09:05  ,  15 նոյեմբերի, 2022

Էլմիրա Կարապետյան․ Այս շրջանում օլիմպիական ուղեգիրս անսպասելի ու մեծ իրադարձություն էր

Հայաստանն առաջին օլիմպիականն ունի 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում: Այս մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 15-ին, երբ Հայաստանի առաջատար հրաձիգ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Էլմիրա Կարապետյանը Եգիպտոսում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը՝ ապահովելով օլիմպիական ուղեգիր (օդամղիչ ատրճանակ, 10 մետրից, 60 կրակոց): Օրերս Հայաստանի հրաձգության ֆեդերացիան Միջազգային օլիմպիական կոմիտեից նաեւ գրավոր ստացել է Էլմիրա Կարապետյանի հաստատված ուղեգիրը:

28-ամյա հրաձիգը Տոկիոյի Օլիմպիական խաղերում ամենավերջինն էր համալրել Հայաստանի օլիմպիական հավաքականը: Ուղեգիրը նվաճել էր 2021 թվականի մայիսի 20-29-ը Խորվաթիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: Այս Օլիմպիական խաղերում Էլմիրան առաջինն է: Ի դեպ, 4 ամիս առաջ է ծնվել Էլմիրա Կարապետյանի առաջնեկը։

Եգիպտոսում անցկացված աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչը նաեւ բարելավել է անձնական ռեկորդը:

NEWS.am Sport-ի թղթակից հանդիպել է Փարիզ-2024-ի առաջին հայ օլիմպիականի հետ, զրուցել աշխարհի առաջնության, ուղեգիր նվաճելու եւ Փարիզի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ծրագրերի մասին: Էլմիրա Կարապետյանը հարցազրույցի եկել էր փոքրիկ Լիոնի հետ, որն ամենուր ուղեկցում է օլիմպիական մայրիկին:

Էլմիրա, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար նաեւ օլիմպիական ուղեգիր նվաճելու կապակցությամբ: Պատմիր տպավորություններիդ մասին:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Իսկապես շատ ուրախ եմ ուղեգիր նվաճելու կապակցությամբ: Ինձ համար այս շրջանում սա անսպասելի ու մեծ իրադարձություն էր: Դեռ չեմ հավատում, որ իսկապես նվաճել եմ, նաեւ ուրախ եմ, որ Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին անդամն եմ:

Սպասո՞ւմ էիր նման հաջող մրցելույթի աշխարհի առաջնությունում, հատկապես, երբ նոր ես մայրացել եւ ժամանակդ ավելի շատ լցված է փոքրիկով:

Աշխարհի առաջնությունն անցկացվում էր Կահիրեի ամենալավ հրաձգարանում: Այն համարվում է աշխարհի լավագույն հրաձգարաններից մեկը: Մինչեւ աշխարհի առաջնությունը շատ լավ մարզումային փուլ էի անցել: Ճիշտ է՝ բալիկի հետ շատ դժվար էր, բայց ես լիարժեք պատրաստ էի այս առաջնությանը: Նախքան մրցելույթների մեկնարկը, հասցրել էի նաեւ լիարժեք քնել, քանի որ բոլորը գիտեն՝ նորածին բալիկի հետ քունը միշտ կիսատ է:

Որակավորման փուլում սկզբում 10-երը շատ էին, հետո ընթացքում վատ կրակեցի, 10-երը քչացան: Վերջում հավաքվեցի եւ եւս մի շարք լավ կրակեցի եւ որակավորման փուլն ավարտեցի 582 միավորով: Սա Եվրոպայի առաջնությունում երկրորդ կամ երրորդ արդյունք էր: Որակավորման փուլում 5-րդն էի: Քանի որ մասնակիցները 100-ից շատ էին, երկու մեկնարկով էին անցկացնում: Մեր խմբից հետո եւս 50-ը պետք է կրակեին: Մենք պետք է սպասեինք, որպեսզի երկրորդ մեկնարկն էլ ավարտվեր, նոր հասկանայինք՝ մտնում եմ եզրափակիչ, թե ոչ: Եզրափակիչ դուրս է գալիս լավագույն 8-ը: Երկրորդ մեկնարկի ժամանակ ավելի շատ էի լարվել, քան իմ մրցելույթին: Ավարտվելուց հետո 7-րդ տեղից դուրս եկա եզրափակիչ:

Եգիպտոսում խաղարկվում էր 4 ուղեգիր առաջին 4 տեղերը զբաղեցրած մասնակիցների համար, բայց դու 5-րդն էիր: Ինչպե՞ս ստացվեց:

Գիտեինք, որ 4 ուղեգիր է խաղարվում: Անկեղծ կլինեմ՝ նույնիսկ եզրափակիչ մտնելն արդեն մեծ արդյունք էր ինձ համար, քանի որ առաջին անգամ էի աշխարհի առաջնությանը մասնակցում եւ արդյունքս էլ շատ բարձր էր՝ ավելին քան մարզումներին էի կրակում, քան մյուս մրցաշարերում եմ ցույց տվել: Մրցաշարում ուղեգրի մասին չէի մտածում: Եթե մտածես՝ կվերցնես ուղեգիր, թե ոչ, արդյունք ցույց չես տա: Այդ ժամանակ ես միայն մտածում էի՝ այնպես անել, որ արդյունքս գերազանցեմ:

Իմ ուղեգիր նվաճելն անակնկալ էր նաեւ ինձ համար: Տեսագրության մեջ էլ երեւում է, թե ես ինչպես եմ զարմացել:Եզրափակիչում զբաղեցրի 5-րդ տեղը ու արդեն մտածում էի, որ միայն արդյունքս եմ բարելավել, ուղեգիր չեմ նվաճել: Մրցելույթս ավարտելուց հետո սպասում էի, որ անունս հայտարարեն եւ դուրս գամ դահլիճից: Անունս հայտարարելուց հետո շնորհավորում են ինձ օլիմպիական ուղեգիր նվաճելու կապակցությամբ: Այդ պահին պետք է դուրս գամ, զարմանքից կանգնած եմ մնացել: Մտածում եմ՝ գուցե սխալվել են, ինչ-որ բան խառնել են, ես 5-րդն եմ: Պարզվեց՝ մի երկրից միայն մեկ մասնակից կարող է ուղեգիր նվաճել, իսկ ինձանից վերեւ երկու չինացի կար: Նրանցից մեկը դարձավ աշխարհի չեմպիոն, մյուսը՝ 4-րդն էր:

Հայաստանի առաջին օլիմպիականն ես Փարիզ-2024-ում: Ի՞նչ զգացողություններ ունես:

Իսկապես շատ անսպասելի ստացվեց: Եթե հիշում եք՝ Տոկիո-2020-ում ամենավերջինն էի համալրել մեր հավաքականը, այս անգամ՝ առաջինը: Ի դեպ՝ այս աշխարհի առաջնությունն առաջին վարկանիշայինն էր Փարիզի համար: Դրանից առաջ ուղեգիր չէր խաղարկվել: Շոկային էր ինձ համար: Մինչեւ հիմա չեմ հավատում: Անընդհատ հիշում եմ եւ նորից ուրախանում: Ոչինչ հենց այնպես չի լինում: Նախորդ անգամ վարկանիշով նվաճեցի եւ դա իր արդյունքը տվեց: Նաեւ Օլիմպիական խաղերում իմ առաջին մասնակցությունը նպաստեց, որ այստեղ առաջին մրցաշարով վերցրի ուղեգիրը:

Վերհիշելով Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ի՞նչ տվեց քեզ մասնակցությունը եւ ի՞նչը նպաստեց մայրանալուց հետո պայքարը շարունակելուն:

Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո հասկացա, որ այնտեղ ես չարեցի այն, ինչ կարող էի: Ես այնտեղ չկարողացա մեդալ նվաճել, բայց պատրաստ էի: Այդ անհաջողությունն ինձ դրդեց, որ վերադառնամ՝ օլիմպիական մեդալ նվաճելու նպատակով: Չեմ ցանկանում հայկական սպորտի պատմության մեջ մնալ միայն Օլիմպիական խաղերի մասնակից, այլ մեդալակիր: Անհաջող մրցելույթի օրվանից վստահ էի, որ ես նվաճելու եմ հաջորդ Խաղերի ուղեգիրը եւ մասնակցելու եմ Փարիզ-2024-ին, ուղղակի չէի պատկերացնում, որ այսքան շուտ կլինի:

Ինչպե՞ս ես համատեղում մայրությունը սպորտի հետ:

Մարզումներս շատ տարօրինակ են անցնում եւ միեւնույն ժամանակ հետաքրքիր: Եթե նախկինում երկու-երեք ժամ մարզվում եւ  դուրս էի գալիս հրաձգարանից, այժմ ամբողջ օրս է այնտեղ անցնում բալիկի հետ: Ամեն ինչ անում եմ հրաձգարանում՝ քնացնել, կերակրել, զբաղվել իրենով: Ամեն ինչ խառնվում է իրար եւ տուն ենք վերադառնում օրվա ավարտին: Ինձ շատ են օգնում ֆեդերացիայից, մեր տատիկները, նաեւ ամուսինս, ինչի համար շնորհակալ եմ բոլորին:

Ի՞նչ արձագանքներ ստացար ընտանիքի անդամներից, ֆեդերացիայից, հավաքականից ուղեգիր նվաճելուց հետո:

Բոլորը շատ ուրախ էին, ոգեւորված: Շատ եմ սիրում մեր ֆեդերացիան: Նախագահ Արթուր Հովհաննիսյանը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանում հրաձգությունը զարգացնելու համար: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը այնքան մեծ աշխատանք են կատարում, որ մենք՝ մարզիկներս, ուզում ենք լավ մարզվել, բարձր տեղեր նվաճել, որպեսզի իրենք իրենց աշխատանքի արդյունքները տեսնեն: Ես էլ էի ուրախացել, որ նրանց ջանքերն իզուր չեն: Մենք քայլ առ քայլ մոտենում ենք մեր նպատակին: 

Եվ ո՞րն է այդ նպատակը:

Նպատակը Օլիմպիական խաղերին ուղղակի մասնակցելը չէ, այլ ավելին: Հավատում եմ, որ ինձ մոտ ստացվելու է: Եթե չհավատայի, չէի շարունակի մարզվել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով