17:07  ,  8 մայիսի, 2024

Թիերի Անրի․ Բոլորս էլ գիտենք, որ Մբապեն հեռանում է

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող, Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Թիերի Անրին աջակցություն է հայտնել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, որը ֆրանսիական մամուլի կողմից ստացել է ամենացածր գնահատականները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղից հետո։ ՊՍԺ-ն 0:1 հաշվով պարտվել է Դորտմունդի «Բորուսիային» եւ դուրս մնացել պայքարից։

Սպասվում է, որ ամռանը Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

«Բոլորս էլ գիտենք, որ Մբապեն հեռանում է ՊՍԺ-ից։ Նա հրաշալի էր փարիզյան ակումբում եւ կարող է հպարտորեն հեռանալ։ Բոլորին չէ վիճակված նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Բայց Կիլիանը մեծ ֆիգուր է եւ հրաշալի է խաղացել ՊՍԺ-ում այս տարիների ընթացքում։ Ես նրան չէի թիրախավորի Չեմպիոնների լիգայում չհաղթելու համար։

Կասկածից վեր է, որ Մբապեն ՊՍԺ-ի պատմության մեջ մեծագույն խաղացողն է։ Նրա նվաճումներն ու ազդեցությունը ֆուտբոլային աշխարհում անվիճելի են։ Ինձ համար նա լավագույնն է ՊՍԺ-ի պատմության մեջ»,- Անրիի խոսքը մեջբերում է CBS Sports-ը։

2018 թվականից ՊՍԺ-ում հանդես եկող Մբապեն 255 գոլով ակումբի լավագույն ռմբարկուն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում