16:13  ,  2 ապրիլի, 2024

Ռոբերտ Արզումանյան․ Ալեքսանդր Պետրակովը փորձում է լուծել կարճաժամկետ խնդիր

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ուրարտուի» եւ «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի աշխատանքին։

«Մեր Հավաքականի մարզիչը կարծես իր որոշումների մեջ հայտնվել է միակ պատասխանատուի դերում։ Ես այժմ չեմ խոսի իր որոշումների բացարձակ ճշմարտացիության մասին։

Հայկական ֆուտբոլի իրողություններում Ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության կարեւորագույն բաղադրիչներից է ունենալ կարճաժամկետ կամ երկարաժամկետ ռազմավարություն, որն ինքնին ենթադրում է մեծ հավատ ու վստահություն մարզչի հանդեպ։

Այս պահի դրությամբ Պետրակովը փորձում է լուծել կարճաժամկետ խնդիր՝ այն է հաղթել, եւ այդ ճանապարհին նա կայացնում է համապատասխան որոշումներ, որոնք ընդունվում են ոչ միանշանակ, եւ բոլոր հարվածներն ընդունում իր վրա միայնակ՝ առանց նկատելի աջակցության: Այս գործընթացը ինչպես միշտ տանում է մեզ ծանոթ եւ կրկնվող տեղ՝ նոր մարզչի փնտրտուք։

Ես հայտնում եմ իմ վստահությունն ու աջակցությունը Հավաքականի մարզչին, հարգանքով մոտենոմ իր որոշումներին՝ շատ լավ իմանալով, թե դա ինչքան կարեւոր է թիմի հաղթանակների համար»,- գրել է Ռոբերտ Արզումանյանը:

Հիշեցնենք, որ նախորդ երկու ընկերական հանդիպումներում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Կոսովոյի թիմին, 1:2 հաշվով Չեխիայի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով