09:06 2 հունվարի, 2025Մրցաշրջան-2024-ը հայկական սպորտում լի էր նշանակալի իրադարձություններով: Տարվա ընթացքում տարբեր մարզաձեւերում փայլեցին նաեւ հայկակակն սպորտի գեղեցկուհիները: Տարվա հայտությունը 19-ամյա գյումրեցի ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանն էր, որ մի քանի անգամ ստիպեց երկրպագուներին եւ սպորտային հանրության ցնծալ, ապրել հաղթանակի բերկրանքը, վերապրել կանանց ծանրամարտում նախկինում ունեցած մեծ հաղթանակների հիշողությունները:
2024-ում Ալեքսանդրա Գրիգորյանը փառահեղ հաղթանակով դարձավ մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնությունում՝ բրոնզե մեդալակիր: Նա նաեւ փայլեց երիտասարդների Եվրոպայի առաջնությունում:
Իր տպավորիչ հաղթանակներով Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվեց տարվա լավագույն կին մարզիկ՝ առաջին անգամ ընդգրկվելով լավագույն մարզիկների ցանկում:
NEWS.am Sport-ը ներկայացնում է «Նոր Տարվա հեքիաթ» հարցազրույցների շարք, որտեղ մրցաշրջան-2024-ում հայկական սպորտի մեծ նվաճումներ ունեցած աստղերը պատմում են ձեռքբերումների, մեծ հաղթանակների, ցավալի ձախողումների, Ամանորի եւ մանկական հիշողությունների մասին:
Ալեքսանդրա, 2024-ում դարձար Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր: Ինչպե՞ս ես գնահատում մրցումային տարին, ի՞նչը քեզ ավելի շատ ուրախացրեց:
2024 թվականն ինձ համար հաջողության տարի էր: Մրցումային տարին հրաշալի սկիզբ եւ ավարտ ունեցավ, բայց ինձ ավելի շատ Եվրոպայի չեմպիոնությունը ուրախացրեց:
Եվրոպայի առաջնությունում ի՞նչն է ամենաշատը տպավորվել:
Մեծահասակների Եվրոպայի առաջնության՝ իմ մրցելույթի օրը անձնական մարզչիս ծննդյան օրն էր, եւ հավաքականի մարզիչները ինձ անդադար հիշեցնում էին, որ կրկնակի կարեւոր է ոսկին նվաճելը, որովհետեւ դա նաեւ նվեր է: Ամենաշատը սա է տպավորվել իմ մեջ:
Ո՞րն է քեզ համար տարվա ամենամեծ հաղթանակը:
Ամենամեծ հաղթանակս մեծահասակների Եվրոպան հաղթելն էր: Ունեցա նաեւ ձախողում՝ ուսի վնասվածք, որը, ցավոք, ավարտվեց վիրահատությամբ:
2024-ում կատարված երազանք ունեցե՞լ ես:
Միշտ երազել եմ տարվա մեջ քանի մրցաշար էլ, որ մասնակցեմ, մեդալներով վերադառնամ ու դա այս տարի կատարվեց: Նշեմ մեկ երանելի փաստ՝ չկատարված երազանք չունեմ:
Ի՞նչ մտքերով ես ճանապարհում 2024-ը:
2024-ը ճանապարհում եմ այն հույսով, որ գալիք տարին ոչնչով չի զիջի այս տարվան:
Սիրո՞ւմ ես Նոր տարին, տոնական օրերը:
Չեմպիոնի համար չկան տոնական օրեր, բայց Ամանորը սիրում եմ: Սիրում եմ դիմավորել ուրախ եւ իմ սիրելի մարդկանց կողքին:
Տոնածառ զարդարել սիրո՞ւմ ես:
Այո, սիրում եմ եւ այս տարի էլ ինքնս եմ զարդարել:
Ո՞րն է քո ամենասիրելի ուտեստը տոնական սեղանից:
Սմենասիրելին թփով տոլման է:
Հավատո՞ւմ ես Ամանորի հրաշքին:
Այո, հավատում եմ, որովհետեւ, կարծում եմ՝ անհնարին ոչինչ չկա:
Եթե հանդիպեիր Ձմեռ պապին...
Եթե հանդիպեի Ձմեռ Պապիկին կխնդրեի, որ իրականացներ բոլոր մանուկների երազանքները:
Ո՞րն է Նոր տարվա «հեքիաթը» քեզ համար:
Նոր տարվա «հեքիաթը» հետ նայելն է անցած ամբողջ տարվան եւ գիտակցելը, որ այն ավելի քան ստացված էր:
Ի՞նչ երազանքներով եւ նպատակներով ես դիմավորում 2025 թվականը:
Չեմ սիրում կիսվել իմ նպատակներով եւ ժամանակից շուտ ինչ-որ բաներ ասել:
Շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Բազմաթիվ բարեմաղթանքներ ունեմ, բայց միակ բանը, որը ես ամբողջ սրտով ցանկանում եմ, դա խաղաղ Հայրենիք ունենալն է:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.