10:10  ,  9 հուլիսի, 2024

Ադրիեն Ռաբյո․ Իսպանիան ցուցադրեց լավագույն ֆուտբոլը Եվրո-2024-ում

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն խոսել է Իսպանիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում։

«Մենք հասել ենք շատ կարեւոր մրցաշարի կիսաեզրափակիչ՝ մրցելով շատ լավ թիմերի հետ։ Հիմա ամբողջ թիմով կենտրոնացած ենք հաղթանակի վրա։

Իսպանիան ցուցադրեց լավագույն ֆուտբոլն այս մրցաշարում։ Նրանց կազմում կան հրաշալի վինգերներ, որոնք կարողանում են մտնել տուգանային հրապարակ եւ գոլ խփել։ Իսպանիան շատ ամբողջական թիմ է, որն ունի իր ուժեղ կողմերը, բայց, հավանաբար, ունի նաեւ թույլ կողմեր։

Մենք վստահ ենք, որ կարող ենք հասնել հաջողության եւ գիտենք՝ ինչ է պետք անել։ Հույս ունեմ, որ հրաշալի ճակատամարտ կստացվի։

2022-ի աշխարհի առաջնությունում տիտղոսին այդքան մոտ լինելուց հետո մենք ցանկանում ենք բարձրացնել գավաթն այստեղ։

Շատ լավ տրամադրություն ունենք, բոլորը երջանիկ են, որ այստեղ են։ Շատ էներգիա ենք ծախսել, որպեսզի հասնենք կիսաեզրափակիչ։ Անհամբեր սպասում ենք Իսպանիայի հետ դիմակայությանը»,- Ադրիեն Ռաբյոյի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Իսպանիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 10-ին կվիճարկեն Նիդերլանդների եւ Անգլիայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News