18:47  ,  31 հոկտեմբերի, 2012

«Մարսելի» պաշտպան. Այո, ես մերժել եմ Հայաստանի հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից առաջարկ եմ ստացել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, բայց ես մերժել եմ: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում հայտարարել է ֆրանսիական «Մարսելի» 17-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը:

Գաել, դու հրավեր ստացե՞լ ես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից  Հայաստանի հավաքականում հանդես գալու համար եւ մերժե՞լ ես այն:

Այո, դա այդպես է: Ինձ առաջարկ են արել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, որպեսզի հանդես գամ հայկական դրոշի ներքո, բայց ես կարծեցի, որ ինձ համար դեռ վաղ է 17 տարեկանում խաղալ հավաքականում: Ինձ համար մեծ պատիվ է, որ նրանք հետաքրքրվել են իմ ծառայություններով եւ դիմել են ինձ:

Միգուցե, սպասում ես, որ քեզ կհրավիրեն Ֆրանսիայի հավաքակա՞ն:

Ես արդեն երկու անգամ  խաղացել եմ Ֆրանսիայի մինչեւ 16 տարեկանների հավաքականում: Ճիշտն ասած, այս պահին չեմ կենտրոնանում Ֆրանսիայի հավաքականի վրա: Եթե հրավեր լինի, ես շատ հպարտ կլինեմ, եթե ոչ՝ կկենտրոնանամ իմ ակումբի վրա:

Հնարավո՞ր է, որ մոտ ապագայում տեղափոխվես «Մարսելի» հիմնական թիմ:

Հուլիսի 30-ից ես արդեն մարզվում եմ հիմնական թիմի կազմում: Այստեղ ամեն օր նոր բաներ եմ սովորում: Դա մեծապես նպաստում է իմ պրոֆեսիոնալ աճին:

Հայաստանում երբեւէ եղե՞լ ես: Խոսո՞ւմ ես հայերեն:

Ցավոք, երբեք չեմ եղել Հայաստանում եւ հայերենին չեմ տիրապետում:

Իսկ Հայաստանի ազգային հավաքականի խաղերը դիտե՞լ ես:

Ես տեղյակ եմ լինում խաղերի արդունքների մասին, բայց հանդիպումներին հետեւել չեմ կարող, քանի որ Ֆրանսիայում չկան հայկական ալիքներ: Եթե դուք ունեք որեւէ լուծում, առաջարկեք, մեծ սիրով կսպասեմ: Դա ինձ հնարավորություն կտա ավելի լավ ծանոթանալ հայ ֆուտբոլիստների խաղին:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով