10:07  ,  2 դեկտեմբերի, 2023

Դավիթ Խիթարյան. Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում համակարգերի կռիվ է, պայքարում են հին բարքերը վերադարձնելու համար

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտի շուրջ խմորումները չեն հանդարտվում: Ստեղծված իրավիճակը կազմակերպված, պլանավորված եւ ուղղորդված է: Հին համակարգը չի համակերպվում այն մտքի հետ, որ պետք է զբաղվի զուտ դասախոսական կամ վարչական աշխատանքով, այլ ոչ թե կասկածելի գործարքների մեջ մտնի ուսանողների հետ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, ձյուդոյի օլիմպիական կարգի մրցավար, Հայաստանի վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը: 

Պարոն Խիթարյան, ի՞նչ է տեղի ունենում ՀՖԿՍՊԻ-ում: Ինչո՞ւ էին ուսանողները բողոքում:

Ինստիտուտում աշխատանքային պրոցես է գնում, ոչ մի այլ խնդիր չկա: Ստեղծված այս աժիոտաժը, կազմակերպված, պլանավորված, ես կասեի, նաեւ ուղղորդված պրոցես է: Ինչ վերաբերում է մասսայական հեռացումներին, մայիսի 2-ից, երբ իմ լիազորությունները կասեցվեց, դրանից հետո ինստիտուտից հեռացվել է ընդամենը մեկ հոգի՝ «ՖԻՄԱ» մարզական ակումբի ղեկավար, սամբոյի աշխարհի չեմպիոն Հարություն Ղարիբյանը: Նրա հեռացման հրամանը տվել է Անժելա Նուշիկյանը, որն այդ ժամանակ ռեկտորի պարտականությունները կատարողն էր: Նրանից բացի ոչ ոք չի հեռացվել աշխատանքից:

Ինչո՞ւ էին կասեցվել Ձեր լիազորությունները եւ ինչպե՞ս վերականգնվեցին: 

Իմ լիազորությունները կասեցվել էին քրեական գործով Սյունիքի քնչական մարմնի կողմից: Գործն այժմ դատարանում է, քննվում է: Դատարանի որոշումով սեպտեմբերի 19-ից ես վերականգնված եմ որպես ՀՖԿՍՊԻ ռեկտոր:

Փաստաբանս դիմել էր դատարան խափանման միջոցը չկիրառել լիազորությունների կասեցման համար: Ես դատարանում էլ հայտարարեցի, որ արձակուրդային օրեր ունեմ եւ կգնամ արձակուրդի, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ուզում եմ լիազորություններս վերականգնեմ, որ դատավարական պրոցեսի վրա որեւիցե ազդեցություն ունենամ:

Ինչ վերաբերում է դասադուլին, ուսխորհրդի ֆեյսբուքյան էջից եմ իմացել դասադուլի մասին: Ես այն դասադուլ չէի կոչի, քանի որ ընդամենը 25-30 ուսանող է եղել: Ամբողջ բուհում դասերը նորմալ ընթացել են, որքան էլ փորձել են խաթարել: Բուհում սովորում է 2100 ուսանող, որոնցից դասադուլ արել են 25-30-ը: Նրանցից կեսն անգամ չի իմացել, թե ինչի համար են դասադուլ անում,  ինչ պահանջով:  Դասադուլը ուսխորհուրդի կողմից ներկայացված պահանջն է, որը չի բավարարվում: Այս պարագայում դասադուլը դառնում է ուսանողի վերջին ճիչը:

Որքան ես տեղյակ եմ, ուսխորհուրդը ոչ մի պահանջ, միջնորդություն, խնդրանք չի ունեցել, ոչ մի նամակ չի ուղարկել ինստիտուտի ղեկավարությանը: Նրանց նպատակն է եղել՝ բուհը տանել ցնցումների եւ մանիպուլյացիաներ անել՝ իբրեւ աշխատողներ են հեռացվել, մարդիկ են ազատվել աշխատանքից: Ասեմ  ավելին, որպես այդպիսին ինստիտուտը ուսանողական խորհուրդ չունի, որովհետեւ օրենքով, ուսանողական խորհրդի կանոնադրությունը պետք է հաստատված լինի լիազոր մարմնի կողմից: Այն, որ իրենք ասում են ինքնակազմակերպված, անկախ կազմակերպություն են, սուտ է: Սուտն էլ իր չափերն ունի: Եթե իրենք անկախ կազմակերպություն են, ինչպես են ֆինանսավորվում բուհի բյուջեից: Ենթադրվում է, որ այս ամենը ուղղորդված է: Պատահական չի, որ այդ քրեական գործերը, այս պրոցեսները, որոնք կատարվում են, բոլորն ուղղորդվում են մեկ տեղից:

Այդ դեպքում ի՞նչն էր խնդրի բուն էությունը:

Բուհում համակարգերի կռիվ է գնում: Կան մարդիկ, որ պայքարում են հին բարքերը վերադարձնելու համար, շատերն էլ չեն ցանկանում հին համակարգով աշխատել: Այս մարդիկ ոչ թե իմ կողմնակիցներն են, այլ սկզբունքային են: Այս 4 տարիների ընթացքում մենք պայքարել ենք հին համակարգի դեմ : Օրինակ՝ մինչեւ իմ պաշտոնավարումը, պետպատվերից վճարովի անցման ռոտացիան համակարգը գործել է 10-12 տոկոս: Ուսանողների տեղափոխում է իրականացվել: 2022-23 թթ. այդ տոկոսը հասել է 63-ի, որը եղել է մեր ներդրած համակարգի շնորհիվ: Խոսքը՝ փակ, ծածկագրված քննությունների մասին է:

Այդ ցնցումներն առաջացնողները պայքարում են նաեւ դրա դեմ, որովհետեւ կա փաստ, գրավոր աշխատանք, ստուգողը չի իմանում, թե ում գրավորն է, որի արդյունքում մրցակցություն է առաջանում ուսանողների միջեւ: Լավ սովորող ուսանողը բարձր գնահատականներ է ստանում եւ տեղափոխվում անվճար համակարգ: Շատերին սա դուր չի գալիս, քանի որ տասնամյակներ շարունակ սովոր  են եղել, որ իրենց ծանոթ-բարեկամ ուսանողներ գնահատվել են կոռումպացված համակարգով:

Ինձ համար սա բնական եւ նորմալ պրոցես է, որովհետեւ նրանք չեն կարողանում նոր ձեւաչափի մեջ տեղավորվել: Այդ մարդիկ շատ չեն: Մենք մեծ առաջընթաց ունենք գիտական ոլորտում, գիտական հոդվածների տպագրման, դրամաշնորհների ավելացում: Մենք խրախուսում ենք այդպիսի դասախոսների, իսկ կան այնպիսինները, որոնք ոչ մի գիտական հոդված չունեն, առաջխաղացմանը նպաստող ոչ մի քայլ չեն անում: Բնական է, որ նրանք էլ պետք է դեմ լինեն մեզ, որովհետեւ ինստիտուտի գործունեությունից, գործընթացից, կարծես դուրս են մնում: Ժամանակը ցույց կտա, թե ինչ հետեւանքներ կունենա այս ամենը: Կարծում եմ, որ այս պրոցեսում նաեւ դասախոսներ կմաղվեն:

Ըստ ուսանողների, երեք ամբիոնի վարիչ է հեռացվել աշխատանքից: Այդ մասով ի՞նչ կասեք:

Երեք ամբիոնի վարիչների պաշտոնավարման ժամկետները լրացել է այս տարվա հոկտեմբերի 31-ին: Նրանք պաշտոնավարել են 10 տարի: Ոչ բարձրագույն կրթության մասին օրենքը եւ ոչ էլ բուհի կանոնադրությունը թույլ չի տալիս, որպեսզի նրանց պարագայում պաշտոնավարումը շարունակեն: Քանի որ տարվա կես է եղել, ուսումնագիտական գծով պրոռեկտորը որոշել է ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել, 2024 թվականի մայիսին նոր անցկացնել ընտրություն:

Եթե թեկուզ հիմա այդ ամբիոններում ընտրություն անցկացվեր, միեւնույն է, նրանք մասնակցելու իրավունք չէին ունենալու, որովհետեւ չէին համապատասխանում: Ծանրամարտի, բռնցքամարտի եւ սուսերամարտի ամբիոնի վարիչը գիտական կոչում չուներ: Նա միայն պրոֆեսորի կոչում ուներ եւ 10 տարի այդպես ղեկավարել էր: Չէր կարող մասնակցել նաեւ մարմնամարզության ամբիոնի վարիչը: Այս ամբիոնում առաջարկեցինք Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մեր բուհի շրջանավարտ եւ դասախոս Սահակ Անտոնյանին: Իսկ երկու մյուս ամբիոններում նույն ամբիոնների պրոֆեսորների առաջարկեցինք: Կարծում եմ՝ այստեղ ոչ մի անօրինականություն չկա: Նման աժիոտաժի եւ ուղղորդումների կարիքը չկա:

Ըստ տեղեկությունների, նախարարությունը 3 դիմում-բողոք է ստացել: Ինչպե՞ս է արձագանքել ԿԳՄՍ-ն:

Ես ասացի, որ արձակուրդում եմ եւ պաշտոնական նամակագրություններին այդքան էլ ծանոթ չեմ: Իմ տեղեկություններով այդ բողոք-դիմումների պատասխանը եղել է այն, որ նրանք կարող են դիմել դատարան: Մարդիկ պետք է հասկանան, որ աշխատանքային հարաբերությունները բողոքարկվում են ոչ թե նախարարությունում, այլ դատարանում: Տիկին Նուշիկյանի 5 ամսվա պաշտոնավարկան հետ կապված, եթե չեմ սխալվում, 5 դատական հայց կա: Դատական հայցերը նրա դեմ են, ստացվում է ինստիտուտի դեմ են:  Դատական հայցերը կապված են նրա հետ, որ մարդիկ անհիմն նկատողություններ են ստացել, Հարություն Ղարիբյանը աշխատանքից է ազատվել: Այդ մարդիկ բողոք չգրեցին նախարարությանը կամ նախարարին, որովհետեւ գիտեն՝ օրենքը կարգավորում է:

Այս մասով արդեն անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նիստ: Խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանը պահանջել է աշխատանքային պայմանագրերի դադարեցման հիմքերը, որոնք ներկայացվել են եւ հիմնավորվել:

Ես ըմբշամարտի եւ արեւելյան մարզաձեւերի  ամբիոնում դասախոս էի: Նկատեք՝ այդ ամբիոնի միակ գիտությունների թեկնածուն եւ պրոֆեսորն էի, ինստիտուտի միակ գիտությունների կոմիտեի կողմից ստացված դրամաշնորհի գիտական ղեկավարն էի, բայց մեր ամբիոնն այս բոլոր կոչումներս հաշվի չառավ եւ սեպտեմբերից ինձ հետ աշխատանքային պայմանագիրը չշարունակեց: Ես չբողոքարկեցի: Ինստիտուտում մի քանի 100 ձյուդոիստ է սովորում: Ի՞նչ անեի, դասադուլի հանեի՞... Աշոտ Դանիելյանը, Նարինե Սելումյանը, Հարություն Մելքոնյանը այժմ ամբիոնի դասախոսներ են: Աշխատանքային պայմանագիրը շարունակվել է նրանց համաձայնությամբ:

Մի քանի անգամ նշեցիք, որ այս ամենը ուղղորդված է եղել: Ո՞ւմ կողմից եւ ի՞նչ նպատակով:

Ակտիվ հետեւում եմ ֆեյսբուքյան գրառումներին եւ հստակ ձեռագիր եմ տեսնում: Օրինակ՝ ուսխորհրդի նախագահ Գայանե Չիլոյանն ասաց, որ ուզում են հին եւ բարի ժամանակները գան, հներն ավելի լավն էին, քան նորերը, հին ժամանակներում ինստիտուտն ավելի լավ վիճակում էր , քան հիմա:

Երեք անգամ սպառնալիքներ տեսա, որ մեզ պետք է «գյուլել»: Այդ ձեռագիրը շատ նման է երկրում կատարվող քաղաքական իրավիճակներին: Այսինքն՝ հին համակարգը չի հանդարտվում, չի համակերպվում նրա հետ, որ  պետք է զբաղվի զուտ դասախոսական կամ վարչական աշխատանքով, ոչ թե այլ կասկածելի գործարքների մեջ մտնի ուսանողների հետ: Որքան պետությունն ինձ վստահում է այս պաշտոնում, պայքարելու եմ այդ հին համակարգի դեմ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով