17:37  ,  4 հուլիսի, 2024

Գուլիտ․ Ռոնալդուի վարքն անընդունելի է, տեսա կոկորդիլոսի արցունքներ

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն Ռուդ Գուլիտը քննադատել է Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Սլովենիայի դեմ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում ցուցադրած անհաջող խաղի համար։ 105-րդ րոպեին էլ Ռոնալդուի իրացրած 11-մետրանոցը հետ էր մղել դարպասապահ Յան Օբլակը։ 

«Պորտուգալիայի հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են Ռոնալդուից լավ իրացնել տուգանային հարվածները, բայց նա սովորականի նման ցանկանում էր լինել ուշադրության կենտրոնում։ Նա ձախողեց բոլոր տուգանայինները, վրիպեց 11-մետրանոցից, հետո էլ սկսեց հեկեկալ։ Ռոնալդուի վարքն անընդունելի է․ ես տեսա կոկորդիլոսի արցունքներ»,- Գուլիտի խոսքը մեջբերում է FanzWord-ը։

Պորտուգալիան Սլովենիային հաղթել էր հետխաղային 11-մետրանոցներով՝ 3:0։ Երեք սեյվ էր կատարել պորտուգալացիների դարպասապահ Դիոգու Կոշտան։ Հարվածներն արդյունավետ էին իրացրել Ռոնալդուն, Բրունու Ֆերնանդեշը եւ Բերնարդու Սիլվան։

Քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի մրցակիցը կլինի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս