13:23  ,  5 ապրիլի, 2024

Եկել եմ Հայաստան ոչ միայն «Սարդարապատի» հետ համագործակցության, այլեւ հայկական ֆուտբոլին ծանոթանալու համար

Եկել եմ Հայաստան ոչ միայն «Սարդարապատի» հետ համագործակցության, այլեւ հայկական ֆուտբոլին ծանոթանալու համար: Հայաստանում երեխաներն ավելի շատ են հետաքրքրված ֆուտբոլով, քան, օրինակ, Իտալիայում: Իմ կարծիքով, հայ երեխաներին ավելի շատ պետք են իդեալները, որոնցով նրանք կառաջնորդվեն, կփորձեն նմանվել: Մեր ճամբարում կփորձենք նրանց օգնել դառնալ լավագույն խաղացողներ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իսպանական «Աթլետիկո Մադրիդի» միջազգային զարգացման կոորդինատոր Կառլոս Կանո Լորենցոն:

Արմավիրի «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի նախագահ Սեւան Կարիանի հրավերով  իսպանացի մասնագետն այժմ Երեւանում է: «Աթլետիկո Մադրիդը» այս ամառ հայ պատանի ֆուտբոլիստների համար ճամբար կանցկացնի:

«Շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում: Սա մեր առաջին այցն է Հայաստան, «Աթելտիկո Մադրիդի» առաջին ճանապարհորդությունն է այստեղ: Մենք մեծ ցանկություն ունենք ուսումասիրել եւ ծանոթանալ հայկական ֆուտբոլին եւ հասկանալ, թե ինչ զարգացման փուլում է այն գտնվում: Ցանկանում ենք պատկերացում կազմել նաեւ, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ինչ պատկերացում ունի մասսայական ֆուտբոլի զարգացման հարցում:

Մենք այստեղ ենք «Սարդարապատ» ակումբի նախագահի հրավերով, որը կամուրջ է հանդիսանում մեզ համար: Մենք միասին փորձելու ենք ամրապնդել ֆուտբոլի փիլիսոփայությունն ու մեթոդոլոգիան այստեղ: Մեր համագործակցության առաջին քայլը ֆուտբոլային ճամբարի բացումն է Արմավիրում: Այն տեղի կունենա մի քանի ամսից: Ճամբարն անցնելու է «Աթլետիկո Մադրիդի» մարզիչների մասնակցությամբ: Խոսքը հենց մեր ակումբի մարզիչների մասին է, որոնք ժամանելու են Արմավիր:

Մեզ համար շատ կարեւոր է, որ պատանի ֆուտբոլիստները տեսնեն մեր ակումբի մարզիչներին, հաղորդակցվեն նրանց հետ, մարզվեն նրանց գլխավորությամբ: Նրանք գիտեն՝ ինչպես աշխատել երեխաների հետ: Մեզ համար մեծ ոգեւորություն է, որ «Աթլետիկո Մադրիդը» գալիս է Հայաստան: Մեր առաջին համագործակցությունը սկսվում է «Սարդարապատից»: Մեր գիտելիքներով կօգնենք ակումբին հասնել հաջողությունների:

Հայաստանում նախատեսված ֆուտբոլային ճամբարը տարբերվելու է մյուս երկրներում անցկացվող ճամբարներից: Այն անցնելու է մարզումներով, մարզիչների հետ սեմինարներով: Մեզ համար կարեւոր է, որ կարողանանք իսպանական ֆուտբոլի փիլիսոփայությունը բերել Հայաստան: Կունենանք վիդեոդասեր եւ կներկայացնենք այն մեթոդը, որն ուսանում ենք մեր ակադեմիայի սաներին: Մեզ համար կարեւոր է, որ այս ամենը հասկանան երեխաները, հասկանան, որ ֆուտբոլիստ դառնալու նպատակը հաղթելու մեջ չի, այլ լավ ֆուտբոլիստ լինելու մեջ է: Պետք է հասկանան, որ առաջին հերթին պետք է դառնան լավ խաղացողներ: Հայ երեխաների հետ կաշխատեն ՈՒԵՖԱ-ի կողմից լիցենզավորված մարզիչներ:

Ես եկել եմ Հայաստան ոչ միայն «Սարդարապատ» ակումբի հետ համագործակցության համար, հայկական ֆուտբոլին ծանոթանալու համար: Ուզում եմ ավելին իմանալ Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին, հասկանալ, թե ինչ քայլերով կարող ենք աջակցել այդ զարգացմանը: Իրականում հայ պատանիները շատ հետաքրքրված են ֆուտբոլով, ուզում են լավ խաղացողներ դառնալ: Օրինակ՝ Իտալիայի հետ համեմատ Հայաստանում երեխաներն ավելի շատ են հետաքրքրված  ֆուտբոլով: Իմ կարծիքով, հայ երեխաներին ավելի շատ պետք են իդեալները, որոնցով նրանք կառաջնորդվեն, կփորձեն նմանվել»,- ասաց Կարլոս Կանո Լորենցոն:

«Սարդարապատ» ակումբի տնօրեն Անուշ Անանյանը իսպանացի մասնագետին լրացրեց, որ հայ երեխաներին ավելի շատ պետք են Հենրիխ Մխիթարյանի նման իդեալներ:

«Կարեւոր է, որ մենք պատանիների վրա ուշադրություն դարձնենք, քանի որ նրանք են մեր ապագան: Նրանց հետ պետք է աշխատենք հիմա, որ ապագայում ունենանք լավ ֆուտբոլիստներ: Այս մտածելակերպով եւ ծրագրով, մանկապատանեկան ֆուտբոլի վրա շեշտադրությունով շուրջ տասը տարի հետո Հայաստանը կունենա ուժեղ խաղացողներ, պրոֆեսիոնալ մակարդակում բարձր արդյունքներ գրանցող ֆուտբոլիստներ»,- ավելացրեց իսպանացի Կարլոս Կանո Լորենցոն:

Անուշ Անանյանը տեղեկացրեց, որ մեկ շաբաթից «Աթելտիկո Մադրիդի» պաշտոնական կայքում կբացվի «Հայաստան» բաժին, որտեղ կներկայացվի Հայաստանում իսպանական ակումբի ծրագրերը, Հայաստանը, հայկական ֆուտբոլն ու «Սարդարապատ» ակումբի հետ համագործակցությունը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում