23:46  ,  18 փետրվարի, 2024

Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն (ֆոտո)

Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը հավասարը չունեցան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում: Երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հակոբ Մկրտչյանը: Դավիթ Հովհաննիսյանը 1 կգ-ով զիջեց  թիմակցին եւ նվաճեց արծաթե մեդալ:

2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցեց 375 կգ արդյունք  (166+209): Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանի երկամարտի արդյունքը 374 կգ է (169+205):

Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունը սկսեց 161 կգ-ով եւ հաջողությամբ ծանրաձողը պահեց գլխավերեւում: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ ֆիքսեց նաեւ 166 կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար պատվիրած 168 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում Հակոբ Մկրտչյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Հովհաննիսյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ ձախողեց 166 կգ-ն: Երկրորդ մոտեցմամբ դժվարությամբ պոկեց 166 կգ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 169 կգ: Դավիթ Հովհաննիսյանը այս մոտեցումն էլ հաջողությամբ կատարեց եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:

Հրում վարժության առաջին մոտեցմամբ Հովհաննիսյանն ու Մկրտչյանը մեկնարկեցին 200 կգ-ով եւ հաջողությամբ կատարեցին: Երկրորդ մոտեցմամբ էլ երկու ծանրորդները հաջողությամբ հրեցին 205 կգ-ոց ծանրաձողը:

Երրորդ մոտեցումով Մկրտչյանը հրեց 209 կգ, Հովհաննիսյանը ձախողեց 210 կգ-ն: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը ուժասպառ եղավ եւ ընկավ՝ գցելով ծանրաձողը:

96 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր դարձավ բելառուս ծանրորդ Պավել Կադասեւիչը: Երկամարտում նա գրանցեց 360 կգ արդյունք 165+195:

Հակոբ Մկրտչյանը 2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն է: Սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով 6-րդն էր (164+208), Դավիթ Հովհաննիսյանը 368 կգ արդյունքով 9-րդը (168+200):

Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) Երեւանում անցկացված ԵԱ-ում երկրորդ անգամ հչակվեց չեմպիոն: Երկամարտում գրանցեց  377 կգ արդյունք (172+205):

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում Սոֆիայի մրցահարթական դուրս կգան նաեւ Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Պետրոս Պետրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան (+109 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականից կմասնակցեն նաեւ Տաթեւ Հակոբյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ 87 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում