14:58 21 դեկտեմբերի, 2022Եթե ՀՖՖ-ն ապացուցի, որ իմ բերած փաստերում, բարձրաձայնած խնդիրներում սխալվում եմ, առանց դատական հայցի էլ ներողություն կխնդրեմ: Ինձ այս ամենը չի վախեցնում, հակառակը, ապացուցում է, որ ես ճիշտ եմ իմ պնդումներում: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնին չեմ հավակնում, զուտ ցանկանում եմ, որ իմ կարծիքը լսեն ու հարգեն:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի չեմպիոն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարությամբ հանդես եկավ՝ ըստ որի պատրաստվում է«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին քրեական պատասխանատվության ենթարկել դեկտեմբերի 16-ին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ ղեկավարության հասցեին հնչեցրած «կեղծիք, զրպարտություն պարունակող հայտարարությունների, սուտ մատնության համար»: Արթուր Սողոմոնյանն իր հարցազրույցում անդրադարձել էր ՀՖՖ ղեկավարության գործունեությանը, անվստահություն հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին եւ պահանջել նրա հրաժարականը:
Պարոն Սողոմոնյան, ՀՖՖ-ն հայտարարել է Ձեզ քրեական պատասխանատվության ենթարկելու համար քայլեր ձեռնարկելու մասին: Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը:
Երբ գործ ես ունենում պրոֆեսիոնալ մարդկանց հետ, բարձրաձայնած խնդիրներին պատասխանում են փաստերով եւ փաստարկներ են առաջ բերում, իսկ երբ գործ ես ունենում ոչ պրոֆեսիոնալների հետ, դժգոհություններին կամ բարձրաձայնած խնդիրներին ի պատասխան սկսում են քեզ վիրավորել, սպառնալ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գնում է երկրորդ ճանապարհով: Սկզբում սկսեցին ինձ վիրավորել, ապա դատարկ սպառնալիքներ հնչեցնել իմ հասցեին: Նրանց որդեգրած այս քաղաքականությունը այն բանի ապացույցն է, որ ինչի մասին ես խոսել եմ, ինչ խնդիրներ ներկայացրել եմ, հաստատվում է:
Դեռեւս որեւէ փաստ, տրամաբանություն չեմ տեսնում նրանց հայտարարություններում: Նրանք ինձ սպառնում են՝ քրեական գործ հարուցելով, փորձում են դատարանի միջոցով հասնել իմ հրապարակային ներողությանը, ինչն ինձ համար շատ անհասկանալի է: Եթե սխալ լինեմ, մեծ սիրով ներողություն կխնդրեմ:
Ես ծախսում եմ իմ գումարները, եկել եմ հայկական ֆուտբոլ՝ այն զարգացնելու ցանկությամբ: Եթե նրանք ինձ ապացուցեն, որ իմ բերած փաստերում, բարձրաձայնած խնդիրներում սխալվում եմ, առանց դատական հայցի էլ ներողություն կխնդրեմ. նույնիսկ ուրախ կլինեմ, եթե ես սխալվեմ:
Ինչ վերաբերում է նրանց գործ հարուցելու սպառնալիքին, ինձ համար իսկապես անհասկանալի է: Նրանք սպառնում են մի մարդու, որը նրանց վստահության քվե է տվել ֆեդերացիան ժամանակավոր ղեկավարելու համար: Ուղղակի աբսուրդ է: Սպառնալիքների փոխարեն ավել լավ կլիներ ինձ հետ խոսեին փաստարկներով. ասեին՝ այս ինչ հարցում համամիտ չենք, մյուս հարցում համակարծիք ենք, կաշխատենք, կշտկենք իրավիճակը: Այսպիսի երկխոսություն դեռեւս մեր եւ ֆեդերացիայի միջեւ չկա:
Ես ավելի եմ համոզվում, որ մենք ճիշտ ենք՝ պահանջելով Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: Մենք դա կանենք նաեւ ֆեդերացիայի ժողովում եւ մեծ հույս ունեմ, որ մեր ձայնը լսելի կլինի նաեւ ֆեդերացիայի մյուս անդամների կողմից:
Երբ Հայաստանի առաջնությունը լքեց չորս մարզային թիմ, նրանք հայտարարեցին, որ հեռանում են ՀՖՖ ղեկավարության հետ աշխատանքից դժգոհ լինելու պատճառով: Այդ ժամանակ նրանց որեւէ մեկը չաջակցեց, այդ թվում՝ «Փյունիկը»: Մենք միայն հայտարարություն տարածեցինք, որ ափսոսում ենք նրանց հեռանալու կապակցությամբ:
Հիմա եմ հասկանում, որ պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերեինք այդ ակումբներին: Այժմ էլ մենք ենք կանգնած այդպիսի փաստի առաջ, քանի որ դժգոհ ենք ֆեդերացիայի ղեկավարության գործունեությունից:
Ի՞նչը Ձեզ չի գոհացնում ֆեդերացիայի ղեկավարության գործունեության մեջ:
Հայկական ֆուտբոլում, մասնավորապես մանկապատանեկանում մեծ ներուժ եմ տեսնում: Անհրաժեշտ է ֆեդերացիայի ճիշտ, համակարգված աշխատանք, եւ մենք կարող ենք ունենալ մեծ արդյունքներ: Նույն հաջողությամբ «Փյունիկում» եմ տեսնում շատ տաղանդավոր սերունդ: 5 տարի առաջ, երբ ստանձնեցի «Փյունիկ» ակումբը, խոստացա, որ 5 տարվա ընթացքում ակումբին դուրս կբերեմ եվրագավաթներ: Ես իմ խոսքը պահեցի. մենք շատ լավ արդյունքներ գրանցեցինք, հայկական ակումբային ֆուտբոլում պատմական արդյունքներ գրանցեցինք:
Հիմա նույնը տեսնում եմ հայկական մանկապատանեկան ֆուտբոլում: Եթե մենք ճիշտ աշխատենք, մեծ աստղեր կարող ենք ունենալ, ազգային հավաքականին կարող ենք դուրս բերել Եվրոպայի եւ աշխարհի եզրափակիչ փուլեր: Բոլորս պետք է շահագրգռված լինենք հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելու հարցում: Այստեղ անհրաժեշտ է համակարգված միասնական աշխատանք ֆեդերացիայի հետ, որը ՀՖՖ-ի ղեկավարությունը չի անում: Ֆեդերացիան լրիվ այլ գործելաոճ է որդեգրել եւ չի զբաղվում մանկապատանեկան, երիտասարդական ֆուտբոլով:
Ինձ համար ցավալի է, երբ տեսնում եմ այպիսի մեծ ներուժ, իսկ ֆեդերացիայի ղեկավարությունը օգնելու, աջացկելու փոխարեն, խանգարում է, ոչնչացնում այն ամենը, ինչ ունենք: Այս տեմպերով շուտով ֆուտբոլում լուրջ ներդրողներ այլեւս չեն մնա: Այս ամենը կունենա իր հետեւանքները:
Արմեն Մելիքբեկյանի ղեկավարության արդյունքում 4 մեծ ակումբ հեռացավ: Այժմ ՀՖՖ-ն պատերազմ է հայտարարել «Փյունիկին»: Շուտով կլինի ՀՖՖ գործկոմի ընտրությունը եւ Արմեն Մելիքբեկյանն ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտան մեր ներկայացուցիչի ընտրությունը գործկոմի կազմում։ Իմ տեղեկություններով ՝ հիմա արդեն ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։
Այս ամենը, դատական հայցը, գործ հարուցելն ինձ չի վախեցնում, հակառակը՝ ապացուցում է, որ ես ճիշտ եմ իմ պնդումներում:
Ձեզ մեղադրում են սուտ մատնության մեջ...
Երբ ամեն անգամ ինձ ասում են, որ ֆեդերացիան պատասխան է պատրաստել ինձ համար, ես հույս եմ ունենում, որ դա լինելու է կառուցողական երկխոսություն, բայց մինչ օրս չեմ տեսնում դա: Այն, ինչի մասին հայտարարել եմ՝ խոսել եմ փաստերով եւ այնտեղ չկա ոչինչ գործ հարուցելու համար: Ինչ ասել եմ, կարող եմ ապացուցել փաստերով: Որեւէ սուտ չեմ ասել: Հանգիստ եմ այդ հարցով:
Եթե գործ են ցանկանում հարուցել, թող հարուցեն: Եթե այնպես ստացվի, որ ես ճիշտ էի, կպահանջեմ, որ նրանք պատասխան տան: Ինձ պետք է, որ նրանք լքեն ֆուտբոլը: Քանի դեռ նրանք ֆուտբոլում են, մենք առաջ չենք գնում, հետ ենք գնում, չենք զարգանում:
Բաց երկխոսության պատրաստ եմ: Ինձ հաճելի չէ այս ամենը, բայց կդիմանամ, որովհետեւ սիրում եմ ֆուտբոլը, տեսնում եմ ներուժ մեր երեխաների մեջ, մեծ պարտականություն ունեմ ծնողների, երկրպագուների առջեւ: Ինձ հաճելի չէ այսպիսի մարդկանց հետ աշխատել, բայց հանուն իմ պատասխանատվության, պատրաստ եմ շարունակել:
Երբ եկա ֆուտբոլ, շատ դրական էի տրամադրված․ վեճերի, սկանդալներ անելու համար չէի եկել:
Պարոն Սողոմոնյան, ինչո՞ւ եք երեք տարի անց բարձրաձայնում այս ամենի մասին:
Հենց առաջին օրվանից պարոն Մելիքբեկյանի հետ հաճախակի հանդիպումներ էի ունենում, քննարկում էինք իմ բարձրաձայնած հարցերը: Ամեն անգամ ինձ թվում էր՝ ինչ-որ հարցեր կլուծվեն, այդպես էլ չէին լուծվում: Այս տարի, երբ «Փյունիկը» հասավ իր գագաթնակետին, անկեղծ ասած՝ մի քիչ ուրիշ աչքով նայեցի շատ հարցերին եւ ապշած մնացի: Երբ մենք սկսեցինք որոշակի հաջողությունների հասնել, ֆեդերացիան մեզ ոչ միայն չօգնեց, այլեւ սկսեց խանգարել: Այն, որ «Փյունիկը» դուրս չեկավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ, չկարողացավ ուրախացնել մեր երկրպագուներին, պատճառը ֆեդերացիան էր: ՀՖՖ-ն մեզ խանգարում էր:
Մենք չկարողացանք պատրաստվել ամենակարեւոր խաղին ֆեդերացիայի պատճառով: Ինձ համար դա շոկ էր: Մեզ Հայատանում խաղ նշանակեցին եվրագավաթային հանդիպումից 3 օր առաջ: Մենք եւ «Նոան» խնդրեցինք՝ փոխեն խաղի օրը, ասացին՝ ոչ պետք է խաղաք նշանակված օրը: Միտումնավոր օր չփոխեցին: Չթողեցին, որ մենք պատրաստվենք այդ խաղին:
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում էլ ֆեդերացիան մեզ ոչնչով չօգնեց, ոչ մի անգամ մեզ չհարցրեց՝ ինչի կարիք ունենք, ինչ է մեզ պետք: Նույնիսկ խաղերին չէին գալիս, բացառությամբ վերջին խաղի: Դա էլ ստիպված եկան, բայց այդտեղ էլ ոչ մի շփում չեղավ մեր միջեւ: Խաղից առաջ մեզ նույնիսկ դաշտ չտվեցին մարզման համար: «Բազելին» տվեցին, մեզ՝ ոչ: Ստացվում է՝ «Բազելը» մեր երկրում ավելի լավ պայմաններ ուներ մարզվելու, խաղին պատրաստվելու համար, քան մենք:
Ինձ համար ցավալի է: Միայն մեկ պատճառ եմ տեսնում՝ նախանձ: Երբ մարդիկ չեն կարողանում իրենց գործը լավ կատարել, իրենց վատ են զգում, որ կողքինները լավ արդյունքներ են գրանցում:
Այս ամենը ես նոր եմ տեսնում: Երեք տարի այսպես անցել է: Այդ պատճառով այս ամենի մասին բարձրաձայնում եմ հիմա եւ գտա, որ արդեն խոսելու ժամանակն է:
Դեկտեմբերի 28-ին ֆեդերացիայի գործկոմի ընտրությունն է: Հուսամ՝ ֆեդերացիայի անդամները լուրջ կնայեն այս հարցին, կնայեն մեզ, դուրս եկած 4 ակումբների հետ խնդրին: Մելիքբեկյանն այժմ անում է այնպես, որ իր ուզած գործկոմը հավաքի: Ես բարձրաձայնում եմ սխալները, խնդիրները, եկեք ապացուցեք, որ ես սխալ եմ, այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցրեք: Ասել, որ դատի ենք տալիս սուտ մատնության համար, զուտ դատարկ խոսակցություններ են: Ես ուզում եմ, որ հայկական ֆուտբոլը գնա զարգացման ճանապարհով:
Մենք պատրաստ ենք օրինական դաշտում ցանկացած պայքարի: Ես հիշում եմ, որ «Սեւանին» պարտադրաբար հեռացրին: Չեմ բացառում, որ նոր գործկոմ ընտրելուց հետո, մի օր էլ «Փյունիկին» այդպես հեռացնեն, որովհետեւ ես նրանց նման չեմ մտածում: Այն, ինչ նրանք այժմ անում են, մի նպատակ ունի՝ վախեցնել ինձ, որպեսզի ես հեռանամ ֆուտբոլից: Ես նրանց համար չեմ եկել ֆուտբոլ:
Ես սիրում եմ Հայաստանը, ուզում եմ իմ հայրենիքի, հայկական ֆուտբոլի համար մի լավ բան անել, զարգացնել: Նրանց կարծիքն ինձ չի հետաքրքրում: Ես իրավունք ունեմ ֆեդերացիայի ղեկավարության աշխատանքին գնահատական տալ, որովհետեւ ես եմ նրանց ընտրողը, իսկ նրանք իրավունք չունեն իմ նկատմամբ այսպիսի վերաբերմունք ցուցաբերել:
Մենք նրանց վստահության քվե էինք տվել, իսկ այժմ բարձրաձայն հայտարարում եմ, որ վստահության քվե այլեւս չենք տալիս: Ես իմ հարցազրույցում դեռ ամեն ինչ չեմ ներկայացրել եւ մանրամասնել: Հարկ եղած դեպքում ավելի կմանրամասնեմ՝ որպես ակումբի սեփականատեր:
Ես ֆեդերացիայի նախագահի պաշտոնին չեմ հավակնում, ինձ այդ պաշտոնը պետք չէ, ես ակումբի սեփականատեր եմ եւ զուտ ցանկանում եմ, որ իմ կարծիքը լսեն ու հարգեն:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.