20:15  ,  16 ապրիլի, 2023

Իզաբելա Յայլյան․ Կարող էի ոսկե մեդալակիր դառնալ

Արդյունքիցս այդքան էլ գոհ չեմ, բայց ուրախ եմ, որ Երեւանում իմ առաջին մեդալը նվաճեցի մեծահասակների պայքարում:

Այս մասին բրոնզե մեդալով պարգեւատրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իզաբելա Յայլյանը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն իր առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում: Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:

«Շատ ուրախ եմ, որ վերջապես մեծահասակներում երկամարտում մեդալ նվաճեցի: Արդյունքիցս մի փոքր գոհ չեմ, որովհետեւ մարզումներին ավելի շատ էի բարձրացրել: Կարող էի ոսկե մեդալակիր դառնալ, բայց բրոնզե մեդալի համար եւս շատ ուրախ եմ: Նաեւ ուրախ եմ, որ պոկում վարժությունում զրո չստացա, կարողացա հավաքվել եւ երրորդ մոտեցումն անել:

Ինձ խանգարեց մի փոքր լարվածությունը: Խնդիր չկար, ես պատրաստ էի այդ քաշին: Ավելի շատ լարվածությունը պատճառ դարձավ, որ պոկում վարժության երկու մոտեցումները ձախողեցի:

Շատ հաճելի է դահլիճի աջակցությունը: Եթե այդ աջակցությունը, երկրպագուների ոգեւորումը չլիներ, երեւի պոկում վարժությունում զրո կստանայի եւ մեդալ չլիներ:

Հաճելի է, որ Եվրոպայի առաջնությունը Հայաստանում է: Ավելի հանգիստ է: Լարվածությունն ավելի քիչ է, քան դրսում: Ինձ համար այդպես էր»,- ասաց Իզաբել Յայլյանը:

Կանանց Հայաստանի հավաքականի առաջին մասնակիցը երեք բրոնզե մեդալներ նվաճեց առանձին վարժություններում եւ երկամարտում:

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով 6-րդ տեղը զբաղեցրեց:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում