12:48  ,  5 ապրիլի, 2024

«Աթլետիկո Մադրիդը» Արմավիրում ֆուտբոլային ճամբար կանցկացնի հայ պատանի ֆուտբոլիստների համար

Իսպանական «Աթլետիկո Մադրիդ» ակումբը հայ պատանի ֆուտբոլիստների համար ամառային ճամբար կանցկացնի Արմավիրում: «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը եւ «Աթլետիկո Մադրիդը» համագործակցության 5 տարվա պայմանագիր են կնքել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Սեւան Կարիանը:

Այս օրերին Սեւան Կարիանի հրավերով Երեւանում է «Աթլետիկո Մադրիդի» միջազգային զարգացման կոորդինատոր Կառլոս Կանո Լորենցոն:

Իսպանական ակումբի ներկայացուցիչը, Սեւան Կարիանը եւ ակումբի գլխավոր տնօրենը ներկայացրել են «Աթլետիկո Մադրիդի» հետ համագործակցության մանրամասները եւ առաջիկա անելիքները:

Սեւան Կարիանի խոսքով, իսպանական ակումբի հետ համագործակցությունը, ամառային ճամբարը կնպաստի Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը:

«Այսօր մեկնարկ ենք տալիս եվրոպական ամենահայտնի ակադեմիաներից մեկի հետ համագործակցության: Շատ ուրախ ենք այս համագործակցության համար, Արմավիրում գործող մեր ակումբի այս հնարավորության համար: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային մեր ակումբին աջակցելու եւ օգնելու համար: Ֆեդերացիան մեզ աջակցել է ենթակառուցվածքներով, ինչը շատ կարեւոր է պատանի ֆուտբոլիստների համար: Մեր ակումբի զարգացմանը նպաստում է նաեւ ֆրանսիական «Լանս» ֆուտբոլային ակումբը, որն իր ներուժով եւ մարզիչներով օգնում է հայ պատանի եւ երիտասարդ ֆուտբոլիստների զարգացմանը:

Այս համատեքստում մենք ցանկացանք ընդլայնել մեր գիտելիքները, մեթոդոլոգիան, խորացնել զարգացման ճանապարհը եւ այդ նպատակով ցանկություն հայտնեցինք համագործակցել իսպանական «Աթլետիկո Մադրիդի» հետ: Կարծում եմ կարիք չկա ներկայացնելու այս ակումբը, քանի որ այն շատ հայտնի է: Ակումբի ընտրությունը պատահական չի, քանի որ այն եվրոպական ամենամեծ ակադեմիաներից մեկն է, ունի 69 խումբ, 200-ից ավելին մարզիչներ ՈՒԵՖԱ-ի կողմից լիցենզավորված: Երկու պրոֆեսիոնալ ակումբ ունեն Մեքսիկայում, Կանադայում:

Այսօր ակումբն արդեն Հայաստանում է: Այս ամառ «Աթլետիկո Մադրիդը» Արմավիրում ֆուտբոլային ճամբար կանցկացնի հայ պատանի ֆուտբոլիստների համար:

Մեր նպատակն է հնարավորինս նպաստել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, հայ լավագույն ֆուտբոլիստներ ունենալը: Մենք այժմ ունենք լավ հավաքական, ուժեղ խաղացողներ, բայց մեծ մասը դրսի խաղացողներ են: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանն ունենա իր ուժեղագույն ֆուտբոլիստները: Մենք մեր հերթին կփորձենք մեր ակումբում հետագայում ունենալ ուժեղագույն ֆուտբոլիստներ»,- ասաց Սեւան Կարիանը:

«Սարդարապատ» ակումբի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանը մանրամասնեց, որ ֆուտբոլային ճամբարին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր պատանի ֆուտբոլիստները:

«Ֆուտբոլային ճամբարը մեր առաջին քայլն է իսպանական ակումբի հետ: Հետագայում այս համագործակցությունն ավելի կզարգանա: Ճամբարն անցկացվելու է նախնական հունիսի 17-24-ը: Բաց է լինելու 9-15 տարեկան պատանիների համար: Երկու տարբեր խմբերով է ընթանալու: Մեծ ուշադրություն է դարձվելու մարզումներին, որոնք անցկացվելու են Արմավիրի «Սարդարապատ» ակումբի ակադեմիայում:  Ճամբարը նախատեսված է լինելու 40 պատանիների համար՝ երկու տարիքային խմբերով: Ճամբարը բաց է լինելու նաեւ աղջիկների համար:

Մարզիչները, որոնք ժամանելու են, ճամբարից բացի սեմինարներ են անցկացնելու հայ մարզիչների հետ: Այդ սեմինարներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Վերապատրասումները կլինեն երեք օր՝ երկու օր տեսական եւ մեկ օր մարզադաշտում՝ գործնական»,- նշեց Անուշ Անանյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով