22:17  ,  23 ապրիլի, 2023

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 6-ակի չեմպիոն (ֆոտո, վիդեո)

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Խորվաթիայի մարյարաքաղաք Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց անցած տարվա Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով։

Առաջին մրցափուլի մեկնարկում Կիրիլ Միլովն ակտիվ սկսեց: Ալեքսանյանի ոտքին հարվածելով գցում կատարեց եւ երկու միավոր վաստակեց: Օլիմպիական չեմպիոնն անմիջապես չելենջ պահանջեց: Կողային մրցավարները բավարարեցին չելենջը եւ հանեցին երկու միավորը Միլովի հաշվից: Գորգի մրցավարը պասիվություն տվեց Միլովին եւ վերեւից աշխատելու հնարավորություն տվեց Արթուր Ալեքսանյանին: Եվրոպայի 5-ակի չեմպիոնը երկու գլորումով հաշիվը դարձրեց 5:0:

Մրցակիցները գնացին հանգստի Արթուր Ալեքսանյանի առավելության 5:0 հաշվով: Երկրորդ մրցափուլում մրցավարը պասիվ տվեց Արթուր Ալեքսանյանին, բայց Միլովին չհաջողվեց գլորում կատարել: Արթուր Ալեքսանյանը մինչեւ վերջին վայրկյանները Միլովին ոչ մի հնարավորություն չտվեց: Գոտեմարտն ավարտվեց Արթուր Ալեքսանյանի փառահեղ հաղթանակով՝ 6-րդ չեմպիոնությամբ: Եվրոպայի 6-ակի չեմպիոնը չեմպիոնական շրջանը Հայաստանի եռագույնով կատարեց հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի հետ:

Արթուր Ալեքսանյանը մեկնարկում 3:1 հաշվով հաղթել էր աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, վրացի Ռոբերտ Կոբիաշվիլիին, երկրորդ գոտեմարտում 7:4 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Տամաշ Լեւայիին։ Կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատարը մի բռնցվածքով երկու րոպեում 9:0 հաշվով հաղթել էր  2020 թվականի աշխարհի անհատական գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր, Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին։

Արթուր Ալեքսանյանը նախորդ անգամ Եվրոպայի առաջնության մասնակցել էր 2020 թվականին Հռոմում, որտեղ հռչակել էր Եվրոպայի 5-ակի չեմպիոն:

Արթուր Ալեքսանյանն ու Կիրիլ Միլովը նախորդ անգամ հանդիպել էին 2022 թվականի աշխարհի առաջնության երզափակիչում, որտեղ հայ ըմբիշը 5:1 հաշվով փառահեց հաղթանակ էր տարել ու հռչակվել աշխարհի քառակի չեմպիոն:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտեց երկու ոսկե մեդալով: Ապրիլի 22-ին Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում