09:03  ,  18 դեկտեմբերի, 2022

Ֆրանսիա՞, թե՞ Արգենտինա. կանխատեսում են հայկական սպորտի աստղերը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում  դեկտեմբերի 18-ին հայտնի կդառնա չեմպիոնը:  Տիտղոսը կվիճարկեն աշխարհի կրկնակի չեմպիոններ Արգենտինան եւ Ֆրանսիան։

Այս շրջանում ֆուտբոլասերները բաժանվել են երկու խմբի: Մի մասը երկրպագում է աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիային, մյուսը՝ Ամերիկայի գավաթակիր Արգենտինային: Ըստ մասնագետների եւ երկրպագուների կանխատեսումների՝ 35-ամյա արգենտինացի Լիոնել Մեսին եզրափակիչ խաղում ոչինչ չի խնայի աշխարհի գավաթը նվաճելու համար: Ոմանք էլ երկրպագում են Կիլիան Մբապեին եւ վստահ հայտարարում, որ 23-ամյա ֆրանսիացի հարձակվողը լավագույն խաղով իր հավաքականին կպարգեւի աշխարհի չեմպիոնի երկրորդ անընդմեջ չեմպիոնությունը:

Հայ երկրպագուների ու ֆուտբոլասերների զգալի մասը հաղթողի դերում տեսնում է Ֆրանսիայի հավաքականին, թեեւ քիչ չեն նաեւ Լիոնել Մեսիի երկրպագուները: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամ երկիրն է եւ այդ պատճառով էլ ցանկանում են, որպեսզի Ֆրանսիան հաղթի:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետեւել եւ եզրափակիչ խաղին սպասում են նաեւ հայկական սպորտի աստղերը: Հայ մարզիկները NEWS.am Sport-ի համար կանխատեսել են եզրափակիչի Արգենտինա - Ֆրանսիա խաղի արդյունքը:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ֆուտբոլի մեծ երկրպագու է: Երբեմն նրան կարելի է տեսնել ֆուտբոլ խաղալիս, նաեւ հավաքականի մարզումների ժամանակ: Օլիմպիական չեմպիոնը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիայի հավաքականի երկրպագու է եւ հավատում է Ֆրանսիայի հաղթանակին:

«Ֆրանսիան է դառնալու աշխարհի չեմպիոն: Ես Ֆրանսիայի հավաքականի երկրպագու եմ: Դժվար է ասել, թե ինչ հաշվով կհաղթի: Կարծում եմ՝ 2:1 կամ 1:0 հաշվով կավարտվի խաղը»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նույնպես մեծ ֆուտբոլասեր է: Նա հաճախ է խաղում ֆուտբոլ, գերծանրաբեռնված մարզումային օրերին նաեւ առանձնահատուկ տեղ տալիս ընկերների հետ ֆուտբոլային հանդիպուներին:

Ըստ Դավթյանի, եզրափակիչում հաղթելու է Ֆրանսիայի հավաքականը եւ երկրորդ անգամ անընդմեջ դառնալու է աշխարհի չեմպիոն:

«Ես հավատում եմ Ֆրանսիայի հաղթանակին, այսինքն՝ կուզեի, որ Ֆրանսիայի հավաքականը հաղթեր. մեր բարեկամ երկիրն է: Չեմ կարող ասել, թե ինչ հաշվով կավարտվի եզրափակիչ խաղը: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր եզրափակիչ է սպասվում: Իսկապես կուզեի, որ ֆրանսիացիները հաղթեն եւ դառնան աշխարհի եռակի չեմպիոն»,- նշեց Արթուր Դավթյանը:

Բնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը Արգենտինայի հավաքականի երկրպագու է:

«Եզրափակիչում միանշանակ հաղթելու է Արգենտինան: Չեմ կարծում, որ խաղը կտեղափոխվի ավելացված ժամանակ: Արգենտինան կհաղթի հիմնական ժամանակում»,- նկատեց Դավիթ Չալոյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը Արգենտինայի հավաքականի երկրպագու է: Նա հավատում է Լիոնել Մեսիի հաղթանակին:

«Համոզված եմ, որ հաղթելու է Արգենտինայի հավաքականը: Միշտ երկրպագել եմ այս հավաքականին, Լիոնել Մեսիի մեծ երկրպագու եմ: Հավատում եմ Արգենտինայի հաղթանակին, որովհետեւ հանուն հաղթանակի այս թիմն ամեն կանի խաղադաշտում եւ արժանի է չեմպիոնության: Գոլի հեղինակ կդառնա Մեսին եւ հանդիպումը կավարտվի 2:1 հաշվով Արգենտինայի չեմպիոնությամբ»,- ասաց Մալխաս Ամոյանը:

Շախմատի կանանց Հայաստանի չեմպիոն Սուսաննա Գաբոյանի կարծիքով 11-մետրանոցներով հաղթելու են ֆրանսիացիները:

«Չեմպիոն դառնալու է Ֆրանսիայի հավաքականը: Այս աշխարհի առաջնությունը լինելու է Կիլիան Մբապեինը: Հիմնական ժամանակում 1:1 հաշիվ եմ կանխատեսում: 11-մետրանոցներով Ֆրանսիան կհաղթի: Եզրափակիչում գոլեր կխփեն Մեսին եւ Մբապեն»,- ասաց Սուսաննա Գաբոյանը:

Ֆրանսիայի հաղթանակի կանխատեսում ունի նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի չեմպիոն Վազգեն Թեւանյանը:

«Ֆրանսիային եմ երկրպագում: Հավատում եմ Ֆրանսիայի հաղթանակին: Կարծում եմ ֆրանսիացիներն արգենտինացիներին կհաղթեն 2:1 հաշվով»,- ասաց Վազգեն Թեւանյանը:

Հունռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանի համար երկու թիմերն էլ արժանի են հաղթանակի, բայց նա ցանկանում է, որ հաղթի Ֆրանսիան:

«Ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերին հետեւել եմ: Անհամբեր սպասում եմ եզրափակիչին: Շատ հետաքրքիր եւ լարված եզրափակիչ է սպասվում: Երկու թիմերն էլ արժանի են հաղթանակի, բայց կարծում եմ՝ չեմպիոն կդառնա Ֆրանսիան: Կարծում եմ՝ խաղի հիմնական ժամանակը՝ 90 րոպեն կավարտվի 1:1 հաշվով եւ հաղթողը կորոշվի 11 մետրանոցներով»,- կանխատեսեց Կարապետ Չալյանը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Արգենտինան Խորվաթիային հաղթել է 3:0 հաշվով, Ֆրանսիան Մարոկկոյին պարտության է մատնել 2:0 հաշվով։

Դեկտեմբերի 17-ին բրոնզե մեդալակիր դարձավ Խորվաթիայի հավաքականը: Երրորդ տեղի համար խաղում խորվաթները 2:1  հաշվով հաղթեցին Մարոկկոյի հավաքականին: Ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականը երկրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր:

Եզրափակիչ Արգենտինա - Ֆրանսիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով