20:39  ,  13 ապրիլի, 2023

Սամվել Պողոսյան․ Դիմում եմ ֆեդերացիային, որպեսզի օգնի բողոքարկել Հենրիկ Սահակյանի որակազրկումը

Դիմում եմ ֆեդերացիային, որպեսզի մեզ օգնի բողոքարկել Հակադոպինգային գործակալության որոշումը: Արդեն նշանակություն չունի, թե քանի տարով որակազրկվեցինք, մենք ուզում ենք որպեսզի ամեն ինչ բացահայտվի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզիչ Սամվել Պողոսյանը, ապրիլի 5-ից հացադուլ էր անում Վերնիսաժում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ: Մարզիչը հացադուլը դադարեցրել է 8-րդ օրը՝ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով, սահմանային միջադեպերով:

Հիշեցնենք, որ մարզիչի սան, Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հենրիկ Սահակյանի մոտ հայտնաբերվել էր դոպինգ թեստի դրական պատասխան, որը մարզիկն ու մարզիչը չեն ընդունում:

Ապրիլի 13-ին Հայաստանի Հակադոպինգային գործակալությունը հրապարակեց Հենրի Սահակյանի որկազրկման մասին որոշումը: Բռնցքամարտի 2023թ․ Հայաստանի չեմպիոնը հակադոպինգային կանոնների խախտման համար որակազրկվեց 3 տարով։

«Արդեն նշանակություն չունի, թե քանի տարով որակազրկվեցինք, մենք ուզում ենք որպեսզի ամեն ինչ բացահայտվի: Հացադուլը դադարեցրել եմ ապրիլի 11-ին՝ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով: Առողջական խնդրի հարց չունեցա: Ի զարմանս ինձ, օրգանիզմս լիարժեք դիմացավ, բայց դա հարցի այլ կողմն է: Սահմանում կրակոցներ, ունենք զոհեր, հասկացա, որ այս իրավիճակում ավելի կարեւոր է երկրի առաջ ծառացած խնդիրների վրա կենտրոնանալ:

Բացի այդ, ես մարզիչ եմ, սրանից ավելի էլ ինչ անեմ: Պետական կառույցներ կան, թող աշխատեն, իմ հայտարարությունները տեսնեն եւ որեւէ լուծում տան այս անգործությանը: Ես սովորական մարզիչ եմ: Չուզեցա որեւէ մեկին վատություն անել: Սրա արձագանքները դեռ կլինեն: Այս ամենը դեռ սկիզբն է:

Հենրիկ Սահակյանին որակազրկեցին 3 տարով: Մեզ երկրորդ անգամ թեստ հանձնելու հնարավորություն չտվեցին եւ այս պարագայում, թե քանի տարով կորակազրկեն, արդեն նշանակություն չունի ոչ ինձ համար, ոչ Հենրիկի: Ամբողջ ցավն այն է, որ հակադոպինգային ծառայությունում տեղում այնպես սարքեցին, մեզ թուղթ ստորագրել տվեցին: Մեր չիմացության եւ միամտության արդյունքում այսօր ունենք այս արդյունքը: Սարքեցին: Երբ օդանավակայանում իմացանք, որ Հենրիկի նմուշում հայտնաբերվել դոպինգ, մեզ կանչեցին հակադոպինգային ծառայության կենտրոն: Մեզ հետ տարանք այդ դեղամիջոցների սրվակը, որը Հենրիկը հավաքականում խմել է, որոնք ի դեպ արգելված խթանիչներ չեն: Մեզ ընդունեց Արեգ Հովհաննիսյանը եւ մի աղջիկ: Մեզ տեղեկացրին, որ որակազրկվել է մարզիկը: Խնդրեցինք՝ երկրորդ նմուշն էլ ուղարկել: Մեզ ներքին կարգով համոզեցին, որ նույն բանն է, միեւնույն է նույն պատասխանն է գալու, երկրորդ անալիզի համար 600 եվրո գումար պետք է վճարել, ֆեդերացիան կհամաձայնի՞ վճարել, թե ոչ: Մեզ ամեն ձեւ համոզեցին, որ անիմաստ է եւ որ պատասխանը եկել է, WADA-ն է, պետք է ընդունել այս պատասխանը:

Մեզ թուղթ դեմ տվեցին եւ ասացին ստորագրեք: Նաեւ ասացին՝ ստորագրի, սա կապ չունի ոչ մի բանի հետ: Մենք միամտաբար ստորագրեցինք: Մենք էլ քանի որ երբեք չենք եղել այսպիսի իրավիճակում, չկողմնորոշվեցինք, թե որն է ճիշտ, ստորագրեցինք: Այդ ժամանակ մեզ դեռ չէին ասել, թե ինչ դեղամիջոցի մասին է խոսքը: Ստորագրելուց հետո նոր բացատրեցին, ներկայացրեցին «Հիգենամին» արգելված դեղամիջոցն է եղել: Իրականում մեզ նախապես պետք է ասեին, թե ինչի մասին է խոսքը, նոր թուղթ ստորագրել տային: Մենք գիտեինք, որ մեր ձեռքի սրվակի մասին է խոսքը եւ այդ պատճառով դրանով ներկայացել էին հակադոպինգային կազմակերպություն: Թուղթը ստորագրելուց հետո ինձ ասացին, թե այդ սրվակը պահեմ, քանի որ այլ դեղի մասին է խոսքը: Երբ մենք փորձեցինք հակադարձել, մեզ ասացին, որ արդեն ստորագրել ենք թուղթը: Մեր միամտությունը օգտագործվեց մեր դեմ: Ամեն ինչ արեցին, որ շատ արագ այս հարցը փակվի։

Ֆեդերացիան մեզ ոչնչով չաջակցեց, մեր կողքը չկանգնեց: Օրինակ՝ երբ ես եւ Հենրիկը գնացինք հակադոպինգային գործակալություն, մեզ հետ պետք է լիներ ֆեդերացիայի իրավաբանը: Այդ կառույցը ունի իրավաբան չէ, որը զբաղվում է իրավաբանական հարցերով, ստանում աշխատավարձ: Ֆեդերացիան չի տիրապետում իրավիճակին: Եթե մենք գնում ենք առանց ֆեդերացիայի իրավաբանի, առանց գլխավոր մարզիչի, ուրեմն ֆեդերացիան սրտացավ չի: Իրենք պիտի մեզ հետ լինեին, մեզ բացատրեին: Մենք իրավական ոչ մի պաշտպանվածություն չունեինք:

Հենրիկ Սահակյանը մնում է իր խոսքին եւ ասում, որ որեւէ արգելված խթանիչ, հարուցիչ չի օգտագործել, նա ասում է, որ այս ամենը շինծու գործ է:

Ունենք 21 օր ժամանակ այս որոշումը բողոքարկելու համար: Մենք բողոքարկելու ենք:

Դիմում եմ ֆեդերացիային, որ 21 օրվա ընթացքում իր գործառույթների մեջ գտնվող բոլոր լծակներն օգտագործի եւ հնարավորության սահմաններում բողոքարկենք Հակադոպինգային գործակալության որոշումը: Ակնկալում եմ, որ ֆեդերացիան անգործության չի մատնվի, որովհետեւ Հենրիկ Սահակյանը միայն իմ բռնցքամարտիկը չի եւ իմ դրոշը չի բարձրացնում, այլ մեր երկրի՝ ներկայացնելով ազգային ֆեդերացիան»,- ասաց Սամվել Պողոսյանը:

Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, Հայաստանի չեմպիոն, 54 կգ քաշային Հենրի Սահակյանը նշել էր, որ «արգելված դեղամիջոց չի օգտագործել եւ ուզում է իմանալ,  թե ով է իրեն թույնել»։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով