16:37  ,  18 դեկտեմբերի, 2022

Լինեկեր․ Մեսիին կարելի է համեմատել միայն Մարադոնայի հետ

Անգլիայի հավաքականի, «Լեսթեր Սիթիի», «Էվերտոնի», «Բարսելոնայի», «Տոտենհեմի» եւ «Նագոյա Գրամպուսի» նախկին ֆուտբոլիստ,  ֆուտբոլային հեռուստամեկնաբան Գարի Լինեկերը աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակի ֆավորիտ է համարում Արգենտինայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին։

«Եթե Կիլիան Մբապեն եզրափակիչում հեթ-տրիկ կամ անհավանական մի բան չանի, ապա «Ոսկե գնդակը» կստանա Մեսին։

Լեոն գերազանց մարզավիճակում է մոտեցել աշխարհի առաջնությանը եւ անհավանական խաղ է ցուցադրում։ Հիշեք նրա անհավանական գոլը Մեքսիկայի դեմ խաղում, գոլային փոխանցումը Նիդեռլանդների հետ դիմակայությունում, լավագույն խաղացողի մրցանակը Ավստրալիայի դեմ խաղից հետո եւ անհատական անցումն ու գոլային փոխանցումը Խորվաթիայի դեմ կիսաեզրափակիչում, երբ Ալվարեսը խփեց Արգենտինայի երրորդ գոլը։

Բայց գոլերից եւ փոխանցումներից բացի կան մանրուքներ, որոնք մարդիկ չեն նկատում։ Երբ երեք կամ չորս խաղացող շրջապատում է Մեսիին, իսկ նա անսպասելի ելք է գտնում՝ դա է նրան առանձնանցում մյուսներից։

Ես չեմ տեսել Պելեի խաղը, բայց իմ կյանքում միայն Մարադոնայի հետ կարելի է համեմատել Մեսիին։ Նա անում է բաներ, որոնք մյուս մահկանացուները չեն կարող կրկնել»,- Լինեկերի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը։

Աշխարհի առաջնության Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով