00:09  ,  20 փետրվարի, 2024

ԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը բրոնզե մեդալով ավարտեց մարզական կարիերան (ֆոտո)

Հռիփսիմե Խուրշուդյանը իր մարզական կարիերայի վերջին մեդալը նվաճեց Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Կանանց 87 կգ քաշային կարգում Հայաստանի առաջատար ծանրորդը մարզական կարիերայում 6 տարվա դադարից հետո նորից ուժեղագույնների պայքարում էր եւ երկրորդ տարին անընդմեջ բրոնզե մեդալակիր է:

Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտում գրանցեց 227 կգ (105+122):

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը 227 կգ արդյունքով 4-րդն է (103+ 124):

Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի  բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 103 կգ, երկրորդ փորձից հետո՝ 105 կգ: 2 երեխաների մայրը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Տաթեւ Հակոբյանը հաջող կատարեց միայն մեկ մոտեցում, որով պոկեց 103 կգ: Այս վարժությունում Հակոբյանը՝ 5-րդն է:

Հրում վարժությունում Խուրշուդյանը միայն մեկ մոտեցում հաջող կատարեց՝ բարձրացնելով 122 կգ: Երրորդ անհաջող մոտեցումից հետո հանեց մարզակոշիկներն ու հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին: 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնն արցունքներով շնորհակալություն հայտնեց երկրպագուներին եւ հեռացավ մրցահարթակից:

Տաթեւ Հակոբյանը հրումում միայն մեկ մոտեցում հաջողեց եւ բարձրացրեց 124 կգ:

 

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը հերթական անգամ նվաճեց նորվեգացի Սոլֆրիդ Էիլա Ամենա Կոանդան (280 կգ):

Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (107+120)։

Տաթեւ Հակոբյանը Երեւանում մասնակցել է 76 կգ քաշային կարգում եւ երկամարտի 226 կգ արդյունքով նվաճել փոխչեմպիոնի կոչումը (104+122):

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում Սոֆիայի մրցահարթական դուրս կգան նաեւ Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն նվաճել է 3 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ:

Եվրոպայի չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (96 կգ): Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) եւ բրոնզե մեդալակիր՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս