12:54 14 փետրվարի, 2024Երրորդ չեմպիոնությունը բարդ տրվեց ինձ: Ուրախ եմ, որ կարողացա երրորդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Հաղթեցի թուրք մրցակցին, այո, սա մեծ ուրախություն է, բայց այնտեղ սուգ է, ու դու չգիտես՝ ինչ անել:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից ասաց Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը:
Փետրվարի 13-ին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Եզրափակիչում աշխարհի չեմպիոնը 7:0 հաշվով պարտության մատնեց թուրք Յուսուֆ Էմրե Բաշարին:
«Ուրախ եմ, որ կարողացա հռչակվել Եվրոպայի եռակի չեպիոն: Զգացողություններս անբացատրելի են: Սպասում էի, որ կկարողանամ երրորդ անգամ նվաճել տիտղոսը: Ամեն մրցաշարի մեկնում եմ ոսկին նվաճելու նպատակով: Այս հաղթանակներիս համար շնորհակալ եմ իմ մարզիչներին, ընկերներին, հայ եւ եզդի ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցում են:
Երեկվա սահմանային դեպքերի մասին լսելով շատ վատ զգացի ինձ: Այդ պահերին չգիտես, թե ինչ ասել, ինչ անել, մեր զինվորների մասին ցանկացած լուր ավելի է մեծացնում մեր պատասխանատվությունը: Շատ վատ զգացողություն է, երբ լսում ես, տեղեկանում ես ու չգիտես, թե ինչ անել:
Փորձում եմ չհետեւել սոցիալական ցանցերին: Այդ ամենն ազդում է ինձ վրա: Եզրափակիչ գոտեմարտից առաջ կար այդ զգացողությունը, որ չգիտես ինչ անել, երբ լսում ես զինվորների հետ կապված իրադարձությունների մասին: Հաղթեցի թուրք մրցակցին, այո, սա մեծ ուրախություն է, բայց այնտեղ սուգ է, ու դու չգիտես՝ ինչ անել:
Երրորդ հաղթանակն այլ էր ինձ համար: Երբ առաջին անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն, մեծ զգացողություններ ունեի, երկրորդ անգամ եւս: Երեկվա հաղթանակս տարբերվեց նախորդներից: Ասեմ, որ ավելի բարդ տրվեց ինձ այս հաղթանակը:
Ամեն ինչ անելու եմ, որ օլիմպիական ոսկե մեդալը նվաճեմ: Արդեն լիովին կպատրաստվեմ Օլիմպիական խաղերին:
Հաղթանակս նվիրում եմ հայ եւ եզդի ժողովդրին ու շնորհակալ եմ բոլորին մեծ աջակցության համար»,- ասաց Մալխաս Ամոյանը, որը Եվրոպայի առաջնությունում անցկացրեց 4 գոտեմարտ (10:1, 3:2, 2:1, 7:0):
24-ամյա Ամոյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2022 եւ 2023 թվականներին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.