19:53  ,  1 մայիսի, 2023

ԵԱ․ Արման Միսկարյանն ու Արմեն Պողոսյանը պարտվեցին կիսաեզրափակիչում

Երեւանի «Միկա» մարզահամալիրում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչներից Արման Միսկարյանը (71 կգ) պարտվեց եւ բավարարվեց բրոնզե մեդալով: Կիսաեզրափակիչում նա մենամարտեց հունգարացի Քրիստիան Նիլեբորգի հետ եւ պարտվեց 2:5 հաշվով:

75 կգ քաշային Արմեն Պողոսյանը եւս պարտվեց կիսաեզրափակիչում: Արմեն Պողոսյանը 3:4 հաշվով պարտվեց Իտալիայի ներկայացուցիչ Կիրո Դելե Կուրտոյին եւ նվաճեց բրոնզե մեդալ:

Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ է դուրս եկել Գոռ Ազիզյանը (57 կգ)։ Նա կիսաեզրափակիչում պարտության  է մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Պաշտաեւին:

Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից բրոնզե մեդալակիրներ են դարձել նաեւ Հովհաննես Հարությունյանը (48 կգ), արցախցի Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ),  Յուրա Բաբլումյանը (67 կգ)։

Հայաստանի երիտասարդական հավաքականից եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի եւս 4 բռնցքամարտիկ:

Աղվան Ալեքսանյանը (80 կգ) կփորձի հաղթահարել ռումինացի Դավիթ-Անգելո Տեոդոսեսկոյի արգելքը:

Դավիթ Սիմոնյանը (86 կգ) կմրցի ռումինացի Դումիտրել Բադեայի հետ:

Իշխան Հովսեփյանի (92 կգ) մրցակիցը Ռումինիայի ներկայացուցիչ Ֆլորին Իոնիտան է:

Հայաստանի թիմի վերջին ներկայացուցիչ Ալբերտ Հարությունյանի (+92 կգ)  մրցակիցն էլ խորվաթ Լովրո Պավցեցն է:

Մայիսի 2-ին հանգստյան օր է:  Եզրափակիչները տեղի կունենան մայիսի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում