09:38  ,  10 նոյեմբերի, 2012

Սպորտի նախարար. Կան երիտասարդներ, որոնց ես տեսնում եմ սպորտի նախարարի պաշտոնում

«Կան մի քանի երիտասարդներ, որոնց ես տեսնում եմ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում: Նրանք սպորտին, իրենց աշխատանքին շատ նվիրված են, ունեն մեծ կազմակերպչական ջիղ, միայն փորձն է պակասում»:

Այսպես պատասխանեց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը NEWS.am Sport-ի թղթակցի այն հարցին, թե իրենից բացի, ում է տեսնում նախարարի պաշտոնում:

Պարոն Ռոստոմյան, ի՞նչ գնահատական կտաք հայկական սպորտի ներկա վիճակին:

Համեմատած այլ ոլորտների հետ, սպորտը Հայաստանում ավելի զարգացած է: Սա  մեր գնահատականը չէ, այլ մեր արդյունքներն են ցույց տալիս: Սպորտին պետք է նայենք երկու կողմից` մասսայականություն եւ մեծ սպորտ, այսինքն` արդյունքներ: Մասսայականության առումով, մենք ունենք այնպիսի մարզաձեւեր, որոնք մի քանի անգամ ավելի մասսայական են, քան մեր հենակետային մարզաձեւերը:

Օրինակ` ծանրամարտը համարվում է մեր հենակետային մարզաձեւերից մեկը, բայց բասկետբոլում, տարբեր տարիքային խմբերում ավելի շատ մարզվող երեխաներ կան, քան ծանրամարտում: Ես սպորտը գնահատում եմ ըստ ֆեդերացիաների աշխատանքի: Իմ կարծիքով, Հայաստանում կայացած ֆեդերացիա է  ըմբշամարտի ֆեդերացիան: Արդեն նաեւ ծանրամարտի ֆեդերացիան է: Այս ֆեդերացիայում կազմակերպչական աշխատանքները կայացել են: Սկսել է աշխատել բռնցքամարտի  ֆեդերացիան: Շատ լավ աշխատանք է տանում ֆուտբոլի ֆեդերացիան: Ձյուդոյի ֆեդերացիան է նաեւ քայլեր անում:

Մեզ մոտ թյուր կարծիք կա ֆեդերացիաների մասին: Բոլորին թվում է, թե ֆեդերացիաները պետք է գնան միայն մրցումների մասնակցեն ու գան:

Բոլոր ֆեդերացիաները դժգոհում են պետության հատկացրած գումարների փոքր չափից եւ պատճառաբանում, որ ֆինանսների պակասի պատճառով տուժում է մարզաձեւը: 

Ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է: Ֆեդերացիայի նախագահ լինել, նշանակում է օժանդակել սպորտի զագացմանը եւ ոչ թե անհանգստանալ պետբյուջեի տրամադրած գումարների պակասության մասին: Նա պետք է հայթայթի այդ գումարները, ներդնի սպորտի զարգացման մեջ: Կառավարության տրամադրած գումարները նախատեսված են առաջնություններ անցկացնելու եւ միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:

Հայաստանում ֆեդերացիաների նախագահները պաշտոնյաներ են, գործարարներ: Ո՞րն է ֆեդերացիայի նախագահ լինելու նրանց նպատակը: Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանում ֆեդերացիաների նախագահը պետք է նախեւառաջ լինի ներդնող:

Ֆեդերացիայի նախագահը պետք է սպորտային հարցերի, մարզիկների խնդիրների կազմակերպողը լինի: Եվ պարտադիր չէ, որ ֆեդերացիայի  նախագահը լինի սպորտի վարպետ, նախկինում բազմակի չեմպիոն: Օրինակ` Ծանրամատի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Շահազիզյանը: Նա ծանրորդ չէ: Մի քիչ կոպիտ է հնչում ներդնող բառը: Ֆեդերացիայի նախագահը պետք է այդ մեծ ընտանիքի հայրը լինի եւ լուծի բոլոր ծագած հարցերը: Բայց չխառնվի ընտանիքի անդամների գործերին: Ֆեդերացիան ունի գործկոմ, գործկոմն ունի մարզչական խորհուրդ: Մարզիչն իր մարզչական խորհրդով որոշում է իր ծրագիրը, հավաքների քանակը, մարզումները եւ այլն, այդ ամենը փոխանցում է գործկոմ: Գործկոմը քննարկում է եւ հաստատում: Մնում է այդ ամենն իրականացնել: Իսկ իրականացման համար անհրաժեշտ են ֆինանսներ: Այս մասն արդեն ֆեդերացիայի նախագահինն է: Նա պետք է զբաղվի այդ ծրագրերի իրականացման հարցով եւ վերջ: Ես հայտարարել եմ, արդեն, նույնիսկ, պարտադրել, որ որեւէ ֆեդերացիայի նախագահ չխառնվի մարզչական աշխատանքներին:

Դուք, լինելով բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, փաստորեն չեք միջամտում մարզիչների աշխատանքին:

Ոչ: Այդ մասին կարող են փաստել բոլորը: Շատ դեպքերում ես համամիտ չեմ լինում մեր մարզիչների փոփոխություններին, բայց երբեք չեմ հայտնում իմ կարծիքը, այլ ձեռքերս կրծելով գնում եմ մի կողմ: Վերջում պարզվում է, որ հաղթում ենք: Այսինքն` մարզիչը գիտի ինչ է անում եւ իմ խառնվելու իմաստը չկա:

Պարոն Ռոստոմյան, ֆեդերացիաներում տիրող վիճակի, առկա խնդիրների մասին  տեղյա՞կ եք:

Ցավոք սրտի, այո: Ինֆորմացիան շատ է: Ֆեդերացիան որ ասում է` փող չկա, էս չկա, էն չկա,  իրենց միշտ փորձում ենք օգնել, որ հաշվապահական հաշվետվությունները ճիշտ կազմեն, որպեսզի որեւէ խնդիր չառաջանա: Լրատվությունն ակտիվացել է այս առումով: Երբեմն անձամբ ինձ չեն ասում խնդիրների մասին, այդ մասին տեղեկանում եմ լրատվամիջոցներից: Ամեն ֆեդերացիայում էլ խնդիրներ կան: Սպորտն այնպիսի ոլորտ է, որ հնարավոր չէ խնդիրներ չլինեն: Բնական է, որ ես տեղյակ եմ: Իմ միջամտությունն այդ խնդիրներին միանշանակ է: Ուղղակի, փորձում եմ ամեն ինչում ճիշտը գտնել, այլ ոչ թե իմ վրայից գցել, պատճառաբանելով, թե մենք, այսինքն` նախարարությունը մեղավոր չէ, գնացեք ֆեդերացիայի նախագահին դիմեք:

Դուք Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո հայտարարեցիք, որ լինելու են փոփոխություններ, հեռացումներ, ֆեդերացիաների նախագահներ են փոխվելու:

Ես ասել եմ, որ ընդհանուր առմամբ մենք գոհ ենք Օլիմպիական խաղերի արդյունքներից, սակայն առանձին մարզաձեւերում եղան անհաջողություններ: Հեռացումների մասին էլ նշել եմ, որ կլինեն քննարկումներ, որից հետո համապատասխան որոշումներ կկայացվեն: Առաջին փոփոխությունը ծանրամարտի ֆեդերացիայում էր: Նշանակվեց նոր նախագահ, ստեղծվեց մարզչական խորհուրդ եւ փոխվեց ծանրամարտի ընդհանուր սիստեմը:

Ինչո՞ւ փոխվեց ֆեդերացիայի նախագահը: Սամվել Խաչատրյանի նախագահության օրոք հայկական ծանրամարտը բազմաթիվ հաջողություններ գրանցեց, մեդալներ նվաճեց, չեմպիոններ ունեցանք: Դո՞ւք համամիտ էիք այդ փոփոխության հետ:

Իհարկե, ակնհայտ հաջողություններ ունեցանք: Սամվել Խաչատրյանը շատ լավ ժառանգություն թողեց: Այս հարցին պետք է երկու կողմից նայել: Եթե ընդհանուր նայենք, խնդիրները շատ էին ծանրացել ծանրամարտում: Համեմատած այլ մարզաձեւերի հետ, ճիշտ է՝ նախկին նախագահը մեծ արդյունքների հասավ, բայց ոլորտում շատ խնդիրներ կային: Եվ դրանք դժվարությամբ կլիներ լուծել: Ֆեդերացիայի նախագահի արված աշխատանքի համար իրեն շնորհակալություն հայտնեցինք եւ սպասում ենք նոր նախագահի լավ արդյունքներին: Մեր գլխավոր նպատակը Օլիմպիական խաղերն են: 2009-2010 թվականներին ծանրամարտում մենք ունեցանք չեմպիոններ, բայց այս վերջին երկու տարում ոչինչ չունեցանք:

Ի՞նչ հույսեր կան նոր նախագահի հետ:

Ռիո-2016-ում հասնել մեր գերնպատակին: Այս չորս տարիների ընթացքում քայլ առ քայլ կփորձենք հասնել մեր նպատակին: Պետք չէ շտապել՝ արդյունք տալ, ինչպես եղավ 2009-2010 թվականներին. իրար հետեւից ունեցանք աշխարհի չեմպիոններ, 2011-2012-ին ոչինչ չարեցինք, «քամվեցին» ծանրորդները: Յուրաքանչյուր մարդ իր պաշարն ունի: Եթե այդ պաշարը շուտ ես սպառում, այլեւս արդյունքի չես հասնում: Սամվել Խաչատրյանը ճիշտ չէր կազմակերպել արդյունքների այդ ընթացքը: Հայկական տարբերակն է եղել` շուտ, շտապ արդյունք, այլ ոչ թե սպասել լավ բերքահավաքին: Բերքահավաքն էլ պետք է լիներ Լոնդոն-2012-ը, բայց...

Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում էլ դրական արդյունք չարձանագրեցինք:

Ունեցանք մեկ ուղեգիր բռնցքամարտում: Դա արդեն ինքնին բացասական արդյունք էր: Հավաքականի շատ հարգելի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը հրաժարական տվեց, ունեցանք նոր մարզիչ: Այժմ սպասում ենք նոր մարզչի աշխատանքին եւ արդյունքին Ռիոյում:

Ըմբշամարտի մասին ի՞նչ կասեք: Այստեղ ի՞նչ խնդիրներ կան:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտն ապացուցեց, որ լավ է աշխատում: Այստեղ խնդիրներ չկան: Ազատ ոճում` հավաքականում կան խնդիրներ: Եթե ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը արդյունք չի տալիս, երիտասարդական հավաքականը ոչ մի արդյունք չունի, մեծահասակների հավաքականն ինչ հիմքի վրա պետք է արդյունք տա:
Այժմ նախարարության հանձնարարականով բոլոր ֆեդերացիանեըրը գրում եմ 2013-2017 թվականների ծրագիրը: Եվ այս ծրագրից, որը մենք կքննարկենք եւ կհաստատենք, ոչ ոք իրավունք չի ունենա շեղվել, այլ ծրագրով աշխատել: Առաջիկա չորս տարիների ընթացքում կաշխատենք այդ ծրագրերով եւ արդյունքը կտեսնենք 2016-ի Օլիմպիական խաղերում:

Պարոն Ռոստոմյան, իսկ ինչպե՞ս են լուծվելու ոչ հենակետային մարզաձեւերի խնդիրները` վոլեյբոլ, լող, ջրագնդակ, ավտոմոտոսպորտ, մյուսները: Այս մարզաձեւերում եւ ֆեդերացիաներում էլ ամեն ինչ հարթ չէ` նախագահի պաշտոնի կռիվներ, ֆինանսական հարցեր։

Ոչ հենակետային մարզաձեւերում խնդիրները բազմազան են: Վոլեյբոլի ֆեդերացիայում համախմբվածություն չկա: Եթե վոլեյբոլում կա օրինակ՝ 11 վոլեյբոլիստ, ապա 11-ից 10-ը իրար հետ չեն խոսում: Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է: Շուտով կլրանա վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնավարման երկու տարին, պետք է կայանա նոր ընտրություն: Ընտրություններից հետո ծրագիր կկազմվի եւ կաշխատենք:

Ջրագնդակում կարծում եմ ավելի շատ անձնական խնդիր է, քան մարզաձեւի հետ կապված խնդիրներ: Ջրագնդակի ֆեդերացիայի նոր եւ նախկին նախագահները դեմ առ դեմ պետք է հանդիպեն եւ լուծեն այդ հարցը: Նրանց անձնական կռիվներից տուժում է միայն մարզաձեւը: Ես լսում եմ միայն մի կողմին` նորաստեղծ դաշնության ներկայացուցիչներին, մյուս կողմին ես չեմ լսել: Նրանք պետք է հանդիպեն, քննարկեն եւ գան ընդհանուր հայտարարի: Նույնը եւ ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիային է վերաբերում:

Պարոն Ռոստոմյան, Ձեզանից բացի, էլ ո՞ւմ եք տեսնում սպորտի նախարարի պաշտոնում, ո՞վ կարող է ձեզանից լավ ղեկավարել հայկական սպորտը:

Անկեղծ ասած, այս հարցի շուրջ երբեք չեմ մտածել: Նոր սկսեցի մտածել: Կան մի քանի երիտասարդներ, որոնք բավական կազմակերպչական ջիղ ունեն, բայց մի քիչ փորձն է պակասում: Եթե այդ փորձն էլ լրացնեն՝ այդ մի քանի երիտասարդները լիարժեք կարող են ղեկավարել սպորտի ոլորտը Հայաստանում: Կարեւորը սպորտի, գործի  նկատմամբ   նվիրվածությունը, կազմակերպչական ջիղը բավական բարձր մակարդակի վրա է:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով