17:26  ,  4 հոկտեմբերի, 2023

Երեւանում անցկացվեց 6 երկրի սուսերամարտիկների մասնակցությամբ մրցաշար

Երևանում անցկացվել է սուսերամարտի պատանիների և երիտասարդների միջազգային մրցաշար, որին 6 երկրի շուրջ 100 մարզիկ է մասնակցել:

Մրցումներն անցկացվել են թիմային և անհատական պայքարում՝ խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերում: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Վրաստանի և Իրանի ներկայացուցիչներ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Հայ մարզիկներից ճկասուսեր մրցաձևի պատանիների պայքարում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Վրույր Հովհաննիսյանը և Նորայր Մայրանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Պատանի խոցասուսերակիրների պայքարում Արտյոմ Խալաթյանը զբաղեցրել է երրորդ տեղը:

Ճկասուսեր մրցաձևի թիմային մրցմանը Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ խոցասուսեր մրցաձևում Հայաստանը ներկայացնող երկու թիմերից մեկը հաղթել ու պարգևատրվել է ոսկե մեդալներով, իսկ երկրորդ թիմը գրավել է երրորդ տեղը:

Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և հավաստագրերով: Մրցաշարի ընթացքում աշխատել են նաև միջազգային կարգի մրցավարներ Իրանից, Բելառուսից և Ուզբեկստանից:

Հոկտեմբերի վերջին տասնօրյակում կանցկացվի Հայաստանի սուսերամարտի պատանիների առաջնությունը, որի արդյունքներով կձևավորվի պատանեկան հավաքականը՝ 2024 թվականի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությանը մասնակցելու համար: Հայ պատանի մարզիկներն այս ամիս նաև միջազգային մրցաշարի կմասնակցեն Վլադիկավկազում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում