծահասակների Եվրոպան հաղթելն էր: Ունեցա նաեւ ձախողում՝ ուսի վնասվածք, որը, ցավոք, ավարտվեց վիրահատությամբ:
2024-ում կատարված երազանք ունեցե՞լ ես:
Միշտ երազել եմ տարվա մեջ քանի մրցաշար էլ, որ մասնակցեմ, մեդալներով վերադառնամ ու դա այս տարի կատարվեց: Նշեմ մեկ երանելի փաստ՝ չկատարված երազանք չունեմ:
Ի՞նչ մտքերով ես ճանապարհում 2024-ը:
2024-ը ճանապարհում եմ այն հույսով, որ գալիք տարին ոչնչով չի զիջի այս տարվան:
Սիրո՞ւմ ես Նոր տարին, տոնական օրերը:
Չեմպիոնի համար չկան տոնական օրեր, բայց Ամանորը սիրում եմ: Սիրում եմ դիմավորել ուրախ եւ իմ սիրելի մարդկանց կողքին:
Տոնածառ զարդարել սիրո՞ւմ ես:
Այո, սիրում եմ եւ այս տարի էլ ինքնս եմ զարդարել:
Ո՞րն է քո ամենասիրելի ուտեստը տոնական սեղանից:
Սմենասիրելին թփով տոլման է:
Հավատո՞ւմ ես Ամանորի հրաշքին:
Այո, հավատում եմ, որովհետեւ, կարծում եմ՝ անհնարին ոչինչ չկա:
Եթե հանդիպեիր Ձմեռ պապին...
Եթե հանդիպեի Ձմեռ Պապիկին կխնդրեի, որ իրականացներ բոլոր մանուկների երազանքները:
Ո՞րն է Նոր տարվա «հեքիաթը» քեզ համար:
Նոր տարվա «հեքիաթը» հետ նայելն է անցած ամբողջ տարվան եւ գիտակցելը, որ այն ավելի քան ստացված էր:
Ի՞նչ երազանքներով եւ նպատակներով ես դիմավորում 2025 թվականը:
Չեմ սիրում կիսվել իմ նպատակներով եւ ժամանակից շուտ ինչ-որ բաներ ասել:
Շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Բազմաթիվ բարեմաղթանքներ ունեմ, բայց միակ բանը, որը ես ամբողջ սրտով ցանկանում եմ, դա խաղաղ Հայրենիք ունենալն է:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի