11:16  ,  22 փետրվարի, 2023

Լեւոն Աղասյան․ Եթե նորից երկրաշարժ չլինի, կարծում եմ՝ կմեկնենք Ստամբուլ

Շատ եմ ցանկանում մեդալ նվաճել Ստամբուլում՝ Եվրոպայի առաջնությունում: Նախորդ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել եմ ԵԱ-ից առաջ հավանական վնասվածք չստանալու համար: Այստեղ շատ կարեոր է լինել լավագույն մարզավիճակում եւ առանց վնասվածքի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը:

Փետրվարի 18-ին Լեւոն Աղասյանը Ղազախստանում պետք է մասնակցեր նախաօլիմպիական տարվա առաջին միջազգային մրցաշարին, բայց մրցավայրում մեկնարկից մեկ օր առաջ հրաժարվել է մասնակցությունից: Պատճառը եղել է մկանային վնասվածքը: Եռացատկորդն իր նախաձեռնությամբ է դուրս մնացել մրցաշարից, քանի որ մի քանի օրից ավելի կարեւոր մեկնարկ ունի Ստամբուլում՝ Եվրոպայի առաջնությունում:

Կապանցի եռացատկորդը Հայաստանի թիմի հետ պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու փետրվարի 28-ից մարտի 6-ը Ստամբուլում:

Լեւոն, նախքան Եվրոպայի առաջնության մասին խոսելը, պատմիր՝ ինչ խնդիր ես ունեցել Ղազախստանում:

Պիտի մասնակցեի միջազգային մրցաշարի, բայց նախավարժանքային թափավազքի ժամանակ ոտքիս մկանային ցավ զգացի եւ որոշեցի չցատկել: Կարող էի այդպես էլ ցատկել, նույնիսկ կարող էի հաղթել, որովհետեւ բարձր արդյունքով չէին հաղթել: Ռիսկի չգնացի, որ հանկարծ ավելի չբարդացնեի ոտքիս խնդիրը Եվրոպայի առաջնությունից առաջ:

Այդ մրցմանն ինձ էին անձամբ հրավիրել, ֆեդերացիայի հետ կապ չուներ: Իմ հրաժարվելը մասնակցությունից, որեւէ խնդիր չի առաջացնի:

Մրցաշարից վերադարձել եմ նախորդ օրը, մեկ օր հանգիստ եմ ունեցել: Այսօր առաջին անգամ եմ մարզվելու: Այս պահին ոտքի ցավ չունեմ:

Այժմ պատրաստվում եմ Եվրոպայի առաջնությանը: Փետրվարի 28-ին մեկնում ենք Ստամբուլ: Մարտի 2-ին իմ մրցելույթի օրն է: Այստեղ շատ կարեոր է լինել լավագույն մարզավիճակում եւ առանց վնասվածքի:

Ղազախստանի մրցաշարից առաջ նաեւ պետք է մասնակցեիք Բալկանյան երկրների մրցաշարին, որը եւս տեղի չունեցավ...

Ստամբուլում պետք է անցկացվեր Բալկանյան երկրների մրցաշարը: Սկզբում մրցավայրը պետք է լիներ Սերբիան, բայց հետո փոխեցին Թուրքիա: Տեղի ունեցան աղետալի երկրաշարժերը եւ մրցաշարը չեղարկվեց:

Եվրոպայի առաջնությունը տեղափոխելու կամ հետաձգելու մասին տեղեկություններ դեռ չկան: Մեկ շաբաթ է մնացել մեկնարկին, բայց անցկացման վայրը չի փոխվել, մնում է Ստամբուլը: Եթե նորից երկրաշարժեր չլինեն, կարծում եմ՝ կմեկնենք: Ամեն դեպքում դեռ ստույգ չի:

Ինչպե՞ս ես տրամադրված Եվրոպայի առաջնությանը:

Շատ լավ եմ տրամադրված, ինչպես յուրաքանչյուր կարեւոր մրցաշարին: Լավ մարզավիճակում եմ գտնվում: Ոտքիս հետ կապված այս պահին ցավեր չունեմ: Ամեն ինչ նորմալ է: Բոլորին է հայտնի, թե ինչպիսին են մեր պայմանները, բայց փորձում եմ այդ պայմաններում անել առավելագույնը: Պետք է կենտրոնանամ եւ շատ լավ մասնակցեմ: Շատ եմ ուզում Ստամբուլում Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել: 17 եւ ավելի մետրը մեդալային է, պետք է փորձեմ ցատկել: Խնդիրն այն է, որ մարզումների ժամանակ չեմ ցատկում այնքան, որքան անհրաժեշտ է, թափավազքից չեմ ցատկում մեր պայմանների պատճառով, որովհետեւ կարող եմ լուրջ վնասվածք ստանալ: Հիմնական փորձս լինում է մրցավայրում: Կանեմ ամեն ինչ, որ լավ հանդես գամ:

Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է նաեւ Յանա Սարգսյանը, որն իմ մրցաձեւում է հանդես գալիս: Նա նույնպես իմ մարզիչի սանն է:  Երվանդ Մկրտչյանի մասնակցությունը դեռ հարցականի տակ է իմ տեղեկություններով:

Ի՞նչ վարկանիշային մրցաշարեր ունեք նախաօլիմպիական տարում:

Մեր մրցաշրջանը սկսվում է մայիսից: Դեռ չգիտեմ, թե ինչ մրցաշարերի եմ մասնակցելու, պետք է դեռ հրավերներ ստանամ: Չգիտեմ՝ Արտաշատի մարզադաշտը պատրաստ կլինի, թե ոչ. այնտեղ պետք է մասնակցեմ Հայաստանի առաջնությանը: Մի քանի տարի չեմ մասնակցում, որովհետեւ տեղի  չի ունենում: Նշեմ, որ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չի: Աթլետիկայի վարկանիշային մրցաշարերը մեկնարկում են հուլիսից, բայց ոչ թե Օլիմպիական խաղերի, այլ աշխարհի առաջնության համար:

Պետք է փորձեմ աշխարհի առաջնության վարկանիշ ձեռք բերել: Հուլիսի մեկից կսկսեմ մրցաշարերի մասնակել, որպեսզի անհատական ցուցանիշ սահմանեմ աշխարհի առաջնության համար: Իսկ գերնպատակս աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգիր նվաճելն է:

Արտագնա հավաքներ ունենու՞մ եք, նախատեսվա՞ծ են:

Այս տարի նախատեսված էր, բայց չարեցինք: Փետրվարի 1-ին մեկնեցինք Վրաստան, որպեսզի 10-օրյա հավաք անցնենք եւ այնտեղից մեկնենք Ստամբուլ՝ Բալկանյան երկրների մրցաշարին, բայց չարեցինք. մրցաշարը չեղարկեցին երկրաշարժի պատճառով, մենք մի քանի օր մնացինք եւ հետ վերադարձանք:

Արտագնա վերջին հավաքը եղել է նախորդ տարի ամռանը: Այս տարի չգիտեմ՝ կլինի, թե ոչ: Այս պահին մարզվում եմ Երեւանում, որովհետեւ միակ փակ մարզադահլիճն է, որտեղ հնարավոր է մարզվել եւ պատրաստվել Եվրոպայի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով