19:44  ,  22 մայիսի, 2023

Վրեժ Խաչիկյան․ ՀԹՖ-ում տիրում է նույն վիճակը, ինչ ամբողջ Հայաստանում՝ պառակտված, մասնատված եւ չկամեցողությամբ լցված

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում տիրում է նույն վիճակը, ինչ ամբողջ Հայաստանում՝ պառակտված, մասնատված եւ չկամեցողությամբ լցված: Եթե համախմբվեն, միասնական դառնան, իմ մարզիկ, իմ աշակերտ չլինի, մոտ ապագայում կունենանք Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակիրներ, օլիմպիականներ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի եւ Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ,  «Հվարանգ» ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանը:

ԵՊՀ մարզադահլիճում անցկացվել է հայ-կորաեական բարեկամությանը նվիրված թաեքվոնդոյի մրցաշար, որին մասնակցել են 6-17 տարեկանների տարիքային խմբերի շուրջ 250 մարզիկներ Երեւանից եւ մարզերից:

«Մեզ համար հայ-կորեական բարեկամության մրցաշարը շատ կարեւոր է: Այս տարի ավելի մեծ նշանակություն ուներ, քանի որ նշվում էր նաեւ հայ-կորեական բարեկամության 30-ամյակը: Մրցաշարին ներկա էին Ռուսաստանում Հարավային Կորեայի դեսպանատան ներկայացուցիչները, փոխդեսպան եւ մշակույթի տան տնօրեն Պակ Չժուն Գոնին:

Թաեքվոնդոն Հարավային Կորեայի մշակույթի անբաժանելի մասն է եւ նրանց աջակցությամբ Հայաստանում ամեն տարի կազմակերպում եւ անցկացնում ենք այս մրցաշարը: Մրցաշարի նպատակը մարզաձեւը երկրում զարգացնել է, հատկապես, որ այն օլիմպիական է:

Մրցաշարն անցկացրինք 8-9, 10-11, 12-14, 15-17 եւ 17+ տարիքային խմբերում: Առավել աչքի ընկան երիտասարդներից  (15-17 տարեկաններից) -68կգ քաշային կարգում Նորայր Հովհաննիսյանը, որը դարձավ ոսկե մեդալակիր: Այս քաշային կարգում երկրորդ տեղում է Հակոբ Ազոյանը, բրոնզե մեդալակիր՝ Ավետ Ավետիսյան:

Պատանիներից -59 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Նարեկ Փաշիկյանը, արծաթե մեդալակիր՝ Գագիկ Կալիջյան, բրոնզե մեդալակիր՝ Դավիթ Դանիելյան։

12-14 տարեկան տարիքային խմբում -41կգ քաշային կարգում Գառնիկ  Խաչիկյանը առաջինն է, երկրորդ տեղում Վարդան Մեղրոյանն է,  երրորդը Արեն Սահակյանը։

Այս թաեքվոնդոիստները աշնանը կմասնակցեն Հարավային Կորեայում անցկացվելիք «Կորեայի դեսպանի գավաթ» միջազգային մրցաշարին:

Նշեմ, որ մասնակիցների մեծ մասը 12-15 տարեկան տղաներն են, որոնք տարիներ անց լավ մարզումներից եւ մեծ աշխատանքից հետո կարող են օլիմպիական ձեւում մասնակցել տարբեր մրցաշարերի եւ Հայաստանի համար դառնալ օլիմպիականներ:

Երեւանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի գերխնդիրն է, որ հատկապես մայրաքաղաքում օլիմպիական մարզաձեւը զարգանա, տարածվի:

Մրցաշարին չկարողացան մասնակցել Արցախի ֆեդերացիայի մարզիկները: Վստահ ենք, որ այն պատճառները, մարտահրավերները, որ առկա են հայ ժողովրդի համար, կհաղթահարենք մեր միասնության եւ համախմբվածության արդյունքում: Այս մրցաշարն էլ համախմբվելու եւս մեկ տարբերակ ու միջոց էր: Բարեկամ երկրների օգնության արդյունքում էլ կարող ենք հասնել հաջողության: Թաեքվոնդոն մարզաձեւ է, որը որպես մարտարվեստ անհրաժեշտ է յուրաքանչյուր պատանու եւ երիտասարդի՝ հայրենիքի պաշտպանության համար»,- ասաց Վրեժ Խաչիկյանը:

Անդրադառնալով Հայաստանում թաեքվոնդոյի հեռանկարներին եւ Օլիմպիական խաղերում ներկայացուցիչ չունենալու խնդրին, «Հրավանգ» ակումբի նախագահը նշեց.

«Չէի ցանկանա մանրամասնել, բայց կասեմ. Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում  նույն վիճակն է, ինչ ամբողջ Հայաստանում ՝ պառակտված, մասնատված եւ չկամեցողությամբ լցված: Եթե համախմբվեն, միասնական դառնան, Հայաստանի շահերից ելնելով երեխաներին միասնական դաստիարակեն, կարծում եմ՝ մոտ ապագայում կունենանք Օլիմպիական խաղերի մասնակիցներ: Յուրաքանչյուրը մտածում է՝ իմ մարզիկը, իմ աշակերտը, ես: Եթե այս ամենը վերածվի մեր մարզիկները, մեր աշակերտները մտածելակերպի, կարծում եմ՝ կունենանք մրցունակ մարզիկներ, Եվրոպայի, աշխարհի մեդալակիրներ եւ օլիմպիականներ:

Անդրադառնալով ֆեդերացիայի գործունեությանը եւ այն խնդրին, որի մասին ես մշտապես բարձրաձայնում եմ, մոտ ժամանակներս, երկու շաբաթվա ընթացքում տեղեկատվություն կտարածեմ կապված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի, դրա ընթացքի մասին եւ կներկայացնեմ մինչ օրս ֆեդերացիայում տիրող բարձիթողի վիճակը, որի հետեւանքով այսօր շատ մարզիկներ զրկվում են բազմաթիվ մրցաշարերի մասնակցությունից»,- մանրամասնեց Վրեժ Խաչիկյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում