01:13  ,  7 օգոստոսի, 2024

Արթուր Դավթյան․ Այս նվաճումը նվիրում եմ իմ երկրին

Օլիմպիական արծաթե մեդալը եւ այս նվաճումը նվիրում եմ իմ երկրին: Մեդալային հավաքածուումս պակասում է միայն օլիմպիական ոսկե մեդալը: Կաշխատեմ, կփորձեմ լրացնել այդ բացը:

Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում ասաց օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը, որը օգոստոսի 6-ին Հայաստանի թիմի հետ վերադարձավ հայրենիք:

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնին հայրենիքում դիմավորեցին չեմպիոնին  վայել:

«Սկզբում մի փոքր տխուր էի, որովհետեւ շատ մեծ էր ոսկե մեդալը նվաճելու ցանկությունը, բայց սպորտ է եւ հնարավոր է, որ ոչ մի տեղ չգրավեի: Այդ դեպքում ավելի տխուր կլինեի: Այս դեպքում իմ արդյունքը բարելավեցի՝ օլիմպիական բրոնզե մեդալից արծաթե մեդալ: Ինչպես ասում են՝ երեւի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին արդեն ոսկե մեդալ կնվաճեմ:

Փարիզում ոսկի նվաճելու հնարավորությունը կար, բայց չստացվեց: Ինձ պակասեց երկրորդ ցատկիս բարդությունը, քանի որ ֆիլիպինցի մարմնամարզիկի ցատկը 4 տասնորդականով բարձր էր իմ ցատկից: Այս ամենից բացի, ֆիլիպինցու երկրորդ ցատկը բարձր գնահատեցին. Այդ մասին միայն ես չեմ ասում, բոլորն էին ասում: Պետք է աշխատեմ, բարդացնեմ իմ վարժությունը, որպեսզի որքան էլ ուզենան ցածր գնահատեն, չստացվի:

Այս անգամ հայրենիք վերադառնալիս զգացողություններս շատ ավելի ուժեղ էին: Ուրախ եմ ու հպարտ, որ կարողացա մեդալ նվաճել եւ մեդալով վերադառնալ հայրենիք: Փարիզի մարզադահլիճում մեծ թվով հայեր կային՝ մեր մարզիկները, Ֆրանսիայի հայ համայնքը: Ես զգում էի մեծ աջակցություն: Եղբայրներս էլ Գերմանիայից հատուկ ժամանել էին Ֆրանսիա, որպեսզի մարզադահլիճից հետեւեն իմ մրցումներին եւ աջակցեն ինձ: Շատ հաճելի էր:

Մարզական կարիերայումս հաջորդ քայլը չեմ կարող ասել, թե որը կլինի: Իմ մեդալային հավաքածուում պակասում է միայն օլիմպիական ոսկե մեդալը: Կձգտեմ այդ բացը լրացնել: Օլիմպիական արծաթե մեդալս եւ այս նվաճումը նվիրում եմ իմ երկրին: Որեւէ մեկին չեմ կարող առանձնացնել: Այս նվաճումն իմ երկրինն է»,- ասաց Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին սպորտային մարմնամարզության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը նվաճեց արծաթե մեդալ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը եզրափակիչում վաստակեց 14.966 միավոր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում