10:42  ,  1 հուլիսի, 2024

Մբապե․ Դիմակով խաղալը բացարձակ մղձավանջ է

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ») դժգոհել է, որ շատ անհարմար է պաշտպանիչ դիմակով խաղալը։

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին խաղում Մբապեն մրցակցի ուսին բախվելու հետեւանքով քթի կոտրված էր ստացել, Ֆրանսիան 1:0 հաշվով հաղթել էր Ավստրիային։

«Հարվածի պահին ոչինչ չհասկացա։ Երբ տեսա, թե ինչպես է մրցակցի դարպասապահը նայում վրաս, հասկացա, որ ինչ-որ բան այնպես չէ։ Երբ տեսա դեմքս հայելու մեջ, մտածեցի, որ մրցաշարն ավարտված է ինձ համար։

Դիմակով խաղալը բացարձակ մղձավանջ է։ Ստիպված էի փոխել առաջինը, քանի որ հարմար չէր։

Դիմակով խաղալը բարդ է, քանի որ սահմանափակում է կողմնային տեսողությունդ, նաեւ քրտինք է կուտակվում եւ ստիպված ես լինում հանել դիմակդ, որպեսզի քրտինքը չորացնես։

Տպավորություն է, որ 3D ակնոցով VIP օթյակից ֆուտբոլ եմ դիտում։ Տեսնում եմ մարդկանց շուրջս, բայց չկա զգացողություն, որ խաղադաշտում եմ»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

1/8 եզրափակիչում Ֆրանսիան հուլիսի 1-ին կմրցի բելգիացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում