13:07  ,  6 դեկտեմբերի, 2023

«Վեստ Արմենիայի» տնօրեն․ Օզբիլիսը հավաքականի լավագույն ֆուտբլիստներից է եղել, բայց դա չի նշանակում, որ կարող է ղեկավարել ՀՖՖ-ն

Արաս Օզբիլիսը մեր հավաքականի լավագույն ֆուտբլիստներից է եղել, բայց դա չի նշանակում, որ նա պատրաստ է կամ կարող է ղեկավարել ֆեդերացիան։ Մեր նախընտրած թեկնածուն գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի տնօրեն Սարգիս Մարտիրոսյանը։

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ նախագահի ընտրություններ։ Օրերս ֆեդերացիան հաստատեց առաջադրված երկու թեկնածուներին՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին եւ Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիսին։

NEWS.am Sport-ը առաջիկա ընտրությունների մասին խոսել է West Armenia ֆուտբոլային ակումբի տնօրեն Սարգիս Մարտիրոսյանի հետ։

Պարոն Մարտիրոսյան, մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել ՀՖՖ նախագահի ընտրություններին: Ի՞նչ տրամադրվածությամբ եւ ակնկալիքներով եք սպասում անցկացվելիք ընտրություններին:

Ընտրություններին մոտենում ենք շատ հանգիստ: Ակնկալիքները բնականոն են: Կարծում ենք, որ այն կուրսը, որ կար վերջին տարիներին, պետք է շարունակական լինի:

ՀՖՖ նախագահի թեկնածուներ են Արմեն Մելիքբեկյանը եւ Արաս Օզբիլիսը։ Ունե՞ք նախընտրած թեկնածու։

«Վեստ Արմենիայի» նախընտրած թեկնածուն գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է: Չնայած դժվարություններին և խնդիրներին, կարծում ենք՝ վերջին տարիներին դրականն ավելի շատ է եղել, քան բացասականը:

Օրերս Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիսը հայտարարեց ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին: Ինչպե՞ս եք վերաբերում նրա այս որոշմանը եւ տեսնո՞ւմ եք արդյոք նրան ֆեդերացիայի ղեկին:

Արաս Օզբիլիսը մեր հավաքականի, այսպես կոչված, ոսկե սերնդի լավագույն ֆուտբլիստներից է եղել, շատ տաղանդավոր ֆուտբոլիստ էր, որի պոտենցիալն ամբողջությամբ չբացահայտվեց, բայց դա չի նշանակում, որ նա պատրաստ է կամ կարող է ղեկավարել ֆեդերացիան: Մարդիկ մի փոքր աղոտ պատկերացում ունեն ֆեդերացիայի ղեկավարման մասին: Դա ամենօրյա բարդ աշխատանք է, որ պահանջում է մենեջմենթի և ղեկավարելու որոշակի հմտություններ:

Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելու հավանականության մասին ի՞նչ կասեք: Տեսնո՞ւմ եք նրան հետագայում ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Կարծում եմ՝ հավանականությունը շատ մեծ է: Այո, տեսնում եմ:

Եթե ոչ Արմեն Մելիքբեկյանը, Արաս Օզբիլիսը, ում կցանկանայիք տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Երբեք չեմ սիրում ենթադրություններով խոսել: Եթե այս պահին թեկնածուներն այս երկուսն են, ուրեմն այլ մարդիկ չեն համարել, որ իրենք արժանի են կամ պատրաստ են ղեկավարելու ֆուտբոլային այդ կառույցը:

Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ ներկայիս ղեկավարության՝ ի դեմս Արմեն Մելիքբեկյանի, նախորդ 4 տարիների  գործունեությունը:

Կարծում եմ՝ չնայած բազմաթիվ խնդիրներին (կորոնավիրուսի համաճարակ, պատերազմ) վերջին տարիներին մեծածավալ աշխատանք է կատարվել: Զարգացել են ենթակառուցվածքները, որակական աճ է գրանցել մարզչական կրթությունը, ավելի մեծ ուշադրություն է դարձվում մասսայական ֆուտբոլին, մեծ առաջընթաց է գրանցվել ֆուտզալում, ավելի մեծ թիվ են կազմում սիրողական ֆուտբոլի մրցաշարերը: Վերջին տարվա ընթացքում լավ նախադրյալներ են ստեղծվել նաև ավելի ուժեղ և մրցունակ ազգային հավաքական ունենալու համար:

«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբն ի՞նչ խնդիրներ է առանձնացնում հայկական ֆուտբոլում, որը նոր ընտրվող կամ վերընտրվող ղեկավարությունը պետք է լուծի:

Գլխավոր խնդիրը, կարծում ենք, տարբեր տարիքային հավաքականների անհաջողություններն են: Դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ օգնենք ֆեդերացիային սուբյեկտիվ պատճառները նվազեցնել:

Հայաստանի առաջնությունում, ազգային հավաքականում ի՞նչ խնդիրներ կընդգծեք:

Հայաստանի առաջնությունը նախկինի համեմատ կազմակերչական առումով մեծ աճ է գրանցել: Խոսքը վերաբերում է հանդիպումների ցուցադրմանը, մարքեթինգային փաթեթավորմանը, VAR համակարգի ներդրմանը: Ֆուտբոլային մրցակցությունը ևս լավ մակարդակի վրա է, խաղեր կան, որոնց ելքերն անկանխատեսելի են: Հավաքականի վերաբելյալ՝ երևում է, որ Պետրակովը լավ մարզիչ է, լավ աշխատանք է տանում, փորձում է թիմից քաղել առավելագույնը: Կարծում եմ՝ խնդիրը պահեստայինների կարճ նստարանն է: Երբ առաջատարներից մեկը դուրս է մնում շարքից, նրան շատ դժվար է լինում փոխարինել: Ամեն դեպքում, կարծում եմ, թիմը մեծ պոտենցիալ ունի:

Ինչպիսի՞ն է ՀՖՖ - «Վեստ Արմենիա» համագործակցությունը, ի՞նչ խնդիրների եք բախվել նախորդ 4 տարիների փոխգործակցության ընթացքում:

Ֆեդերացիայի հետ ունենք նորմալ աշխատանքային հարաբերություններ:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում նշել է, որ չի հավատում արդար ընտրությունների անցկացմանը: Ի՞նչ սպասել դեկտեմբերի 23-ի ընտրություններում:

Որևէ հիմք չունենք մտածելու, որ ընտրությունները կարող են չլինել արդար։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ «Վեստ Արմենիայի»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով