14:58  ,  23 դեկտեմբերի, 2023

Թեժ բանավեճ «Ուրարտուի» նախագահ Ջեւան Չելոյանցի եւ ՀՖՖ ղեկավարների միջեւ

ՀՖՖ նախագահի ընտրության մեկնարկից առաջ «Ուրարտու» ակումբի նախագահ Ջեւան Չելոյանցը հարց հնչեցրեց, բայց նրան փորձեցին թույլ չտալ, քանի որ հարցը ռուսերեն էր: Ջեւան Չելոյանցն ամեն դեպքում հնչեցրեց հարցը, հետաքրքրվելով արդյոք Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը լեգիտիմ է: Նրա խոսքով ՀՖՖ գործող նախագահը պետք է հրաժարական տար մինչեւ ընտրությունը:

«Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը առաջադրվել է լիովին լեգիտիմ կերպով, այն անցել է համապատասխանության ստուգում ընտրական կոմիտեի կողմից: Կանոնադրության որեւէ կետ եւ որեւէ հոդված չի սահմանում պահանջ, որպեսզի գործող նախագահը հրաժարական տա կամ այլ գործառույթ իրականացնի եւ գործող կանոնադրությունը թույլ է տալիս, որ գործող նախագահը շարունակի ղեկավարել մինչեւ ընտրությունների օրը ներառյալ: Առաջադրված երկու թեկնածուների նախագահի պաշտոնի համար առավել քան լեգիտիմ են»,- ասաց ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը:

Գլխավոր քարտուղարը Ջեւան Չելոյանցին եւս մեկ անգամ նկատողություն արեց, թե ինչու է ռուսերեն խոսում, որովհետեւ ըստ կանոնակարգի ժողովի անցկացման լեզուն հայերենն է:

«Ես հիանալի խոսում եմ ռուսերեն եւ դուք դրա մասին շատ լավ գիտեք: Դուք գտնվում եք ՀՖՖ ժողովում, որտեղ պաշտոնական լեզուն հայերենն է: Դուք 7 տարվա ընթացքում լինելով եւ ապրելով Հայաստանում ղեկավարելով ակումբը կարող էիք շատ հանգիստ խոսել հայերեն»,- նկատեց Արթուր Ազարյանը:

«Ուրարտու» ակումբի նախագահն էլ տեղից արձագանքեց.

«Դուք ինձ մի սովորեցրեք ես ինչ եմ կարող, ինչ չեմ կարող անել:   Ես ինչ պետք էր արդեն վաղուց սովորել եմ: Սա մեկ: Հայաստանի բնակչության 95 տոկոսը Մելիքբեկյանին դեմ է: Այդ մասին կտեսնենք ընտրություններից հետո»:

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյան եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզ։

Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել է «Անի» ակումբը, որի նախագահը Խորեն Հովհաննիսյանն է։ Արաս Օզբիլիզի թեկնածությունն առաջադրել է «Ուրարտու» ակումբը, որի նախագահը Ջեւան Չելոյանցն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news