14:58  ,  21 դեկտեմբերի, 2022

Արթուր Սողոմոնյան․ ՀՖՖ-ն պատերազմ է հայտարարել «Փյունիկին»

Եթե ՀՖՖ-ն ապացուցի, որ իմ բերած փաստերում, բարձրաձայնած խնդիրներում սխալվում եմ, առանց դատական հայցի էլ ներողություն կխնդրեմ: Ինձ այս ամենը չի վախեցնում, հակառակը, ապացուցում է, որ ես ճիշտ եմ իմ պնդումներում: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնին չեմ հավակնում, զուտ ցանկանում եմ, որ իմ կարծիքը լսեն ու հարգեն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի չեմպիոն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարությամբ հանդես եկավ՝ ըստ որի պատրաստվում է«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին քրեական պատասխանատվության ենթարկել դեկտեմբերի 16-ին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ ղեկավարության հասցեին հնչեցրած «կեղծիք, զրպարտություն պարունակող հայտարարությունների, սուտ մատնության համար»: Արթուր Սողոմոնյանն իր հարցազրույցում անդրադարձել էր ՀՖՖ ղեկավարության գործունեությանը, անվստահություն հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին եւ պահանջել նրա հրաժարականը:

Պարոն Սողոմոնյան, ՀՖՖ-ն հայտարարել է Ձեզ քրեական պատասխանատվության ենթարկելու համար քայլեր ձեռնարկելու մասին: Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը:  

Երբ գործ ես ունենում պրոֆեսիոնալ մարդկանց հետ, բարձրաձայնած խնդիրներին պատասխանում են փաստերով եւ փաստարկներ են առաջ բերում, իսկ երբ գործ ես ունենում ոչ պրոֆեսիոնալների հետ, դժգոհություններին կամ բարձրաձայնած խնդիրներին ի պատասխան սկսում են քեզ վիրավորել, սպառնալ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գնում է երկրորդ ճանապարհով: Սկզբում սկսեցին ինձ վիրավորել, ապա դատարկ սպառնալիքներ հնչեցնել իմ հասցեին: Նրանց որդեգրած այս քաղաքականությունը այն բանի ապացույցն է, որ ինչի մասին ես խոսել եմ, ինչ խնդիրներ ներկայացրել եմ, հաստատվում է:

Դեռեւս որեւէ փաստ, տրամաբանություն չեմ տեսնում նրանց հայտարարություններում: Նրանք ինձ սպառնում են՝ քրեական գործ հարուցելով, փորձում են դատարանի միջոցով հասնել իմ հրապարակային ներողությանը, ինչն ինձ համար շատ անհասկանալի է: Եթե սխալ լինեմ, մեծ սիրով ներողություն կխնդրեմ:

Ես ծախսում եմ իմ գումարները, եկել եմ հայկական ֆուտբոլ՝ այն զարգացնելու ցանկությամբ: Եթե նրանք ինձ ապացուցեն, որ իմ բերած փաստերում, բարձրաձայնած խնդիրներում սխալվում եմ, առանց դատական հայցի էլ ներողություն կխնդրեմ. նույնիսկ ուրախ կլինեմ, եթե ես սխալվեմ:

Ինչ վերաբերում է նրանց գործ հարուցելու սպառնալիքին, ինձ համար իսկապես անհասկանալի է: Նրանք սպառնում են մի մարդու, որը նրանց վստահության քվե է տվել ֆեդերացիան ժամանակավոր ղեկավարելու համար: Ուղղակի աբսուրդ է: Սպառնալիքների փոխարեն ավել լավ կլիներ ինձ հետ խոսեին փաստարկներով. ասեին՝ այս ինչ հարցում համամիտ չենք, մյուս հարցում համակարծիք ենք, կաշխատենք, կշտկենք իրավիճակը: Այսպիսի երկխոսություն դեռեւս մեր եւ ֆեդերացիայի միջեւ չկա:

Ես ավելի եմ համոզվում, որ մենք ճիշտ ենք՝ պահանջելով Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: Մենք դա կանենք նաեւ ֆեդերացիայի ժողովում եւ մեծ հույս ունեմ, որ մեր ձայնը լսելի կլինի նաեւ ֆեդերացիայի մյուս անդամների կողմից:

Երբ Հայաստանի առաջնությունը լքեց չորս մարզային թիմ, նրանք հայտարարեցին, որ հեռանում են ՀՖՖ ղեկավարության հետ աշխատանքից դժգոհ լինելու պատճառով: Այդ ժամանակ նրանց որեւէ մեկը չաջակցեց, այդ թվում՝ «Փյունիկը»: Մենք միայն հայտարարություն տարածեցինք, որ ափսոսում ենք նրանց հեռանալու կապակցությամբ:

Հիմա եմ հասկանում, որ պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերեինք այդ ակումբներին: Այժմ էլ մենք ենք կանգնած այդպիսի փաստի առաջ, քանի որ դժգոհ ենք ֆեդերացիայի ղեկավարության գործունեությունից:

Ի՞նչը Ձեզ չի գոհացնում ֆեդերացիայի ղեկավարության գործունեության մեջ:  

Հայկական ֆուտբոլում, մասնավորապես մանկապատանեկանում մեծ ներուժ եմ տեսնում: Անհրաժեշտ է ֆեդերացիայի ճիշտ, համակարգված աշխատանք, եւ մենք կարող ենք ունենալ մեծ արդյունքներ: Նույն հաջողությամբ «Փյունիկում» եմ տեսնում  շատ տաղանդավոր սերունդ: 5 տարի առաջ, երբ ստանձնեցի «Փյունիկ» ակումբը, խոստացա, որ 5 տարվա ընթացքում ակումբին դուրս կբերեմ եվրագավաթներ: Ես իմ խոսքը պահեցի. մենք շատ լավ արդյունքներ գրանցեցինք, հայկական ակումբային ֆուտբոլում պատմական արդյունքներ գրանցեցինք:

Հիմա նույնը տեսնում եմ հայկական մանկապատանեկան ֆուտբոլում: Եթե մենք ճիշտ աշխատենք, մեծ աստղեր կարող ենք ունենալ, ազգային հավաքականին կարող ենք դուրս բերել Եվրոպայի եւ աշխարհի եզրափակիչ փուլեր: Բոլորս պետք է շահագրգռված լինենք հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելու հարցում: Այստեղ անհրաժեշտ է համակարգված միասնական աշխատանք ֆեդերացիայի հետ, որը ՀՖՖ-ի ղեկավարությունը չի անում: Ֆեդերացիան լրիվ այլ գործելաոճ է որդեգրել եւ չի զբաղվում մանկապատանեկան, երիտասարդական ֆուտբոլով:

Ինձ համար ցավալի է, երբ տեսնում եմ այպիսի մեծ ներուժ, իսկ ֆեդերացիայի ղեկավարությունը օգնելու, աջացկելու փոխարեն, խանգարում է, ոչնչացնում այն ամենը, ինչ ունենք: Այս տեմպերով շուտով ֆուտբոլում լուրջ ներդրողներ այլեւս չեն մնա: Այս ամենը կունենա իր հետեւանքները:

Արմեն Մելիքբեկյանի ղեկավարության արդյունքում 4 մեծ ակումբ հեռացավ: Այժմ ՀՖՖ-ն պատերազմ է հայտարարել «Փյունիկին»: Շուտով կլինի ՀՖՖ գործկոմի ընտրությունը եւ Արմեն Մելիքբեկյանն ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտան մեր ներկայացուցիչի ընտրությունը գործկոմի կազմում։ Իմ տեղեկություններով ՝ հիմա արդեն ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։

Այս ամենը, դատական հայցը, գործ հարուցելն ինձ չի վախեցնում, հակառակը՝ ապացուցում է, որ ես ճիշտ եմ իմ պնդումներում:

Ձեզ մեղադրում են սուտ մատնության մեջ...

Երբ ամեն անգամ ինձ ասում են, որ ֆեդերացիան պատասխան է պատրաստել ինձ համար, ես հույս եմ ունենում, որ դա լինելու է կառուցողական երկխոսություն, բայց մինչ օրս չեմ տեսնում դա: Այն, ինչի մասին հայտարարել եմ՝ խոսել եմ փաստերով եւ այնտեղ չկա ոչինչ գործ հարուցելու համար: Ինչ ասել եմ, կարող եմ ապացուցել փաստերով: Որեւէ սուտ չեմ ասել: Հանգիստ եմ այդ հարցով:

Եթե գործ են ցանկանում հարուցել, թող հարուցեն: Եթե այնպես ստացվի, որ ես ճիշտ էի, կպահանջեմ, որ նրանք պատասխան տան: Ինձ պետք է, որ նրանք լքեն ֆուտբոլը: Քանի դեռ նրանք ֆուտբոլում են, մենք առաջ չենք գնում, հետ ենք գնում, չենք զարգանում:

Բաց երկխոսության պատրաստ եմ: Ինձ հաճելի չէ այս ամենը, բայց կդիմանամ, որովհետեւ սիրում եմ ֆուտբոլը,  տեսնում եմ ներուժ մեր երեխաների մեջ, մեծ պարտականություն ունեմ ծնողների, երկրպագուների առջեւ: Ինձ հաճելի չէ այսպիսի մարդկանց հետ աշխատել, բայց հանուն իմ պատասխանատվության, պատրաստ եմ շարունակել:

Երբ եկա ֆուտբոլ, շատ դրական էի տրամադրված․ վեճերի, սկանդալներ անելու համար չէի եկել:

Պարոն Սողոմոնյան, ինչո՞ւ եք երեք տարի անց բարձրաձայնում այս ամենի մասին:

Հենց առաջին օրվանից պարոն Մելիքբեկյանի հետ հաճախակի հանդիպումներ էի ունենում, քննարկում էինք իմ բարձրաձայնած հարցերը: Ամեն անգամ ինձ թվում էր՝ ինչ-որ հարցեր կլուծվեն, այդպես էլ չէին լուծվում: Այս տարի, երբ «Փյունիկը» հասավ իր գագաթնակետին, անկեղծ ասած՝ մի քիչ ուրիշ աչքով նայեցի շատ հարցերին եւ ապշած  մնացի: Երբ մենք սկսեցինք որոշակի հաջողությունների հասնել, ֆեդերացիան մեզ ոչ միայն չօգնեց, այլեւ սկսեց խանգարել: Այն, որ «Փյունիկը» դուրս չեկավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ, չկարողացավ ուրախացնել մեր երկրպագուներին, պատճառը ֆեդերացիան էր: ՀՖՖ-ն մեզ խանգարում էր:

Մենք չկարողացանք պատրաստվել ամենակարեւոր խաղին ֆեդերացիայի պատճառով: Ինձ համար դա շոկ էր: Մեզ Հայատանում խաղ նշանակեցին եվրագավաթային հանդիպումից 3 օր առաջ: Մենք եւ «Նոան» խնդրեցինք՝ փոխեն խաղի օրը, ասացին՝ ոչ պետք է խաղաք նշանակված օրը: Միտումնավոր օր չփոխեցին: Չթողեցին, որ մենք պատրաստվենք այդ խաղին:

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում էլ ֆեդերացիան մեզ ոչնչով չօգնեց, ոչ մի անգամ մեզ չհարցրեց՝ ինչի կարիք ունենք, ինչ է մեզ պետք: Նույնիսկ խաղերին չէին գալիս, բացառությամբ վերջին խաղի: Դա էլ ստիպված եկան, բայց այդտեղ էլ ոչ մի շփում չեղավ մեր միջեւ: Խաղից առաջ մեզ նույնիսկ դաշտ չտվեցին մարզման համար: «Բազելին» տվեցին, մեզ՝ ոչ: Ստացվում է՝ «Բազելը» մեր երկրում ավելի լավ պայմաններ ուներ մարզվելու, խաղին պատրաստվելու համար, քան մենք:

Ինձ համար ցավալի է: Միայն մեկ պատճառ եմ տեսնում՝ նախանձ: Երբ մարդիկ չեն կարողանում իրենց գործը լավ կատարել, իրենց վատ են զգում, որ կողքինները լավ արդյունքներ են գրանցում:

Այս ամենը ես նոր եմ տեսնում: Երեք տարի այսպես անցել է: Այդ պատճառով  այս ամենի մասին բարձրաձայնում եմ հիմա եւ գտա, որ արդեն խոսելու ժամանակն է:

Դեկտեմբերի 28-ին ֆեդերացիայի գործկոմի ընտրությունն է: Հուսամ՝ ֆեդերացիայի անդամները լուրջ կնայեն այս հարցին, կնայեն մեզ, դուրս եկած 4 ակումբների  հետ խնդրին: Մելիքբեկյանն այժմ անում է այնպես, որ իր ուզած գործկոմը հավաքի: Ես բարձրաձայնում եմ սխալները, խնդիրները, եկեք ապացուցեք, որ ես սխալ եմ, այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցրեք: Ասել, որ դատի ենք տալիս սուտ մատնության համար, զուտ դատարկ խոսակցություններ են: Ես ուզում եմ, որ հայկական ֆուտբոլը գնա զարգացման ճանապարհով:

Մենք պատրաստ ենք օրինական դաշտում ցանկացած պայքարի: Ես հիշում եմ, որ «Սեւանին» պարտադրաբար հեռացրին: Չեմ բացառում, որ նոր գործկոմ ընտրելուց հետո, մի օր էլ «Փյունիկին» այդպես հեռացնեն, որովհետեւ ես նրանց նման չեմ մտածում: Այն, ինչ նրանք այժմ անում են, մի նպատակ ունի՝ վախեցնել ինձ, որպեսզի ես հեռանամ ֆուտբոլից: Ես նրանց համար չեմ եկել ֆուտբոլ:

Ես սիրում եմ Հայաստանը, ուզում եմ իմ հայրենիքի, հայկական ֆուտբոլի համար մի լավ բան անել, զարգացնել: Նրանց կարծիքն ինձ չի հետաքրքրում: Ես իրավունք ունեմ ֆեդերացիայի ղեկավարության աշխատանքին գնահատական տալ, որովհետեւ ես եմ նրանց ընտրողը, իսկ նրանք իրավունք չունեն իմ նկատմամբ այսպիսի վերաբերմունք ցուցաբերել:

Մենք նրանց վստահության քվե էինք տվել, իսկ այժմ բարձրաձայն հայտարարում եմ, որ վստահության քվե այլեւս չենք տալիս: Ես իմ հարցազրույցում դեռ ամեն ինչ չեմ ներկայացրել եւ մանրամասնել: Հարկ եղած դեպքում ավելի կմանրամասնեմ՝ որպես ակումբի սեփականատեր:

Ես ֆեդերացիայի նախագահի պաշտոնին չեմ հավակնում, ինձ այդ պաշտոնը պետք չէ, ես ակումբի սեփականատեր եմ եւ զուտ ցանկանում եմ, որ իմ կարծիքը լսեն ու հարգեն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով