21:55  ,  18 դեկտեմբերի, 2022

Մեսիի դուբլի շնորհիվ Արգենտինան 36 տարի անց դարձյալ նվաճեց աշխարհի գավաթը (ֆոտո, վիդեո)

Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ նվաճեց ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը 1986 թվականից հետո առաջին անգամ։

88 հազար երկրպագուների ներկայությամբ Արգենտինայի հավաքականը «Լուսաիլ Այքոնիկ» ստադիոնում հետխաղային 11-մետրանոցներով պարտության մատնեց 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, որը Բրազիլիայից հետո 60 տարի անց կարող էր դառնալ տիտղոսը պաշտպանած առաջին թիմը։ 

Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակը՝ 1:1: Արգենտինան հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց 4:2 հաշվով։

Առաջին խաղակեսում 2:0 հաշվով հաղթել էր Լիոնել Սկալոնիի գլխավորած Արգենտինայի հավաքականը։

5-րդ րոպեին առաջինը դարպասին հարված կատարեց Արգենտինան։ Անգլիական «Բրայթոնի» 23-ամյա կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը հեռվից հարվածեց եւ Ֆրանսիայի հավաքականի ու Լոնդոնի «Տոտենհեմի» 35-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը որսաց գնդակը։

9-րդ րոպեին անկյունայինից հետո կողոսկրերի արմունկով հարված ստացա Ուգո Լյորիսը։ Կանոնները խախտեց նրա ակումբակից, Լոնդոնի «Տոտենհեմի» 24-ամյա պաշտպան Կրիստիան Ռոմերոն։

17-րդ րոպեին աջ եզրով սուր գրոհ կազմակերպեց Արգենտինայի հավաքականը։ Մադրիդի «Աթլետիկոյի» 28-ամյա կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլի փոխանցումից հետո Թուրինի «Յուվենտուսի» 34-ամյա հարձակվող Անխել Դի Մարիան բարձր հարվածեց։

19-րդ րոպեին գրեթե դիմային գծի մոտ տուգանային հարվածի իրավունք ստացավ Ֆրանսիան։ Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանն իրացրեց տուգանայինը։ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն գլխի հարված կատարեց, բայց բարձր էր, նաեւ խախտում էր գրանցվել հարձակվող թիմի կողմից։

21-րդ րոպեին Անխել Դի Մարիայի նկատմամբ սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց «Բարսելոնայի» 25-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն եւ նշանակվեց 11-մետրանոց Ֆրանսիայի դարպասին։

ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հստակ իրացրեց 11-մետրանոցը՝ բացելով հաշիվը (տեսանյութ

Արգենտինայի թիմի առավելությունը 36-րդ րոպեին կրկնապատկեց Անխել Դի Մարիան, որը եզրափակեց կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերի փոխանցումը (տեսանյութ

Առաջին խաղակեսում հսկայական առավելություն ուներ Արգենտինան՝ գնդակի 62 տոկոս վերահսկողությամբ, 6 գոլային պահերով, դարպասին կատարած 3 հարվածով։ Ֆրանսիան ոչ մի գոլային պահ չստեղծեց, ոչ մի հարված դարպասի ուղղությամբ չկատարեց։

Երկրորդ խաղակեսի սկզբում Արգենտինան զիջեց նախաձեռնությունը, սակայն վտանգավոր պահերը դարձյալ Ֆրանսիայի թիմի դարպասի մոտ էին։ 57-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը։ Ուգո Լյորիսը փրկեց դրությունը։ Մի քանի րոպե անց Դի Մարիայի փոխանցումից հետո հարված կատարեց Մեսին։ Գնդակը հեռացրեց Թուրինի «Յուվենտուսի» 27-ամյա կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։

51-րդ րոպեին Ալվարեսի փոխանցումից հետո Մաք Ալիսթերը մենակ դուրս եկավ Ուգո Լյորիսի դեմ, որը ոտքերով հեռացրեց գնդակը։

Առաջին հարվածը Արգենտինայի դարպասի ուղղությամբ Ֆրանսիան կատարեց 70-րդ րոպեին։ Կիլիան Մբապեի հարվածը բարձր ստացվեց։

79-րդ րոպեին պորտուգալական «Բենֆիկայի» 34-ամյա պաշտպան Նիկոլաս Օտամենդին սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 24-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի նկատմամբ։

11-մետրանոցը հստակ իրացրեց ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ

Արդեն հաջորդ գրոհի ժամանակ Ֆրանսիան կարողացավ նաեւ վերականգնել հավասարությունը։ 81-րդ րոպեին Մբապեն արդյունավետ եզրափակեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 25-ամյա հարձակվող Մարկուս Տյուրամի փոխանցումը (տեսանյութ

Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում թիմերը մեկական գոլ փոխանակեցին։ Ֆրանսիայի հավաքականի դարպասը 109-րդ րոպեին գրավեց արգենտինացիների ավագ Լիոնել Մեսին (տեսանյութ

116-րդ րոպեին Մբապեն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին արգենտինացիները` 4:2 (տեսանյութ): 

Արգենտինայից դիպուկ հարվածեցին Մեսին, իտալական «Ռոմայի» 29-ամյա հարձակվող Պաուլո Դիբալան, Թուրինի «Յուվենտուսի» 28-ամյա կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը եւ իսպանական «Սեւիլիայի» 25-ամյա պաշտպան Գոնսալո Մոնտիելը։

Ֆրանսիայից արդյունավետ իրացրին Մբապեն ու Կոլո Մուանին, վրիպեցին Մյունխենի «Բավարիայի» 26-ամյա հարձակվող Քինգսլի Քոմանն ու Մադրիդի «Ռեալի» 22-ամյա կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին։

Արգենտինան տիտղոսների քանակով առաջ անցավ աշխարհի կրկնակի չեմպիոններ Ֆրանսիայից եւ Ուրուգվայից։ Ռեկորդակիրը Բրազիլիան է՝ 5 տիտղոս։ Աշխարհի քառակի չեմպիոններ են Գերմանիան ու Իտալիան։

ԱԱ-2022, եզրափակիչ

Արգենտինա - Ֆրանսիա՝ 3:3, 11մ՝ 4:2 (2:2, 1:1), (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 23, 11մ, 108, Անխել Դի Մարիա, 36 - Կիլիան Մբապե, 80, 11մ, 81, 118, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով