11:39  ,  15 հունիսի, 2024

Ռոբերտ Էմմիյան․ Օլիմպիական խաղերի մեկ մասնակից ունենք սպիտակ քարտով, կփորձենք երկրորդը ունենալ

Փարիզի Օլիմպիական խաղերում աթլետիկայից մեկ մասնակից հստակ կունենանք: Այժմ բանակցում ենք երկրորդ սպիտակ քարտը ձեռք բերելու ուղղությամբ: Լեւոն Աղասյանն այս մրցաշրջանում լավագույն արդյունքները ցույց չտվեց վնասվածքի պատճառով: Նրա հետ խոսեցի եւ եկանք համաձայնության, որ այս օլիմպիական փուլը բաց կթողնի եւ կբուժվի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ֆրանսիայից ասաց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։

11 օլիմպիականից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականը շուտով կհամալրվի եւս մարզիկով: Սպիտակ քարտով Խաղերին մասնակցելու իրավունք կունենա աթլետիկայի հավաքականի ամենաբարձր արդյունքները եւ վարկանիշներն ունեցող մարզիկներից մեկը: Ըստ Ռոբերտ Էմմիյանի, այս պահին լավագույն արդյունքը ցույց է տալիս վազորդ Երվանդ Մկրտչյանը: Հայաստանի առաջատար եռացատկորդ, Ռիոյի եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցած Լեւոն Աղասյանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու պայքարից դուրս է մնացել: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայի հետ բանակցում է Հայաստանին եւս մեկ սպիտակ քարտ տրամադրելու ուղղությամբ:

«Հայաստանի հավաքականն այս շրջանում Ֆրանսիայում է, որտեղ երկրորդ ուսումնամարզական հավաքն է անցնում: Մեր վարկանիշային մրցաշարերի պատուհանը փակվում է հունիսի վերջին: Դեռ ունենք վարկանիշային մրցաշարեր: Թիմը պատրաստվում է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որտեղ եւս խաղարկվելու են օլիմպիական վարկանիշներ:

Հունիսի 6-ից Փարիզի շրջանի Անտոնիկ քաղաքում 14 հոգանոց թիմը լավագույն պայմաններում հավաք անցավ, որն ուղղված էր Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլին: Հունիսի 20-ին թիմի հետ մեկնում ենք Ջիբրալթար՝ Եվրոպայի առաջնության: Մրցաշարը կմեկնարկի հունիսի 24-ին: Սրանից առաջ եւս մեկ հավաք ենք ունեցել ապրիլին Լիոնում: Այս առումով ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Փարիզի քաղաքապետին, Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիային, հայ համայնքին, Ֆրանսիայի սպորտի ղեկավարներին, Անտոնիկի քաղաքապետին, բոլորին, ովքեր աջակցեցին մեր թիմին այստեղ երկու մեծ հավաք ունենալ: Իմ կապերով կարողացա կազմակերպել այդ հավաքները լավագույն պայմաններում:

Ինչ վերաբերում է Օլիմպիական խաղերին, այս պահին մեկ մասնակից ունենք սպիտակ քարտով: Այժմ աշխատում ենք երկրորդ սպիտակ քարտը ձեռք բերելու ուղղությամբ: Ես խնդրել եմ, որ մեզ ընդառաջեն եւ եւս մեկ մասնակցի հնարավորություն տան: Այս տարի ավելի բարդ է ուղեգիր ձեռք բերելը, սպիտակ քարտով մասնակիցների թիվը նույնպես կրճատվել է: Խոսքը Հայաստանին չի վերաբերում միայն, այլ բոլորին: Դիմել եմ միջազգային ֆեդերացիա եւ բանակցում ենք հնարավորության դեպքում երկրորդը տրամադրելու ուղղությամբ: Ուզում եմ, որ աթլետիկայից ավելի շատ մասնակից ունենանք:

Մեկ մասնակից 100 տոկոս կունենանք: Հիմա կփորձենք երկրորդը ունենալ: Ցանկանում եմ, որ նորմալ ձեւով ներկայանանք Օլիմպիական խաղերին: Շատ հավանական է, որ Երվանդ Մկրտչյանը մասնակցի Օլիմպիական խաղերին: Ինձ համար նախընտրելի է, որ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքում հանդես գա: Մինչեւ այս ամսվա ավարտը ուղեգրերի հասցեատերերը պարզ կլինեն, այդ թվում՝ սպիտակ քարտերինը:

Մեր գլխավոր մարզիչի հետ քննարկումներում եկել ենք ընդհանուր համաձայնության, որ այս պահին ունեցած մեկ սպիտակ քարտը կտրվի ամենալավ արդյունք ցույց տվող, ցույց տված աթլետին: Հնարավորություն կտանք վարկանիշով ամենաբարձր մարզիկին, որն այս պահին Երվանդ Մկրտչյանն է: Մեր մարզիկների ցույց տված արդյունքներով շատ դժվար է օլիմպիական վարկանիշ լրացնել: Ամեն դեպքում այս պահին ամեն ինչ դեռ օդի մեջ է:

Ջիբրալթարում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը եւս վարկանիշային է: Եթե որեւէ սենսացիոն իրադարձություն տեղի չունենա, օրինակ՝ մեր աթլետները վարկանիշ չլրացնեն, երկրորդը եւս սպիտակ քարտով կլինի: Ամեն դեպքում հուսանք՝ երկրորդ մասնակից էլ կունենանք:

Ցավոք, մեր առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը վնասվածքի պատճառով չկարողացավ լավ արդյունքներ ցույց տալ, օլիմպիական վարկանիշային նորմատիվներ լրացնել եւ դուրս մնաց պայքարից: Լեւոնի հնարավորությունները մեծ են, ափսոս՝ վնասվածքը խանգարեց:

Երկրորդ սպիտակ քարտը ունենալու դեպքում էլ Լեւոն Աղասյանի մասնակցությունը հնարավոր չի: Մենք միասին խոսել եւ պայմանավորվել ենք, որ նա վերադառնում է Հայաստան եւ բուժում անցնում: Հունիսի 25-26-ը Կապանում վարկանիշային մրցաշար կա, որին կմասնակցի: Ամեն դեպքում, մենք որոշել ենք, որ նա առաջնային զբաղվի իր վնասվածքով եւ առողջական խնդիրներով»,- ասաց Ռոբերտ Էմմիյանը:

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում