18:18  ,  6 հունիսի, 2024

Ալեքսանդր Պետրակով․ Եվրոպայում թույլ թիմեր չեն մնացել

Շատ եմ ուզում հաղթել վաղվա խաղում: Արդեն տարիքով մեծ եմ, բայց երբեք այսքան շատ չեմ պարտվել: Իսկապես շատ եմ ուզում, որ վաղվա խաղի արդյունքը դրական լինի մեզ համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը՝ խոսելով հունիսի 7-ին Երեւանում անցկացվելիք Հայաստան - Ղազախստան ընկերական հանդիպումից ակնկալիքների մասին:

«Նախորդ՝ Սլովենիայի հետ խաղը չեմ կարծում, որ ձախողեցինք: Առաջին խաղակեսում ավելի թույլ խաղ ցուցադրեցինք: Երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց լավ խաղալ: Ունեինք օբյեկտիվ պատճառներ: Նախ մենք հնարավորություն չէինք ունեցել մարզվել այդ մարզադաշտում: Հորդառատ անձրեւից հետո հնարավորություն չունեցանք նախախաղային մարզում անցկացնել: Բացի այդ պաշտպանությունում երեք խաղացողներ՝ Ստյոպա Մկրտչյանը, Նաիր Տիկնիզյանը եւ Գեորգի Հարությունյանը երեք ամիս չէին խաղացել: Արտակ Դաշյանը նույնպես «Փյունիկում» տեւական ժամանակ չէր խաղացել: Մի բան է մարզումներ անցկացնելը, մեկ այլ բան՝ խաղալը: Այդ պատճառով կար որոշակի ընկճվածություն: Չեմ ցանկանում որեւէ արդարացում գտնել, ամեն դեպքում երկրորդ խաղակեսն ավելի լավն էր, բայց չեմ կարծում, որ առաջինը տապալված էր: Տղաները երկրորդ խաղափուլում հավաքվեցին:

Վաղվա մրցակիցը շատ լավ թիմ է։ Իմ կարծիքով Եվրոպայում թույլ թիմեր չեն մնացել, քանի որ յուրաքանչյուր երկրի ղեկավարություն հասկանում է, որ ֆուտբոլը երկրի դեմքն է եւ մեծ ներդրումներ է արվում: Համարում եմ, որ Ղազախստանը բավականին հաճելի եւ լավ խաղ ցուցադրող հավաքական է: Նրանց խաղաոճը մի փոքր փոխվել է եւ այժմ ավելի ագրեսիվ ֆուտբոլ են ցուցադրում:

Ես շատ եմ ուզում հաղթել վաղվա խաղում: Արդեն մեծ մարդ եմ, բայց երբեք այսքան չեմ պարտվել: Ընկերական խաղեր չեն լինում, լինում են ստուգողական խաղեր: Դեռ դեկտեմբերին ինձ առաջարկում էին այլ հավաքականներ ընկերական խաղերի համար, բայց մոտեցումներն այնպիսին էր, որ մեր բոլոր մրցակիցները լինեին Եվրո-2024 եզրափակիչի մասնակիցներ:

Ինձ ասացին, որ այդ դեպքում, բոլոր խաղերը պետք է լինեն արտագնա, բայց ես ցանկանում էի, որ մեկ խաղ ունենանք Երեւանում, մեր երկրպագուների համար: Իսկապես շատ եմ ուզում, որ վաղը լավ արդյունքով ավարտվի խաղը:

Ինչ վերաբերում է հավաքական հրավիրված նոր ֆուտբոլիստներին, ինձ շատ դուրս եկավ նրանց մարդկային որակները: Նրանց վերաբերմունքը գործին ինձ շատ ուրախացրեց: Խաղադաշտում դեռեւս վաղ է նրանց հետ մեծ հույսեր կապել:

Ինձ դուր չի գալիս, որ փորձում ենք որոշակի արհամարհական վերաբերմունք ունենալ մեր մրցակիցների նկատմամբ: Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Ֆարեյան կղզիների հավաքականների հետ բարդ խաղեր են լինելու: Փորձելու ենք դիրքային գրոհները զարգացնել:

Սարգիս Ադամյանին անցած հունիսին հրավիրել էի հավաքական, նա չկարողացավ գալ եւ ասաց, որ պետք է ներկա գտնվի կնոջ ծննդաբերությանը: Նրա փոխարեն Կիպրոսի հետ խաղում Ռանոսին դուրս բերեցի խաղադաշտ, եւ նա դարձավ երկու գոլի հեղինակ: Սեպտեմբերյան խաղերում նորից հրավիրեցի Ադամյանին, բայց նախապատվությունը տվեցի Ռանոսին: Հետո ինձ տեղեկություններ հասան, որ Ադամյանը նեղացել է: Ինձ համար անընդունելի է, որ ֆուտբոլիստը այդպես է վերաբերում հավաքականին:

Ես հնարավորինս հետեւում եմ Հայաստանի առաջնության խաղերին, պատանիների խաղերին, բայց տեսնում եմ, որ չկան հարձակվողներ: Հայաստանը նախկինում ունեցել է լավ հարձակվողներ, բայց այժմ ունենք խնդիր այս առումով: Մեծ ցանկություն ունեմ, որ կգա ժամանակ եւ մենք կունենանք լավ հարձակվողներ»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը:

Հիշեցնենք, որ ազգային թիմը հունիսի 4-ին ընկերական խաղում հյուրընկալվել էր Եվրո-2024-ին պատրաստվող Սլովենիայի հավաքականին եւ պարտություն կրել 1:2 հաշվով:

Ղազախստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին Երեւանում եւ կմեկնարկի 20:00-ին։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով