13:56  ,  31 դեկտեմբերի, 2022

Արթուր Դավթյան․ Թող խաղաղություն լինի, մենք էլ մեր հաղթանակներով աշխարհին ցույց կտանք, որ ուժեղ ազգ ենք (ֆոտոշարք)

Մրցաշրջան-2022-ն ընդմիշտ կհիշվի հայ մարզիկների պատմական նվաճումներով: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 2022 թվականի աշխարհի առաջնությունում փայլեց հերթական փառահեղ հաղթանակով՝ նվաճելով անկախ Հայաստանի առաջին ոսկե մեդալը սպորտային մարմնամարզությունում:

Նոյեմբերի 6-ին Անգլիայի Լիվերպուլ քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Դավթյանը հենացատկի վարժությունում 15.050 միավորով շրջանցեց բոլոր մրցակիցներին եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Այս նվաճման համար Արթուր Դավթյանը պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով: Նա նաեւ գլխավորեց 2022 թվականի տարվա լավագույն մարզիկների տասնյակը:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսից բացի, Հայաստանի առաջատար մարմնամարզիկը տարվա ընթացքում նվաճեց նաեւ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը եւ դարձավ աշխարհի գավաթակիր:

NEWS.am Sport-ը ներկայացնում է մրցաշրջանի ամփոփիչ հարցազրույցը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանի հետ:

Ներկայացնում ենք նաեւ NEWS.am Sport-ի լուսանկարիչ Էմմա Ասատրյանի տոնական ֆոտոշարքն աշխարհի չեմպիոնի ընտանիքի մասնակցությամբ: 

Արթուր, մրցաշրջան-2022-ը պատմական ստացվեց ոչ միայն քեզ համար, այլեւ ամբողջ հայկական մարզաշխարհի: Ամփոփելով տարին՝ ինչպիսի՞ն էր այն քեզ համար: 

2022 թվականը շատ հաջող տարի էր: Իսկապես՝ այս տարին առանձնահատուկ էր ոչ միայն մեր, այլ նաեւ մյուս մարզաձեւերի համար: Ինձ համար տարին յուրահատուկ էր.  դարձա աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղը գրավեցի, Հարություն Մերդինյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ, աշխարհի առաջնությում երկրորդ անգամ նվաճեց բրոնզե մեդալ, իսկ երիտասարդական հավաքականում ունեցանք Եվրոպայի չեմպիոն եւ երկու փոխչեմպիոն: Շատ հաջող ստացվեց: Ուրախ եմ, որ մենք կարողանում ենք մեր երկրի պատիվը բարձր պահել, դրոշը բարձրացնել:

Անկախությունից հետո մարմնամարզությունում աշխարհի չեմպիոնի մեդալ չունեինք: Միայն Հարություն Մերդինյանին էր հաջողվել բրոնզե մեդալակիր դառնալ, իսկ այս տարի միանգամից երկու մեդալով վերադարձանք:

Վերհիշենք նոյեմբերի 6-ը, ապրումներդ...

Զգացողություններս, ապրումներս մինչ օրս պահպանվում են: Անբացատրելի են: Հպարտության զգացողություններ են: Ես այսպես եմ դիտարկում. աշխարհի քարտեզը նայելիս մենք փոքր, չերեւացող երկիր ենք: Երբ հայացք ես գցում այդ քարտեզի վրա, հասկանում ես, որ փոքր երկիր լինելով՝ դու կարողացել ես հաղթել ամբողջ աշխարհին: Լրիվ ուրիշ զգացողություն է: Աշխարհի ոսկե մեդալից բարձր միայն օլիմպիական ոսկե մեդալն է եւ հաջորդ երազանքս, նպատակս օլիմպիական ոսկե մեդալն է լինելու: Ուրախ եմ ու հպարտ, որ մենք, այս պայմաններում, երկրում ստեղված այս իրավիճակում կարողանում ենք հաջողությունների հասնել, մեր երկիրը պատվով ներկայացնել:

Այդ օրն ընդմիշտ կհիշվի իմ կյանքում: Մարզիկի համար աշխարհի չեմպիոն դառնալը երազանք է: Նոյեմբերի 6-ին ես կարողացա իմ երազանքն իրականություն դարձնել:  Այժմ ձգտելու եմ մյուս երազանքիս:

Ամանորի գիշերը երազանք պահո՞ւմ ես: Ո՞րը կլինի մեծ երազանքդ 2023-ի համար:

Սովորաբար պահում եմ երազանք այդ գիշեր, բայց արդեն մի քանի տարի է՝ ինչ երազանքներս եւ ցանկություններս մեր երկրի խաղաղության մասին են միայն: Քանի որ մեր երկրում պատերազմական վիճակ է, այսքան վատ բաներ եղան, ամեն տարի ցանկությունս միայն խաղաղ տարի ունենալն է: Մարզական կարիերայում եւ կյանքում հաջողությունը քո ձեռքերում է, եւ դու կարող ես այն կառավարել, բայց խաղաղությունը չես կարող կառավարել, չես կարող այնպես անել, որ երկրում խաղաղություն լինի, որովհետեւ քո ձեռքերում չէ: Ես այժմ երազում եմ, որ խաղաղություն լինի մեր երկրում: Այժմ էլ մեկ այլ խնդրի առաջ ենք (խոսքը՝ Լաչինի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելու մասին է.- Լ.Շ.): Երբ խաղաղություն կա, հանգիստ ենք, յուրաքանչյուրս կենտրոնացած մեր աշխատանքի վրա, մարզիկներս՝ մարզումների: Թող խաղաղություն լինի, մենք էլ մեր  հաղթանակներով պատրաստ ենք շարունակել աշխարհին ցույց տալ, որ փոքր երկիր լինելով, ուժեղ ազգ ենք:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով