21:48  ,  22 ապրիլի, 2023

Մալխաս Ամոյանը հաղթեց վերջին 10 վայրկյանում եւ դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն (ֆոտո, վիդեո)

Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնը մրցեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեսի հետ:

Մինչեւ վերջին վայրկյանները Ամոյանը Նեմեսին պարտվում էր 1:4 հաշվով: Գոտեմարտի ավարտից 7 վայրկյան առաջ Ամոյանը ցատկով գլորեց մրցակցին  4 միավոր ավելացրեց իր հաշվին: Նեմեսը չելենջ գցեց, բայց մրցավարները չբավարարեցին եւ եւս մեկ միավոր ավելացրին Ամոյանի հաշվին:

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը չեմպիոնական շրջանը կատարեց հորեղբոր՝ Ռոման Ամոյանի հետ:

Մալխաս Ամոյանը նախորդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր դարձել 2022 թվականին Բուդապեշտում:

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր խորվաթ Անտոնինո Կամենյասեւիին: Քառորդ եզրափակիչում տուշեով հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Օլիվեր Մարկո Կրուգերին: Կիսաեզրափակիչում 6:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ թուրք Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ:

Մալխաս Ամոյանը 23 տարեկան է: Ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երեւանում: Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին է:

Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում