13:45  ,  7 մայիսի, 2024

IWF նախագահ․ Միջազգային ֆեդերացիայում հպարտանում ենք հայ ծանրորդների արդյունքներով

Միջազգային ֆեդերացիայում հպարտանում ենք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի, հայ ծանրորդների արդյունքներով: Համոզված եմ, որ Փարիզ-2024-ում Հայաստանը կպայքարի օլիմպիական ոսկե մեդալների համար: Գիտեմ, որ երեք քաշային կարգերում Օլիմպիական խաղերում պայքարելու են ուժեղագույն ծանրորդներ, այդ թվում Լալայանը եւ Կարապետյանը: Ցանկանում եմ, որ նրանց շնորհիվ Փարիզում բարձրանա եւ ծածանվի Հայաստանի դրոշը:

Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ասաց  Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մոհամեդ Ջալուդը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

2027 թվականին Երեւանը կընդունի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այն առաջինն է օլիմպիական մարզաձեւերից, որը կանցկացվի Հայաստանում։ Այն կլինի նաեւ 2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար։

«Շնորհակալ եմ, Հայաստանը հրավիրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիային այս կարեւոր այցի շրջանակներում: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է 2028թ․ Օլիմպիական խաղերի ծանրամարտի վարկանիշային մրցաշարը՝ 2027թ․ աշխարհի առաջնությունը, վստահել Հայաստանին: Սա զուտ աշխարհի առաջնություն չի լինելու, այլ երկրորդ օլիմպիական վարկանիշային մրցաշար է լինելու Լոս Անջելես-2028-ի համար: Առաջին վարկանիշային մրցաշարը կլինի Չինաստանում, երկրորդը՝ Հայաստանում:

2023 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո միջազգային ֆեդերացիայում Հայաստանը կազմակերպման առումով ամենաուժեղ երկրներից մեկն է: Ծանրամարտը ավանդական մարզաձեւ է Հայաստանում եւ տարիներ շարունակ Օլիմպիական խաղերում ունեցել է մեդալակիրներ: Համոզված եմ, որ Փարիզ-2024-ում Հայաստանը կպայքարի օլիմպիական ոսկե մեդալների համար: Գիտեմ, որ երեք քաշային կարգերում Օլիմպիական խաղերում պայքարելու են ուժեղագույն ծանրորդներ, այդ թվում Լալայանը եւ Կարապետյանը: Ցանկանում եմ, որ Փարիզում այս ծանրորդների շնորհիվ բարձրանա եւ ծածանվի Հայաստանի դրոշը: Միջազգային ֆեդերացիայում հպարտանում ենք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի, հայ ծանրորդների արդյունքներով, ինչն ապացուցում է, որ այս մարզաձեւը երկրում զարգացած է եւ ուժեղ մարզաձեւերից է համարվում: Համոզված ենք նաեւ, որ Միջազգային ֆեդերացիան, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչ Փաշիկ Ալավերդյանի եւ կառավարության աջակցությամբ 2027 թվականին կկազմակերպի լավագույն աշխարհի առաջնությունը: Տեղյակ ենք, որ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ է օլիմպիական մարզաձեւի աշխարհի առաջնություն ընդունելու, եւ ուրախ ենք, որ առաջինը ծանրամարտն է: Հայաստանին եւ հայ օլիմպիականներին Փարիզում մաղթում եմ բարձր արդյունքներ, մասնավորապես ծանրորդներին:

Այս պահին մեր այցելությունը Հայաստան աշխարհի առաջնության կազմակերպման ընթացքում միայն սկիզբն է: Մեր այցերը շարունակական են լինելու: Պատրաստ ենք աջակցել Հայաստանին ցանկացած խնդրում, հարցով: Կաջակցենք, որպեսզի 2027 թվականի աշխարհի առաջնությունը ծանրամարտի պատմության մեջ լավագույններից մեկը լինի:

Ես եւ ֆեդերացիյի գլխավոր քարտուղարն այս այցի շրջանակում ծրագիր կկազմենք ապագա անելիքների համար, որպեսզի ավելի սերտ համագործակցենք Հայաստանի հետ: Ես ցանկանում եմ, որ 2028 թվականի Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականում տեսնենք ոչ միայն ուժեղ տղամարդ ծանրորդների, այլեւ ուժեղ կանանց»,- ասաց IWF նախագահ Մոհամեդ Ջալուդը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում