12:54  ,  16 դեկտեմբերի, 2022

Մարցինյակ․ Կանենք ամեն ինչ, որպեսզի եզրափակիչից հետո մրցավարների մասին ոչ մի խոսք չլինի

Աշխարհի առաջնության եզրափակիչի գլխավոր մրցավար, Լեհաստանի ներկայացուցիչ Շիմոն Մարցինյակը հույս է հայտնել, որ Արգենտինա - Ֆրանսիա հանդիպումից հետո մրցավարների մասին չխոսեն։

«Ես ակնկալում եմ գերազանց խաղ։ Արգենտինան ու Ֆրանսիան երկու մեծագույն հավաքականներ են, որոնք ունեն անհավանական խաղացողներ։ Նրանցից յուրաքանչյուրն ամեն վայրկյան կարող է մի հրաշալի բան անել։

Մենք արդեն սպասարկել ենք երկու թիմերի մասնակցությամբ խաղեր այս առաջնությունում։ Նրանք մեզ ճանաչում են։ Մեծ պատիվ է եւ կփորձենք գերազանց կատարել մեր աշխատանքը։ Կանենք ամեն ինչ, որպեսզի խաղից հետո մրցավարների մասին ոչ մի խոսք չլինի»,- Մարցինյակի խոսքը մեջբերում է Przeglad Sportowy-ն։

Նրան կօգնեն եզրային մրցավարներ Պավել Սոկոլնիցկին եւ Թոմաշ Լիստկեւիչը։ Խմբային փուլի երրորդ տուրում Մարցինյակը Ֆրանսիա - Դանիա (2:1) հանդիպման գլխավոր մրցավարն էր, 1/8 եզրափակիչում՝ Արգենտինա - Ավստրալիա (2:1) խաղինը։

Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով