12:54  ,  14 փետրվարի, 2024

Մալխաս Ամոյան․ Հաղթանակս նվիրում եմ հայ եւ եզդի ժողովուրդներին ու շնորհակալ եմ բոլորին մեծ աջակցության համար

Երրորդ չեմպիոնությունը բարդ տրվեց ինձ: Ուրախ եմ, որ կարողացա երրորդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Հաղթեցի թուրք մրցակցին, այո, սա մեծ ուրախություն է, բայց այնտեղ սուգ է, ու դու չգիտես՝ ինչ անել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից ասաց Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը:

Փետրվարի 13-ին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Եզրափակիչում աշխարհի չեմպիոնը 7:0 հաշվով պարտության մատնեց թուրք Յուսուֆ Էմրե Բաշարին:

«Ուրախ եմ, որ կարողացա հռչակվել Եվրոպայի եռակի չեպիոն: Զգացողություններս անբացատրելի են: Սպասում էի, որ կկարողանամ երրորդ անգամ նվաճել տիտղոսը: Ամեն մրցաշարի մեկնում եմ ոսկին նվաճելու նպատակով: Այս հաղթանակներիս համար շնորհակալ եմ իմ մարզիչներին, ընկերներին, հայ եւ եզդի ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցում են:

Երեկվա սահմանային դեպքերի մասին լսելով շատ վատ զգացի ինձ: Այդ պահերին չգիտես, թե ինչ ասել, ինչ անել, մեր զինվորների մասին ցանկացած լուր ավելի է մեծացնում մեր պատասխանատվությունը: Շատ վատ զգացողություն է, երբ լսում ես, տեղեկանում ես ու չգիտես, թե ինչ անել:

Փորձում եմ չհետեւել սոցիալական ցանցերին: Այդ ամենն ազդում է ինձ վրա: Եզրափակիչ գոտեմարտից առաջ կար այդ զգացողությունը, որ չգիտես ինչ անել, երբ լսում ես զինվորների հետ կապված իրադարձությունների մասին: Հաղթեցի թուրք մրցակցին, այո, սա մեծ ուրախություն է, բայց այնտեղ սուգ է, ու դու չգիտես՝ ինչ անել:

Երրորդ հաղթանակն այլ էր ինձ համար: Երբ առաջին անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն, մեծ զգացողություններ ունեի, երկրորդ անգամ եւս: Երեկվա հաղթանակս տարբերվեց նախորդներից: Ասեմ, որ ավելի բարդ տրվեց ինձ այս հաղթանակը:

Ամեն ինչ անելու եմ, որ օլիմպիական ոսկե մեդալը նվաճեմ: Արդեն լիովին կպատրաստվեմ Օլիմպիական խաղերին:

Հաղթանակս նվիրում եմ հայ եւ եզդի ժողովդրին ու շնորհակալ եմ բոլորին մեծ աջակցության համար»,- ասաց Մալխաս Ամոյանը, որը Եվրոպայի առաջնությունում անցկացրեց 4 գոտեմարտ (10:1, 3:2, 2:1, 7:0):

24-ամյա Ամոյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2022 եւ 2023 թվականներին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով