23:48  ,  13 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Արգենտինան հաղթում է խորվաթներին առաջին խաղակեսից հետո (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում հանդիպել են Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիան։

Առաջին խաղակեսում 2:0 հաշվով առավելության հասան արգենտինացիները։

Առաջին հարվածը դարպասին եղավ միայն 25-րդ րոպեին։ Արգենտինայի հավաքականի եւ պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հեռվից հարված կատարեց։ Խորվաթիայի թիմի եւ Զագրեբի «Դինամոյի» 27-ամյա դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը որսաց գնդակը։

Խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացեց Արգենտինայի հավաքականի ավագ, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)։ Այն նշանակվել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսի դեմ Լիվակովիչի խախտման համար։

Մեսին աշխարհի առաջնություններում խփեց 11-րդ գոլը եւ գերազանցեց ազգային թիմի արդեն նախկին ռեկորդակիր Գաբրիել Բատիստուտայի ցուցանիշը (10 գոլ)։ Մեսին ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների մրցավազքում 5 գոլով հավասարվեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին։

39-րդ րոպեին արգենտինացիների առավելությունը կրկնապատկեց Խուլիան Ալվարեսը, որը խաղադաշտի կենտրոնում փոխանցում ստացավ Մեսիից եւ միայնակ անցում կատարեց, հետ թողեց խորվաթների պաշտպաններին եւ գրավեց Լիվակովիչի պաշտպանած դարպասը (տեսանյութ

Արգենտինան 4 հարված կատարեց դարպասին, Խորվաթիան՝ ոչ մի հարված։

Ընդմիջում է։

Այս զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Մարոկկոյի դիմակայության հաղթողի հետ։ Այդ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։

Եզրափակիչը կանցկացվի դեկտեմբերի 18-ին։ Կիսաեզրափակիչում պարտված թիմերը դեկտեմբերի 17-ին կվիճարկեն բրոնզե մեդալները։

Աշխարհի ընթացիկ առաջնության խմբային փուլում Արգենտինային հավաքականը 1:2 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Սաուդյան Արաբիայից, 2:0 հաշվով հաղթել է լեհերին եւ մեքսիկացիներին։

Խորվաթիայի հավաքականը խմբային փուլում 0:0 հաշվով է խաղացել Մարոկկոյի եւ Բելգիայի հետ, 4:1 հաշվով հաղթել է կանադացիներին։

1/8 եզրափակիչում Արգենտինան 2:1 հաշվով հաղթել է Ավստրալիային, քառորդ եզրափակիչում էլ հետխաղային 11-մետրանոցներով 4:3 հաշվով պարտության է մատնել հոլանդացիներին։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով։

Խորվաթիայի հավաքականը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս է թողել ճապոնացիներին՝ 11-մետրանոցներով հաղթելով 3:1 հաշվով։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։

Քառորդ եզրափակիչում խորվաթները պայքարից դուրս են թողել բրազիլացիներին։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով, լրացուցիչ ժամանակը՝ 1:1։ Հետխաղային 11-մետրանոցներով Խորվաթիան հաղթել էր 4:2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով