20:38  ,  23 հոկտեմբերի, 2023

Հայ հեծանվորդները Վրաստանում նվաճել են 5 մեդալ

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականը մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և նվաճել 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։

Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացված է եղել 3 մարզիկով: Մեծահասակների պայքարում հանդես է եկել Վահե Վիրաբյանը, երիտասարդների պայքարում՝ Արթուր Վարելջյանը, պատանիների մրցումներին՝ Էդուարդ Գրիգորյանը: Երեք տարիքային խմբերում մրցաշարին Հայաստանից և Վրաստանից, ընդհանուր առմամբ, 55 հեծանվորդ է մասնակցել:

Անջատ մեկնարկ մրցաձևում Էդուարդ Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր՝ 12 կմ մրցատարածությունը հաղթահարելով 17:46 վայրկյանում: Նույն մրցաձևում Վահե Վիրաբյանն արծաթե մեդալ է նվաճել՝ 24 կմ մրցատարածությունն անցնելով 33:26 վայրկյանում: 24 կմ մրցատարածությունում երկրորդ արդյունքն է ցույց տվել նաև Արթուր Վարելջյանը՝ երիտասարդների պայքարում: Նա արծաթե մեդալ է նվաճել ՝ գրանցելով 34:07 վայրկյան արդյունք:

Խմբային մրցաերթում Վահե Վիրաբյանը նվաճել է ոսկե, իսկ Արթուր Վարելջյանը՝ բրոնզե մեդալ: Էդուարդ Գրիգորյանը պատանիների պայքարում զբաղեցրել է 4-րդ տեղը:

Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի փոխանցմամբ՝ լեհական «Գրուդիոզ ՍՏԱԼ» ակումբի նախագահ Ադամ Սիեզկովսկին Թբիլիսիում հետևել է հայ հեծանվորդների ելույթներին: Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի երեք հեծանվորդներ՝ Վահե Վիրաբյանը, Արթուր Վարելջյանը և Սվետլանա Մկրտչյանը, 2024 թվականի ապրիլից կմարզվեն լեհական ակումբի կազմում և կնախապատրաստվեն հուլիսի 9-14-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

Մինչ այդ՝ նոյեմբերի 5-ից, Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը 10 մարզիկով ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Նախապատրաստական ևս մեկ փուլ հայ հեծանվորդները կանցկացնեն հունվար-մարտ ամիսներին, ինչից հետո Վահե Վիրաբյանը, Արթուր Վարելջյանը և Սվետլանա Մկրտչյանը կմեկնեն Լեհաստան:

Հայ հեծանվորդները 2024 թվականի օգոստոսին կմասնակցեն աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում