22:14  ,  6 հունիսի, 2024

«Փյունիկը» երկարաձգել է Եղիշե Մելիքյանի պայմանագիրը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» երկարաձգել է համագործակցությունը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը:

«Ես շատ ուրախ եմ` Եղիշե Մելիքյանն երկարաձգել է պայմանագիրը: Դա նշանակում է, որ «Փյունիկը» կպահպանի մարտական ոգին ու բնավորությունը, որն օգնում է մեզ պայքարել հաղթանակի համար ամեն խաղում, ինչպես նաև կշարունակի ուրախացնել մեր հավատարիմ երկրպագուներին և օրինակ ծառայել «Փյունիկի» մարզադպրոցի սաների համար»,- «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Մելիքյանը գլխավորում է երևանյան թիմը 2022 հունվարից: Այս ընթացքում 45-ամյա մասնագետը ակումբին առաջնորդել է երկու չեմպիոնությունների առաջնությունում, հանդես եկել եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում ու տոնել հայկական ակումբային ֆուտբոլի առաջին հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի վերոնշյալ փուլում: Նա մեկական անգամ ճանաչվել է Հայաստանի (2022) ու Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ (2021/22): Ընդհանուր առմամբ, «Փյունիկի» ղեկին Մելիքյանն ունի հաղթանակների 60 տոկոս հարաբերակցություն:

«Ես շատ երջանիկ եմ շարունակել ճանապարհը «Փյունիկի» հետ միասին: Մենք ունենք նոր նպատակներ և սկսելու ենք նոր էջից: Վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի: 

Ես շատ եմ սիրում «Փյունիկը», դժվար է պատկերացնել իմ կյանքը առանց այս ակումբի, այդ փաստը ևս մեծ դեր է խաղացել որոշում կայացնելիս: Հպարտ եմ, որ միասին ստեղծել ենք նման թիմ և կոլեկտիվ, հաղթահարել ենք շատ դժվարություններ, և նոր մարտահրավերները մեզ չեն վախեցնում: Կոչ եմ անում երկրպագուներին լինել միասնական: Վստահ եմ՝ միասին շարժվելու ենք առաջ ու դեպի վերև»,-ասել է Եղիշե Մելիքյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով