10:11  ,  18 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022-ի եզրափակիչ․ Արգենտինա - Ֆրանսիա՝ անոնս

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում դեկտեմբերի 18-ին կմրցեն աշխարհի կրկնակի չեմպիոններ Արգենտինան ու Ֆրանսիան։

Թիմերն աշխարհի առաջնություններում կհանդիպեն չորրորդ անգամ։

2018թ․ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 4:3 հաշվով հաղթել է Ֆրանսիան, որի կազմում դուբլի հեղինակ էր դարձել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Չորս տարի առաջ Ֆրանսիան նվաճեց իր երկրորդ տիտղոսը 1998 թվականից հետո։

1978թ․ աշխարհի առաջնությունում Արգենտինան է խմբային փուլում 2:1 հաշվով հաղթել Ֆրանսիային, որը այդ մրցաշարում փլեյ-օֆֆ դուրս չի եկել, իսկ Արգենտինան առաջին անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն։

Ֆրանսիան ու Արգենտինան հանդիպել են նաեւ 1930թ․ աշխարհի առաջնության խմբային փուլում․ 1:0 հաշվով հաղթել են արգենտինացիները։

Թիմերը նաեւ երկու ընկերական հանդիպում են անցկացրել։ 2007-ին Արգենտինան հաղթել է 1:0 հաշվով, 2009-ին՝ 2:0 հաշվով։

Ֆրանսիան Բրազիլիայից հետո 60 տարի անց ունի հնարավորություն դառնալու երկու առաջնությունում անընդմեջ տիտղոսը նվաճած առաջին թիմը։

Արգենտինան 1986թ․ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո առավելագույն հաջողություն ունեցել է 1990-ին եւ 2014-ին՝ դառնալով փոխչեմպիոն։ Երկու դեպքում էլ արգենտինացիները պարտվել են Գերմանիային։

Աշխարհի ընթացիկ առաջնությունում Արգենտինայի հավաքականը մեկնարկեց սենսացիոն պարտությունով՝ 1:2 հաշվով Սաուդյան Արաբիայից։ Հաջորդ երկու խաղերում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթեց Մեքսիկային եւ Լեհաստանին՝ խմբում 6 միավորով գրավելով առաջին տեղը։

1/8 եզրափակիչում Արգենտինան 2:1 հաշվով պարտության մատնեց Ավստրալիային։ Քառորդ եզրափակիչում արգենտինացիները հետխաղային 11-մետրանոցներով 4:3 հաշվով հաղթեցին Նիդեռլանդներին։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով։

Կիսաեզրափակիչում Արգենտինան 3:0 հաշվով պարտության մատնեց 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային։

Արգենտինայի թիմի ավագ, ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ վերջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնության։

Ֆրանսիայի հավաքականը խմբային փուլում 4:1 հաշվով հաղթեց Ավստրալիային, 2:1 հաշվով՝ Դանիային, 0:1 հաշվով պարտվեց Թունիսին եւ 6 միավորով գրավեց առաջին տեղը։

1/8 եզրափակիչում Ֆրանսիան 3:1 հաշվով ուժեղ էր Լեհաստանից, քառորդ եզրափակիչում պայքարից դուրս թողեց Անգլիային՝ 2:1։ Կիսաեզրափակիչում ֆրանսիացիները 2:0 հաշվով առավելության հասան Մարոկկոյի թիմի նկատմամբ։

Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով