21:03  ,  2 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Հարավային Կորեան հաղթեց Պորտուգալիային եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում H խմբում ընդգրկված Հարավային Կորեայի հավաքականը 2:1 հաշվով պարտության մատնեց պորտուգալացիներին եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Արդեն 5-րդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 23-ամյա պաշտպան Դիոգու Դալոյի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց պորտուգալական «Բրագայի» 28-ամյա հարձակվող Ռիկարդու Օրտան։

27-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Հարավայի Կորեայի «Ուլսան Հունդեյի» 32-ամյա պաշտպան Կիմ Յուն Կվոնը։ Ավելացված առաջին րոպեին հարավկորեացիների հաղթական գոլը խեց անգլիական «Վուլվերհեմփթոնի» 26-ամյա հարձակվող Հվան Հի Չան, որին գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Տոտենհեմի» 30-ամյա հարձակվող Սոն Հին Մինը։

Այս խմբում փլեյ-օֆֆի ուղեգիրն առաջինը նվաճել էր Պորտուգալիայի հավաքականը, որը 6 միավորով գրավեց առաջին տեղը։

Ուրուգվայի հավաքականը 2:0 հաշվով պարտության մատնեց Գանայի հավաքականին։

Հանդիպման 21-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ Գանայի թիմը, սակայն Քաթարի «Ալ Սադի» 32-ամյա հարձակվող Անդրե Այուն չկարողացավ այն արդյունավետ իրացնել։

26-րդ եւ 32-րդ րոպեներին աչքի ընկավ Ուրուգվայի հավաքականի եւ բրազիլական «Ֆլամենգոյի» 28-ամյա կիսապաշտպան Խիորխիան դե Արասկաետան։ Երկրորդ գոլի դրվագում արդյունավետ փոխանցում կատարեց Ուրուգվայի «Նասյոնալի» 35-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը։

Ուրուգվայի հավաքականը 4 միավորով գրավեց երրորդ տեղը՝ Հարավային Կորեային զիջելով խփած գոլերի քանակով։

Գանան 3 միավորով զբաղեցրեց վերջին տեղը։

1/8 եզրափակիչում Պորտուգալիայի մրցակիցը կլինի G խմբում երկրորդ տեղ գրաված թիմը, Հարավային Կորեան կխաղա G խմբի հաղթողի հետ։

ԱԱ-2022, երրորդ տուր, H խումբ

Հարավային Կորեա - Պորտուգալիա՝ 2:1 (տեսանյութ)

Կիմ Յուն Կվոն, 27, Հվան Հի Չան, 90+1 - Ռիկարդու Օրտա, 5

Գանա - Ուրուգվայ՝ 0:2 (տեսանյութ)

Խիորխիան դե Արասկաետա, 26, 32

Չիրացրած 11մ՝ Անդրե Այու (Գանա), 21

Մրցաշարային դրություն․ Պորտուգալիա՝ 6 միավոր, Հարավային Կորեա՝ 4, Ուրուգվայ՝ 4, Գանա՝ 3։

G խումբ

Կամերուն - Բրազիլիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Սերբիա - Շվեյցարիա՝ 23:00

Մրցաշարային դրություն․ Բրազիլիա՝ 6 միավոր, Շվեյցարիա՝ 3, Կամերուն՝ 1, Սերբիա՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով