22:01  ,  23 սեպտեմբերի, 2023

ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը ծանր գոտեմարտում բավարարվեց արծաթե մեդալով (ֆոտո)

Սերբիայի մայրաքաղաք Բելգարդում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը եզրափակիչի ծանր գոտեմարտում չկարողացավ հասնել հաղթանակի:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում ոսկե մեդալը վիճարկեց Պանամերկյան խաղերի եւ Պանամերիկյան առաջնության չեմպիոն, Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Քինդելանի հետ եւ պարտվեց 3:3 հաշվով՝ մրցակցի առավելությամբ: 

Առաջին մրցափուլում Ալեքսանյանը միավոր չվաստակեց: Պարտերում վերեւից աշխատեց Ռոսիլիոն, բայց գլորում չկատարեց: Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը պարտեր նստեցրեց կուբացի ըմբիշին: Ալեքսանյանը բավարարվեց մեկ գլորում: 3:1 հաղթելիս, վերջին 15 վայրկյանում կուբացի ըմբիշը երկու միավորանոց հնարքով հավասարեցրեց հաշիվը:

Օլիմպիական չեմպիոնը Բելգրադի մրցագորգում փայլուն գոտեմարտեր անցկացրեց՝ խոշոր հաշիվներով հաղթանակներով: Մեկնարկային 1/16 եզրափակիչում 10:4 հաշվով հաղթել է Եվրոպայի փոխչեմպիոն, ռումինացի Նիկու Օժոգին։

1/8 եզրափակիչում մեկ բռնվածքով 4 գլորումով պարտության մատնեց ԱՄՆ ներկայացնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուին (9:0):

Քառորդ եզրափակիչում նույն տեխնիկայով 9:0 հաշվով առավելության հասավ Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի նկատմամբ:

Կիսաեզրափակիչում հերթական տպավորիչ հաղթանակը տարավ նորից 9:0 հաշվով հաղթանակ տանելով լիտվացի Մինդաուգաս Վենցայտիսի նկատմամբ:

Արթուր Ալեքսանյանն այս առաջնությունում նվաճեց նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր եւ կպատրաստվի իր չորրորդ Օլիմպիական խաղերին:

Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել 2014, 2015, 2017 եւ 2022 թվականներին:

Հիշեցնենք, որ Բելգրադում անցկացվող աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն էր: Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր արդեն ունեն Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը:  Հունահռոմեակ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից բրոնզե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (77կգ): Աշխարհի չեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:7 հաշվով հաղթել է աշխարհի եւ Ասիայի փոխչեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւին:

Բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ուներ նաեւ 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը, որը գոտեմարտի վերջին վայրկյանին 5:3 հաշվով պարտվեց  Չինաստանի ներկայացուցիչ Լիգուո Չաոյի հետ:

Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մնացին Սլավիկ Գալստյանը եւ Հրաչյա Պողոսյանը:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Սլավիկ Գալստյանը սեպտեմբերի 24-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի եւ կպայքարի նաեւ օլիմպիական ուղեգրի համար, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի:

Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը եւս մեկ հնարավորություն ունի օլիմպիական ուղեգրի համար պայքարելու: Երրորդ մրցումային օրվա ավարտին բրոնզե մեդալի գոտեմարտերում պարտված ըմբիշները եւս մեկ գոտեմարտ կանցկացնեն եւ հաղթողը կնվաճի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում