20:43  ,  19 ապրիլի, 2023

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Արսեն Հարությունյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոնը մրցեց Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովի հետ եւ հաղթեց 5:2 հաշվով:

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով հաղթանակի էր հասել թուրք Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ: Կիսաեզրափակիչում ժամանակից շուտ 9:0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանին:

Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ, 61 կգ քաշային կարգ

Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքում: Անձնական մարզիչներն են Գեւորգ Վարդանյանը եւ Արշակ Հայրապետյանը: Արսեն Հարությունյանը 2015 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, 2017թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր (2018) :

Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությամբ (57 կգ): 2019 թվականին Բուխարեստում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ: 2020 թվականին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Նույն տարում աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ:

2021 թվականի մարտի 18-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում դառնալով ոսկե մեդալակիր նվաճել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիրը: Երիտասարդ ըմբիշի համար առաջին Օլիմպիական խաղերն անհաջող են եղել:

2021 թվականին Նորվեգիայում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: Նույն տարում Սերբիայում անցկացված Մ23 աշխարհի առաջնությունում նվաճել չեմպիոնի տիտղոսը: 2022 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության եզրափակիչում թուրք Սուլեյման Ալթիի նկատմամբ 15:3 հաշվով տպավորիչ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Նույն տարում եւս մեկ բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում, ապա Մ23 աշխարհի առաջնությունում հռչակվեց կրկնակի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում