09:07  ,  29 հունվարի, 2023

Հակոբ Սերոբյան․ Այս մեծ իրադարձությունը լուծում է մեր բոլոր խնդիրները

Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ Հայաստանն ընդունելու է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Այս մեծ իրադարձությունը միանգամից լուծում է մեր բոլոր խնդիրները եւ ապահովում հայկական մարմնամարզության ապագան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հունվարի 28-ին Եվրոպական ֆեդերացիայի նիստի ժամանակ որոշվել է, որ 2027 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում՝ Երեւանում:

Պարոն Սերոբյան, Եվրոպայի առաջնությունը` Երեւանում։ Ի՞նչ նշանակություն ունի այս որոշումը։

Մեր երազանքն իրականանում է: Անչափ ուրախ եմ: Այս մեկ մրցաշարով Հայաստանի մարմնամարզության ապագան լուծվում է, մեր բոլոր հարցերը լուծվում են: Արդեն վստահ ասում եմ, որ մեր մարզադահլիճը կլինի, գուցե նաեւ մարզադահլիճներ լինեն: Ամենաբարձր մակարդակով ամեն ինչ պետք է անել, քանի որ լուրջ եւ խոշոր մրցաշար ենք ընդունելու: Նոր գործիքներ կունենանք մի քանի հավաքածուով: Սա նշանակում է ավելի քան 15 տարի երիտասարդ մարմնամարզիկները խնդիր չեն ունենա, մարզումների, գործիքների, դահլիճային խնդիր չեն ունենա, ի տարբերություն մեզ: Դրա համար շատ ուրախ եմ, որ կլինի: Այս ամենն իրականացավ կառավարության աջակցությամբ, որ կարողացանք ձեռք բերել Եվրոպայի առաջնությունն ընդունելու իրավունքը: Շնորհակալ եմ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին նրա մեծ ջանքերի համար:

Եվրոպական ֆեդերացիայի նախագահը ադրբեջանցի է:

Ադրբեջանցի Ֆայիդ Գայիբովն է, այո: Նա նաեւ Ադրբեջանի սպորտի նախարարան է: Գայիբովի ղեկավարած նիստում է ընդունվել 2027 թվականի Եվրոպայի առաջնության անցկացման վայրը. նիստին ներկա է եղել Գագիկ Վանոյանը:

Ինչպիսի՞ն են նախաօլիպիական տարվա ծրագրերը եւ ի՞նչ փուլերով եք պատրաստվելու Փարիզ-2024-ին:

2023-ը հագեցած տարի է լինելու մեզ համար: Տարին կսկսենք մեծ հավաքով: Փետրվարի 7-21-ը մեծահասակները, երիտասարդները, աղջիկները միասին մեծ հավաք կանցնեն Թբիլիսիում:

Մեծահասակները փետրվարի 21-ին Թբիլիսիից կմենեն Գերմանիա, որտեղ անցկացվելու է աշխարհի գավաթի խաղարկության փուլերից առաջինը: Անմիջապես հետո երկրորդ փուլն է լինելու Քաթարում: Մենք կմասնակցենք երկու փուլերին էլ: Հայաստան կվերադառնանք մարտի 5-ին:

Ովքե՞ր են մասնակցելու աշխարհի գավաթի փուլերին:

Առաջին երկու փուլերին կմասնակցենք 5 մարմնամարզիկով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան եւ Գագիկ Խաչիկյան:

Քաթարից կվերադառնանք եւ կանցկացնենք Հայաստանի առաջնությունը, որից հետո երկու փուլերով հավաքներ կանցնենք նորից Թբիլիսիում: Առաջին փուլում երիտասարդները հավաք կանեն մինչեւ մարտի 25-ը: Նրանք կավարտեն, կսկսեն մեծահասակները: Երիտասարդները Թբիլիսիում կպատրաստվեն աշխարհի երիտասարդական առաջնությանը, մեծահասակները՝ Եվրոպայի առաջնությանը:

Այս տարին կարեւոր է նաեւ երիտասարդների համար: Մարտի 29-ից ապրիլի 3-ը  Թուրքիայի Անթալիա քաղաքում կանցկացվի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին առաջին անգամ կունենանք նաեւ աղջիկ մասնակից:

Երիտասարդներն Անթալիայից կվերադառնան, մեծահասակները կմեկնեն Անթալիա, որտեղ նախնական տվյալներով ապրիլի 11-16-ը կանցկացվի Եվրոպայի առաջնությունը: Օրերը դեռ հստակեցված չեն, բայց կհաջորդի երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Աշխարհի գավաթի վերջին երկու փուլերը որտե՞ղ են լինելու:

Մեկը տեղի է ունենալու Բաքվում եւ, ինչպես յուրաքանչյուր տարի, մենք դրան չենք մասնակցելու, մյուսը՝ Եգիպտոսում:

Եգիպտոսը վերջին փուլն է, տեղի է ունենալու ապրիլի 25-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:  

Այս տարի գավաթի փուլերը նորից վարկանիշայի՞ն են աշխարհի առաջնության առանձին գործիքների համար:

Այո, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս գավաթի փուլերի արդյունքներով տղաները աշխարհի առաջնության վարկանիշ ձեռք կբերեն, իսկ արդեն հաջորդ տարի աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային կլինեն Օլիմպիական խաղերի համար:

Այս տարի օլիմպիական ուղեգրեր խաղարկվելու է միայն աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունենալու Բելգիայի Անտվերպեն քաղաքում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը: Այստեղ յուրաքանչյուր գործիքում հաղթողն է ուղեգիր նվաճում, իսկ եթե թիմայինով մարզիկն ունենա, երկրորդ տեղը զբաղեցրածին է հասնում ուղեգիրը:

Գավաթի փուլերի ամփոփիչ արդյունքում ամեն գործիքի վրա երկու ուղեգիր է խաղարկվելու: Աշխարհի գավաթի փուլերում Արթուր Դավթյանը բազմամարտ էլ է անելու, որպեսզի ուղեգիր նվաճելու հնարավորությունը շատ լինի աշխարհի առաջնությում: Հենց այս աշխարհի գավաթի փուլերից նա հենացատկից բացի նաեւ բազմամարտ կանի, որպեսզի աշխարհի առաջնությունում բազմամարտում մասնակցության իրավունք նվաճի: Իսկ այնտեղ արդեն ուղեգրի համար կպայքարի ոչ միայն իր հիմնական գործիքի՝ հենացատկի վրա, նաեւ բազմամարտում:

Բարդ է լինելու մեր պայքարը: Ամեն ինչ կախված է մեկնարկող գավաթի փուլերից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով